USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուզում եմ մտքիս թռիչքն ու իղձերն իրականանան
2017-05-17 11:51:00
Տպել Տպել

7-րդ ա դասարանում հայոց լեզվի տնային հանձնարարությունը, որ նախատեսված էր շարադրություն գրել «Իմ կախարդական վրձինը» վերնագրով, աշակերտների մոտ տարակարծությունների տեղիք տվեցին, թե անհասկանալի է, չեն կողմնորոշվում` ինչ պիտի գրեն: Որոշ բացատրական աշխատանք տարվելուց հետո հաջորդ դասաժամին, իրար հերթ չտալով, րոպե առաջ ցանկանում էին ընթերցել իրենց շարադրանքը: Ուշադրությանս արժանացան Մանե Հակոբյանի գրած տողերը:
Նա համեստության տիպար է, դպրոցականին հարիր իր օրինակելի կարգապահական կեցվածքով ու դասարանում ունեցած ակտիվ ու ազնիվ կենսադիրքով: Մեկ տարի առաջ էր Հայաստանի Արարատ քաղաքի դպրոցից տեղափոխվել մեզ մոտ` Մարտակերտ, դասարանցիների հետ հասցրել է մտերմանալ, նույնպիսի զգացողությամբ հարազատացել Արցախին, որն էլ նկատելի էր նրա շարադրության մեջ:
«Սպիտակ թուղթ, գույներ, վրձին ու լռություն...Որքա~ն ասելիք ունեմ այս առարկաների միջոցով արտահայտելու, որքա~ն երազանքներ... Այս պահին վրձինը ձեռքիս է, սակայն երանի~ այն կախարդական լիներ ու իմ մտքի թռիչքն ու իղձերն իրականացներ:
Նկարում եմ դեղին գույնով արև շողուն, որ միշտ ժպտա ու շողշողա և ջերմացնի մեր քաջարի զինվորներին, ովքեր, արթուն խրամատներում, իմ երկիրն են պաշտպանում: Կանաչ գույնով իմ վրձինը կնկարի կանաչազարդ իմ Արցախը, որի նման վառ բնություն, կանաչ սարեր, ծիլ ու ծաղիկ չկա ուրիշ ոչ մի երկրում: Կնկարեմ կանաչ սարեր ու անկյունում` թղթի վրա, կնկարեմ մի նռնենի: Կվերցնեմ կարմիր ներկը, ծառի վրա կնկարեմ իմ Արցախի խորհրդանիշ կարմիր նուռը, որ հասել է ու ճաք տվել քաղցրությունից: Կանաչապատ արտում բազում կակաչների բոսոր փնջեր կնկարեմ, որ սիրո կրակի պես մեր մայրերի մթնած սրտում լույսի անմար ճրագ վառեն, որ ոչ մի մայր լաց չլինի, փոխարենը` զավակների վերադարձից ուրախության ծափեր հնչեն, երգ ու պարը թնդան ամեն դռնից:
Մոխրագույնով կնկարեմ այս բացատում մի մեծ կամուրջ, որ երբևէ այս աշխարհում թշնամիներ էլ չլինեն, այլ կամրջին իմ նկարած շա~տ-շատ ազգեր ձեռք ձեռքի տան ու բարեկամ լինեն միմյանց: Վարդագույնով կնկարեմ տուֆից մի շենք, որտեղ լքված մանուկներն ու շատ ծերեր հարազատի կհանդիպեն ու կգրկեն նրանք իրար ուրախության արցունքներով: Կնկարեմ իմ մայրիկին ու հայրիկին և մի քույրիկ կամ եղբայրիկ, որ ես մենակ չմեծանամ: Կվերցնեմ սպիտակ գույնը ու կջնջեմ երկրիս վրա սևով գրված չարաբաստիկ այն «մահ» բառը և մանկատունն ու ծերանոցը...
Այս ի՞նչ էր...Արևս տխրեց: Արևիս շուրթերը պիտի կարմիր ներկեմ, կողքին` մի լայն ժպիտ, որ արևոտ իմ Արցախն ապրի առանց այդ բառերի և իմ վրձնով կախարդական անկախ դառնա իմ երկիրը...»:
Նա կարդաց շատ հանգիստ, հատ-հատ, բառերի հանդարտ հնչողությամբ ու անսպասելի նկատեցի, որ աչքերն արցունքոտվել են: Հարցնում եմ հուզվելու պատճառը, իսկ նա իր թախծոտ դեմքին հայտնված անմեղ ու մաքուր ժպիտով է ինձ արձագանքում և շուտով իր շարադրանքին ավելացնում է տողեր. «Ճիշտն ասած, չգիտեմ` որ պահից հուզվեցի, երևի քույրիկ կամ եղբայր ցանկանալուց. դրանք ուրախության արցունքներ էին: Արդեն մեկ տարի է, ինչ այստեղ եմ, չեմ էլ հասկանում` ինչպես անցավ ժամանակը, դա նրանից է, որ ինձ լավ եմ զգում Արցախում և հայրենիքիս խաղաղությունն եմ ուզում»:
Քույրիկ կամ եղբայր ունենալու նրա խանդաղատագին զգացումին միահյուսվում է այն մեծ մարդասիրական ձգտումը, որ բոլորիս երազանքն է: Վերջացնում եմ տպագիր շարվածքը, մտորումներիս մեջ իմ աշակերտուհին է` իր անձնական ու անանձնական ցանկություններով...Երանի~ թե իրականություն դառնային նրա բոլոր անբիծ ու մաքուր երազանքները, որ անսովոր ու պայծառ թախիծով են պատված:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 36120 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook