USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նոր սերնդի արձագանքը դպրոցների կամ դասարանների անվանակոչման մասին
2017-04-25 10:13:00
Տպել Տպել

Խոստմանս համաձայն` այս հարցը քննարկեցի նաև իմ դասավանդելիք դասարաններում, թե որքանո՞վ է ճիշտ, երբ դպրոցները կամ դասարանները կոչվում են ազգային հերոսների անուններով: Սահմանամերձ բնակավայր Մարտակերտում ապրող սերնդի համար նույնիսկ զարմանալի էր, որ այսպիսի հարցը կարող է տարակարծությունների առիթ տալ: Տարբեր դասարաններում միաբերան հաստատում են, որ դա գնահատանք է նահատակների հիշատակին, իսկ ես 12-րդ դասարանում ցանկանում եմ լսել նրանց առանձին-առանձին:
«Ի՞նչ, ուզում են, որ մեր հերոսների անունները մնան միայն գերեզմանաքարերի՞ վրա, այդ դեպքում ո՞վ պիտի նրանց հիշի իրենց հարազատներից բացի: Սերունդը ինչպե՞ս պիտի ճանաչի այդ նվիրյալներին…Պարզագույն մի օրինակ: Հորեղբայրս` Օնիկ Անդրյանը, Արցախյան ազատամարտի զոհերից է: Նա մինչև վերջին շունչը երկու ոտքով կանգնած է եղել իր հայրենիքի համար մղվող պայքարում: Ես ինքս առաջարկեցի` մեր դասարանը կոչել նրա անունով, իսկ մինչ այդ նրա մասին ոչ ոք տեղյակ չէր: Հիմա առանձնակի ուշադրության են արժանանում նրա ծննդյան և զոհված օրերը: Այսպես ենք մենք ճանաչել տալիս մեր հերոսներին» /Անդրյան Անգելինա/:
«Ես կասեմ ավելին…Յուրաքանչյուր դպրոցական պետք է իմանա մերօրյա հերոսների մասին: Կարծում եմ` կդադարենք գոյություն ունենալուց, եթե մոռանանք նրանց հիշատակը: Եթե անգամ խորհրդային տարիներից եկած վատ սովորություն են համարում անվանակոչումը, ապա ես կողմնակից եմ այդ «վատ» սովորության պահպանմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը» /Բաղրյան Իննա/:
«Դպրոցների և դասարանների անվանակոչումը լիովին արդարացված է, դա հարգանքի, ազգապահպանության ու հայրենասիրության դրսևորում է: Մեր ամեն մի խաղաղ օրվա համար այդ հերոսներին ենք պարտական: Չեմ հասկանում. դա հասուն, գիտակից մարդու մտածելակե՞րպ է, երբ հակառակվում են, թե ինչու են անվանակոչում նրանց անուններով: Այդ երևույթն ինձ հասանելի չէ» /Աղաբեկյան Սեյրան/:
«Մեր դպրոցը Վլադիմիր Բալայանի անունն է կրում, նա իսկական հերոս էր, և ես հպարտ եմ, որ հաճախում եմ այդ դպրոցը: Հիմա ես հարցնում եմ մարդկանց. «Եթե ոչ հերոսի, ով իր կյանքն է զոհել, ապա ու՞մ անունով պիտի կոչվեր մեր կրթօջախը»: Գուցե կոպի՞տ են հնչում խոսքերս, բայց սա ճշմարտություն է, որին հակադարձելն անմտություն կհամարեի» /Աննա Խաչատրյան/:
«Ես ապրում եմ սահմանին շատ մոտ, գիտեմ ինչ է հայրենիք պաշտպանելը, հերոս եղբայրներ ունենալը, ինչ է հայրենիքի համար կյանքը զոհելը: Բազում հերոսների ջահել կյանքեր են մկրատվել, ոչ մի բան չի կարող սփոփել նրանց հարազատների ցավը, սակայն մի փոքր արարքը` նրանց անուններով դպրոց կամ դասարան կոչելը, թեկուզ և հուշարձան կառուցելը, ինչ-որ չափով մեղմում է այդ կսկիծը: Չեմ հասկանում նաև այն մարդկանց, ովքեր ասում են, որ կյանքը շարունակվում է, դրանով նահատակներին հետ չեն բերի: Բայց գիտե՞ք` մարդն ինչպես է հպարտանում, երբ գիտի, որ իր կորցրած զավակին մեծարում են և հիշում» /Կարապետյան Արմինե/:
«Իմ կարծիքով` դպրոց կամ դասարան անվանակոչելը շատ չնչին «վարձատրություն» է մեր հերոսների անձնազոհության դիմաց, իսկ եթե մարդիկ կան, որ դեմ են արտահայտվում, առաջարկում եմ` մի որոշ ժամանակով տեղափոխվել սահմանամերձ տարածք, թող բնակություն հաստատեն այստեղ, հասկանան այդ «վարձատրության» գինը»/Ղուլյան Գեղեցիկ/:
11-րդ դասարանում սահմանափակվում եմ աշակերտուհիներից մեկի խոսքով. «Անցնում ենք Ավարայրի ճակատամարտ, գիտենք, որ անցյալը պետք է հիշվի, բայց ներկայում ապրիլյան հերոսներն են…Ինչու՞ չներառել նրանց դպրոցական դասագրքերում «Մերօրյա հերոսներ» թեմայով, ինչու՞ չհիշատակվեն դասագրքերում Ուրֆանյանի, Սլոյանի, Աբաջյանի և շատ-շատերի անունները: Ես ապրում եմ այստեղ նրանց հիշատակով, և նրանք ինձ սովորեցրին, որ չվախենամ, ու ես վստահ եմ, որ 92-ի հաղթանակով ու Ապրիլյան քառօրյայով կվերջանա թշնամու ամեն մի ոտնձգություն» /Լուսինե Հակոբյան/:
Հնարավոր չէ բոլորի կարծիքները գրել այստեղ, բայց համոզված էի, որ սահմանին մոտ ապրող և պատերազմ տեսած սերունդն այսպես կարձագանքեր դպրոցների կամ դասարանների անվանակոչման մասին, որ առաջին հերթին այս հողի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներն են արժանի նման պատվի` որպես հիշողության արթնացում սերունդների հոգում:
Նատաշա Պողոսյան

 

Այս նյութը դիտել են - 10242 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook