USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արցախի երեխաները խաղաղ ու անհոգ կյանք են ուզում
2017-05-10 11:03:00
Տպել Տպել

Հաղթական Եռատոնի միջոցառումները շարունակվեցին` Մայիսի 9-ին Մարտակերտի հուշահամալիր այցելելով, հաղթական դրոշների ծածանումով, նաև` ծաղիկների խոնարհումով` նահատակների հիշատակին: Այդ հաղթական օրվան միշտ ուղեկցում են թախծախառն ապրումները, որ բոլորիս նորից հիշեցնում են այն անցած պատերազմների դառնակսկիծ օրերը:
Մշակույթի տանը կազմակերպված տոնական համերգը նոր շուք հաղորդեց Եռատոնին նվիրված միջոցառումների շարքին, որտեղ պատերազմական օրերի հիշատակ կար, երգ ու պար, հայրենասիրական ոգեշունչ խոսք ու մանկական մի հրաշալի աշխարհ, որ իրենց կամքով, համերգային ծրագրից դուրս, մեկընդմեջ բեմ էին բարձրանում և իրենց անկեղծ ու մաքուր մղումներով աշխարհին պարզում նոր կյանքի պատգամը, որ սեր է դառնում, ազնիվ արարում, խաղաղության երազանք:
Ուշադրությունս այն փոքրիկ աղջնակին էր ուղղված, որ հանկարծակի բեմ բարձրացավ, նրա հետևից մի քանիսը, ապա ավելացան նորերը, ու բեմը լցվեցին երեխաներով, ովքեր թռչկոտում էին, ուրախ պարում` երգի ելևէջներին համահունչ: Երգողները երբեմն չէին երևում, մի մանկական աշխարհ սավառնում էր, կարծես խաղաղության աղավնիներ էին թևածում` իրենց ճախրանքով խաղաղ կյանքի պատգամը հղելով աշխարհին: Նախադեպը չունեցող երևույթ էր, որ այս փոքրիկները կարող էին նախաձեռնությունն իրենցը դարձնել ու համույթի ծրագրային համերգը գունազարդել իրենց պարային գեղեցիկ շարժումներով:

Իսկ մայիսի 10-ին Մարտակերտի կենտրոնական գրադարանում եմ` իմ դասղեկական 7-րդ ա դասարանի աշակերտների հետ: Նախատեսված գրական-երաժշտական ցերեկույթը, որ կազմակերպել էր գրադարանի տնօրեն Իրա Բաղրյանը, կարելի է համարել այն նախորդ տոնական օրվա տրամադրությունների շարունակություն, որ այստեղ էլ իրար կողք էր համախմբել Արցախյան ազատամարտի վետերանների, դպրոցականների, տարբեր կառույցների ներկայացուցիչների:
Երբեմն հոգեկան ներսուզումների պահեր են լինում, մի ներքին ընդվզում իրեն զգացնել է տալիս, որ այս հաղթանակը միայն բերկրալից պահերի արձագանք չէ, այլ բազում երիտասարդ կյանքերի զոհաբերման ճանապարհ, որտեղ ապրելու բուռն ցանկություն կար, զգացումների արթնացման ներշնչանք, անհամար երազանքներ ու անկատար մնացած իմաստավորված կյանքեր:
Իմ կողքին նստած կինն անհայտ կորած ազատամարտիկի մայր է, նրա տարիների կյանքը մի անհագուրդ սպասում է որդու վերադարձին, որ թախանձագին հայացքը հառել է Աստծուն ու սպասել...Ես նայում եմ նրան, ում դեմքին լույս է ճառագում, երբ նախադպրոցական տարիքի փոքրիկ զինվորական բալիկներն են հայրենիքի սիրո երգը բարձրաձայնում: Եվ այդ երգը դառնում է հավերժության կոչ ու կյանքի շարունակականություն, լուսավոր ու խաղաղ կյանքի անրջանք, որ ցավն անգամ դարձնում է կենսակերպ տառապանքի վեհության մեջ, որ հնչում է ամենուր` որպես հոգու արթնացման կանչ:
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շարքն ավարտվում է, իսկ ես փնտրտուքների մեջ եմ...Ո՞վ էր այն փոքրիկը, Արցախի այս սիրուն դստրիկը, որ իր հետ բեմ տարավ մի ամբողջ մաքուր ու անաղարտ աշխարհ, որ երգի հնչյունների ներքո իրենց հայկական խրոխտ պարերով հնչեցրին ամենուր, որ իրենք խաղաղ կյանք են ուզում և ունեն անհոգ ապրելու անսասան հավատ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 12374 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook