USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աշակերտի հետ պետք է պահել «ոսկե միջինը»
2017-05-22 11:51:00
Տպել Տպել


Չգիտեմ` առայսօր ինձ որքանով է հաջողվել այս տարածքում ներկայացնել մեր դպրոցն ու այնտեղ սովորող աշակերտներին, բայց միշտ էլ զերծ եմ մնացել թերությունների վերհանումից, որ ամենուր էլ առկա են, և որոնց երբեմն մենք էլ առնչվում ենք: Նպատակ չեմ ունեցել ներկայացնելու իդեալական ուսուցչի կամ դպրոցականի կերպար, բայց փորձել եմ իմ գրառումներում կերտած իրական կերպարներով տեսնել յուրաքանչյուրի մոտ լույսի այն շողը, որը կարող էր ավելի մեծանալ ու նոր տարածքներ ընդգրկել:
Ուսումնական տարվա ավարտին մի քանի օր է մնացել: Ամեն անգամ այս օրերին մի հետադարձ հայացք եմ ձգում, և անցած դեպքերի ու դեմքերի խառնուրդում նոր կերպարներ եմ հայտնաբերում, որով հանրագումարի եմ բերում նաև այն թերությունները, որ առկա են եղել ուսումնական գործընթացում: Այդ ճանապարհին վերստին հաստատում եմ մանկավարժի աշխատանքի դժվարությունները, որ երբեմն հասկացվում են շրջապատի կողմից, երբեմն` անտեսվում:
Իմ մանկավարժական գործունեության տարիներին միշտ էլ թևավորել եմ, առաջ մղել, լուսավոր կետից նայել իմ առջև նստած աշակերտներին, բայց չէի ասի, որ միշտ էլ հարթ է եղել այդ ճանապարհը: Անցած ուղիս արտացոլվում է նաև դարուփոսերի հաղթահարումով, որ ձգտել եմ հասկացված լինել, երբեմն նույնիսկ աչք փակել մեր առջև նստած աշակերտների թույլ տված բացթողումների վրա: Ամեն տարի համոզվում եմ, որ ավելի է դժվարանում մանկավարժի աշխատանքը, երբ այսօրվա գիտակից սերունդը ենթադրում է երբեմն, որ ինքը հասուն է այնքան, որ կարող է ամեն անգամ հակադարձել ուսուցչին:
Ինձ համար նորություն չի դառնում, երբ լսում եմ, թե ինչու են ընդհանրապես արձակուրդի օրերին որևէ տնային հանձնարարություն առաջարկում: Այլևս չեմ զարմանում, երբ դպրոցականն ամբողջ ուստարին գիրք չի բացում, բայց սպասում է ուսուցչի բարյացակամ վերաբերմունքին` մի նվազագույն գնահատական ստանալու համար, նույնիսկ երբեմն համոզված է, որ ուսուցիչն ուզի թե չուզի դրական կնշանակի, այլապես նա չի ցանկանա «վատի» պիտակն իր վրա վերցնի: Երբեմն ուսուցիչը վատամարդ է դառնում, թե ինչու նկատեց, որ աշակերտը գրագողությամբ է զբաղվում: Անտարբերությունն էլ չարիք է, երբ դպրոցականի համար նշանակություն չունի, թե իրեն ինչ են գնահատում:
Առավել անտանելին մեծամտությունն է, երբ դպրոցականին թև ենք տալիս, մեծարում, բայց հաստատված մտերմական հարաբերությունների արդյունքում նա դառնում է ինքնահավան ու եսապաշտ, երբեմն այնքան է չարաշահվում այդ փոխադարձ հարգանքը, որ թվում է` այն պետք է տարածվի անգամ գնատականների վրա: Մեր շրջապատում էլ երբեմն լինում է, որ դպրոցականը արհամարհանքով նմանակում է ուսուցչի խոսքը, երբեմն դեռահասը չի ցանկանում, որ ծնողը տեղյակ լինի իր անկարգությանը, և հանկարծ «մեղադրյալի աթոռին» հայտնվում է դասավանդող ուսուցիչը կամ դասղեկը, որ տեղեկացրել է: Ինչու՞ չէ, երբեմն պատահում է նաև, որ ծնողը, եթե «պետք է ուսուցչին», ապա թող վերջինս գնա նրա հետ տեսակցության, ինչու՞ պիտի ծնողը ներկայանա:

Ուսուցիչներն էլ տարբեր են` դեռահասների հետ ունեցած հարաբերությամբ: Տարիների իմ փորձը ցույց է տվել, որ պետք կանգնել «ոսկե միջինի» վրա, որպեսզի աշակերտների նկատմամբ ունեցած նորմալ հարաբերությունները չչարաշահվեն նրանց կողմից, այլապես, երբ կորցնում ենք այդ միջինը, կորցնում ենք ինքներս մեզ:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 32634 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook