USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ցերեկույթ` նվիրված Մայիսյան եռատոնին
2017-05-06 18:22:00
Տպել Տպել

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Մայիսյան եռատոնին: N պաշտպանական շրջանի օպերատիվ բաժնի պետ Արթուր Ավագիմյանի և դասակի հրամանատար Վահե Մուշեղյանի կողմից անցկացված արիության դասը` 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտների հետ, նպատակաուղղված էր նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, իսկ դպրոցի դահլիճում կազմակերպված գրական- երաժշտական ցերեկույթը դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ Կարինե Բալասանյանի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Անժելա Պետրոսյանի ջանքերի արդյունքն էր, որ իրար կողք էր հավաքել տարբեր դասարանների աշակերտների, ուսուցիչների, և ներկա էին հյուրեր:
10-րդ դասարանի աշակերտ Գոռ Ավագիմյանի ելույթն ապագա հայրենյաց պաշտպանի սրտի խոսք էր, անցած հաղթական պատերազմների հիշողության արթնացում, նահատակների հիշատակին հարգանքի տուրք` մեկ րոպե հոտնկայս լռությամբ: 12-րդ դասարանի աշակերտուհի Գրետա Խաչատրյանի կատարմամբ հայրենասիրական երգերը` նրա թախծանուշ ձայնի հոգեպարար ելևէջներով, տարածվեցին ամբողջ դահլիճում: Միջոցառմանը մի նոր շունչ հաղորդեցին իրենց ասմունքով մեկընդմեջ բեմ բարձրացող յոթերորդցիները` Անի Մկրտչյանը, Նարեկ Բաղրյանը, Մալենա Մուսայելյանը, իսկ Մերի Հովհաննիսյանի արտահայտիչ խոսքը հնչեց որպես մարդկությանն ուղղված խաղաղության կոչ, որ ո՛չ էր ասում պատերազմին. «Չքվի՛ր, պատերա՛զմ` աղե՛տ աշխարհի, Եվ մի՛ սևացրու մայրական սրտեր, Թե՞ կուզես ողբա ազգը տառապյալ Եվ ճչա մանկան լեզվով անհստակ…»:
Գերտրուդա և Լիլիանա Բեգլարյան քույրերի համատեղ երգերը` իրենց թախծագորով շնչով, քար լռությամբ ընդունվեցին հանդիսատեսի կողմից, զինվորական համազգեստով փոքրիկի` 4-րդ դասարանում սովորող Ավետ Եղիազարյանի հայրենասիրական երգը ժպիտով ու հպարտությամբ ընկալվեց, 10-րդ դասարանցի Նաիրի Ջհանգիրյանի հայրենյաց երգը` խրոխտ հնչեղությամբ, նոր շունչ հաղորդեց շրջապատին: 6-րդ դասարանում սովորող «դհոլչիներ» Արսեն Սևոյանի ու Նորայր Միրզոյանի ելույթը ոգեկոչման մի հրաշալի արարողության էր նման, որ թափ էր առնում նրանց մատների համաչափ զարկերից: Գրական-երաժշտական ցերեկույթին առանձնակի փայլ տվեցին զինվորական աղջիկների պարերը` որպես նոր սերնդի ազատատենչ ոգու կանչ` համեմված ցերեկույթի մասնակիցների բուռն ծափահարությամբ:
Միջոցառման եզրափակիչ մասն առարկայական օլիմպիադաներում հաջողություններ գրանցած դպրոցականների ու նրանց ուսուցիչների պարգևատրությունն էր պատվոգրերով, որ ներկայացրեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Է. Աղասյանը: Արցախի ԿԳ նախարար Ս. Ասրյանի կողմից պարգևատրվել էին երկու աշակերտուհի և նրանց դասավանդող աշխարհագրության ուսուցչուհի Ն. Գասիյանը: Վերջին օրերին այդ աշակերտները մասնակցել էին ՀՀ օլիմպիադայի եզրափակիչ փուլին, վերադարձել պատվոգրերով և վկայականներով: Մարտակերտի կրթության բաժնի վարիչ Ժ. Դավթյանի կողմից պատվոգրերի էին արժանացել քսանմեկ աշակերտուհի, տասնմեկ ուսուցիչ` նրանց աշակերտներն օլիմպիադայի շրջանային փուլում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:
Մայիսյան եռատոնի այս բարձր տրամադրության արտահայտությունն էր շարադրությունների հանրապետական մրցույթում դպրոցի չորս աշակերտուհիների հաղթանակը, որ շուտով նրանց դասավանդող ուսուցչուհիներ Ն. Պողոսյանի և Վ. Իսրայելյանի հետ կամրագրվի Արցախի ՊԲ և ԿԳ նախարարների կողմից պարգևատրությամբ:
Հաղթական եռատոնի մեր միջոցառումների շարքը կհամալրվի Մայիսի 9-ին` Մարտակերտի «Փա~ռք ազատամարտիկներին» հուշահամալիր բոլորիս այցելությամբ, նահատակների հիշատակին ծաղիկների խոնարհումով:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 10890 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook