USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անցած «Վերջին զանգերի» հիշողություններով...
2017-05-25 09:41:00
Տպել Տպել

Ուսումնական տարին միշտ էլ ավարտվում է «Վերջին զանգի» տոնական օրվա տրամադրությամբ, միջոցառում, որ գեղեցիկ խորհուրդ ունի իր ներսում` թախծի և ուրախության միախառն զգացողությամբ: Ամենից շատ ծանրաբեռնվածություն այդ օրերին դասղեկների մոտ է առկա, որ ամենայն նվիրվածությամբ ավարտական դասարաններում ձգտում են հավուր պատշաճի կազմակերպել այդ հանդիսավոր միջոցառումը: Պակաս անհանգիստ չեն ծնողները, ովքեր մտահոգված են նաև իրենց երեխաների նյութականի ապահովմամբ, առավելապես` տվյալ դեպքում կարևորվում է շրջանավարտների արտաքին տեսքը, որ բոլորի ուշադրության կենտրոնում է լինում:
Մարտակերտ սահմանամերձ բնակավայրում «Վերջին զանգը» ամեն տարի փոխում է իր երանգները: Այն մեր ապրելակերպն է ուրվագծում, մեր անցած ու ներկա տրամադրությունը, որ տեսանելի է դառնում շրջանավարտների կեցվածքի և նրանց շուրջը ձևավորված արտաքին ներկապնակի գույների փոփոխությամբ:

2015-ի «Վերջին զանգի» հիշողություններով` այդ հանդիսավոր օրվա նկարներին եմ նայում: Ուրախ տրամադրություն կար այնտեղ, եռագույնի խորհուրդ, որ երփներանգվում էր շրջանավարտների շուրջբոլորը, ճերմակ աղավնիների սլացք կար, կապույտ երկնակամար փոքրիկների զուգապարում: Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին ուղղված խոսք կար, նոր օրերի վառ երազանքներ...
2016-ի «Վերջին զանգը» յուրովի տարբերվում էր նախորդներից: Մթագնած էր երկնակամարը, երբ ոչ հեռավոր ապրիլյան պատերազմն իր դրոշմն էր դրել ամենուր, որ զգացվեց բոլորիս հոգում, անգամ շրջանավարտների կեցվածքի վրա: Պատերազմի հետքերն իր վրա կրած կրթօջախի կամարների տակ սգավոր մի սերունդ էր հրաժեշտի խոսք ասում դպրոցին և ուսուցիչներին: Նոր օրերի կորուստները թարմ էին, խոսքերը` արցունքախառն: Լռված զանգը հնչում էր թախծագին` ազդարարելով ապրելու կամքը մեր, որ երբեմն դառնում էր ըմբոստություն` հայատյաց թշնամու բարբարոսության դեմ: Պատերազմ տեսած սերունդն էր վերադարձել` նոր ուժ ստացած սահմանապահ զինվորի հերոսությունից, որ «ո՛չ» էր ասում պատերազմին, և շրջանավարտի «Կա՛նգ առ, պատերա՛զմ» երգը պիտի դառնար մի նոր կոչ ու իր թևերը փռեր ամենուր, որ ազդարարում էր հայկական հողի վրա խաղաղ ապրելու սերնդի հզոր ոգին:
Արդեն ժամեր են մնացել 2017-ի «Վերջին զանգին»: Այս հարաբերական խաղաղ օրերին, երբ ամեն օր սահմանամերձ բնակավայրում վտանգն առկա է, մեր շրջանավարտների հրաժեշտի խոսքերում հպարտությամբ տոգորված զգացմունքների արթնացում կլինի, մարդասիրական ձգտումների բոլորանվեր արարում` նահատակների հիշատակի խոնարհումով, հայրենի հողի զորությամբ:
Նատաշա Պողոսյան

 

Այս նյութը դիտել են - 35047 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook