USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պատերազմ տեսած հայուհու աչքերով...
2017-05-14 09:44:00
Տպել Տպել

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի աշակերտուհի Լադա Արզումանյանի ստեղծագործական շարադրությունը, որ ԼՂ հանրապետական մրցույթում 2-րդ մրցանակային տեղ էր զբաղեցրել, ապրիլյան պատերազմի ականատեսի շարադրանք է: Դա նոր սերնդի համար հասունանալու, արթնացման շրջան էր, որ գիտակցեց հայրենիքը պաշտպանելու իր դերակատարության մասին, հասկացավ խաղաղության գինը ու իրեն տեսավ զինվորագրված հող հայրենիին: (Շարադրությունը` «Ես զինվորն եմ հայոց բանակի», տեղադրվում է որոշ կրճատումներով):
Հույսի՛ ու լույսի՛ ոստան, իմ Արցա՛խ աշխարհ, մեր ջանքերի լուսաղբյու~ր շտեմարան, խորհրդածում ենք` մենք ու դու, մենք` ռանչպարի վար ու մաճով, դու` պայքարի ու ցասման մեծ արթնությամբ: Մենք` ընդամենը կեցող, դու` մեզ շեն պահող: Քեզ հետ հառնում է հողիդ ուժը և հարուցանում հայի այն միտքը, որ ուրիշ տեղ հնարավոր չէ երկնել, ուրիշի մեջ հնարավոր չէ գտնել քեզ: Սրտիս ամեն մի կապանքով կապված եմ, սոսնձված ու միախառնված քեզ: Ուրիշ տեղ... Ի՞նչ տեղ: Ինչո՞ւ: Ինչպե՞ս... Ո՛չ, դու ես եղել, կաս ու կլինես իմ երկիրը:
...Ապրիլյան այդ գիշերը խաղաղասեր իմ ազգի գլխին դարձյալ արյունոտ ամպրոպի պես պայթեց պատերազմը: Չէի մտածում երբևէ, որ կարող էի պատերազմ տեսնել, որ քաղաքս կարող էր փոթորկվել պատերազմի ալիքներից: Իմ երկրի ամեն մի ճիչը վրեժի ծարավ, ցասում ու կանչ դարձավ, ամեն մի առավոտը դարձավ պատարագ: Սիրտս զարկում էր ավելի բարձր ու հստակ, ցանկանում էի գնալ պատերազմի դաշտ, զենք վերցնել ու կանգնել եղբայրներիս կողքին, բայց այդ օրերին կարող էի միայն աղոթել: Աղոթում էի Աստծուն, որ պահապան լինի մեր զինվորներին, բայց հասկանում էի, որ պատերազմը չէր կարող լինել առանց կորուստների, և, նայելով երկնքին, խոսքեր էի մտմտում. «Քո կերտած աշխարհն է վտանգված, Տե՛ր, ճանաչի՛ր չարերին աշխարհում, իմ ազգը վառում է փարոսներ, իսկ չարը լույսերն է քո մարում»:
Այդ գեղեցիկ առավոտը միանգամից մթնշաղվեց: Նորից տնքաց այրված ու անմեղ արյունով ողողված հողս ու ծնեց հերոսներ: Իմ սահմանամերձ քաղաքը կարծես դարձել էր խրամատ, որի մեջ հավաքված բոլոր սահմանապահ զինվորները ամեն կերպ փորձում էին պաշտպանել իրենց հողը, չէին ուզում լքել այն: Ես լսում էի արկերի պայթյունը: Եվ ամեն մի պայթյունի հետ տեսնում էի, թե ինչպես էին ավերակների վերածվում ու ամայանում քաղաքիս փողոցներն ու տները: Անձրևում էր սիրտս, կարծես հոգումս ամպեր էին կիտվել ու ամեն մի սրտիս զարկի հետ կաթիլ առ կաթիլ իջնում էին անձրևները սրտիս, ու խոնավացել էր սիրտս ամեն մի արցունքի ճչից, ամեն մի լռած խոսքից, ու ցավում էր սիրտս:
Ես ցանկանում էի զենք վերցնել ու կանգնել զինվորի կողքին: Ցանկանում էի իմ մի կրակոցով լռեցնել պայթող ականների ձայնը...
Այսօր էլ ես տառապում եմ հայրենիքիս տառապանքով, ուրախանում ու հպարտանում նրա զավակների սխրանքներով: Ապրելով սահմանին այսքան մոտ բնակավայրում` ես միշտ նրա հետ եմ, մեզ հարազատ դարձած զինվորի կողքին և ապրում եմ նահատակների հիշողությամբ:
Ես ամեն օր զրուցում եմ նրանց հետ և երբեմն ցավ, հոգու դատարկություն եմ զգում: Փնտրում եմ բառեր, որոնք հնարավորինս լավ կարտահայտեն այն, ինչ զգում եմ հիմա, բայց գոյություն չունեն նման բառեր, դրանք լոկ տառերի կույտ են և ի զորու չեն փոխանցելու կարոտով պարուրված իմ հպարտությունը, որ փորձում եմ ուղղել զինվորին:
«Ուզում եմ թռչել տիեզերքի աստղազարդ երկնակամարով ու հանդիպել քեզ, իմ հերո՛ս զինվոր: Դու կյանքդ զոհեցիր մեզ համար ու դարձար անմահ: Ես տեսնում եմ քեզ ամեն օր, ամեն ժամ: Քեզ փորձում եմ փնտրել մարդկանց մեջ, փորձում եմ տեսնել քո հայացքը, աչքերը, ես լսում եմ այն երգերը, որոնք դու երգել ես: Քայլերիդ ձայնից արթնանում են սարերը, ժպիտդ արևի պես ջերմացնում է ինձ: Քո արյունը մեր լեռների ալ կակաչներն են, երկնքի կապույտը՝ քո խաղաղ ոգին, դաշտերում արևի տակ շողշողացող քաղցրահամ բերքը հորովելիդ օրորն է, երկնքից թափվող աստղերը՝ քո մեծ պատրանքը: Երկնքում ճախրող աղավնին դու ես, քո սերն է, կիսատ մնացած երազանքներդ: Դու ցույց տվեցիր աշխարհին, թե ինչպես պիտի ապրել ու ինչպես պիտի անմահանալ:
Հոգումս կաթիլ առ կաթիլ կուտակվող դառնությունն ատելություն է դառնում: Ատելություն` թշնամու հանդեպ, որ բերանը բաց սպասում է, որպեսզի խժռի մեզ: Բայց ես հավատում եմ, հավատում եմ քո բազկի ուժին, զինվո՛ր, հավատում եմ, որովհետև հավատն է մեզ ուժ տալիս: Քո շնորհիվ ես հանգիստ գլուխս բարձին եմ դնում` իմանալով, որ դու այդտեղ կանգնած ես: Ամեն գիշեր նայելով երկնքին` աղոթում եմ քո կյանքի համար, իսկ ամեն առավոտ արթնանալով` նայում եմ պատուհանից... Երբ պարզ է երկինքը, հասկանում եմ, որ դա միայն քո շնորհիվ է: Դու իսկական հերոս ես, ազգի ցավն ու նահատակվածների հերոսական ոգին ունես քո սրտում, մեր հավատն ու օրհնանքը՝ քո ճանապարհին: Բոլորս պատմում ենք, խոսում քո մասին, նկարագրում քեզ, գովեստի շատ ու շատ խոսքեր ասում, բայց բառերն այնքա~ն խղճուկ են, այնքա~ն նսեմ: Մեր շնչով, ծիծաղով, խոսքով ու կյանքով ենք քեզ պարտական, իմ զինվո՛ր եղբայր: Հայրենիքիս կյանքը, անուշ երազներով քունը, մեր լեզուն, ազգիս հարատևելը քո ձեռքերում է, քո ափերի մեջ:

Պատերազմ տեսած հայուհու աչքերով այսուհետ ուզում եմ խաղաղություն տեսնել թե՛ քո հոգում, թե՛ մեր հայրենիքում, պաշտպանի՛ր մեզ, որ հայոց յուրաքանչյուր բացվող օրվա համար խաղաղ լուսաբացներ լինեն ու կապույտ երկինք»: (Արզումանյան Լադա):

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 27397 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook