USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայրիկ կորցրած մի գարնանաբույր մանկություն
2017-03-10 09:48:00
Տպել Տպել


Կանանց օրվա շնորհավորանքների մեջ առանձնանում է մի դռան թակոց, մի սիրուն աղջնակ` ծաղիկներով զամբյուղը ձեռքին: Մեղմ ժպիտով հյուսված մի թախծոտ հայացք, որ ինձ է մեկնում ծաղիկների բույլը: Ես գրկում, համբուրում եմ նրան, բայց այդ ծաղիկների մեջ տեսնում եմ բնության մշտանորոգ շարժումը, որ մարդուն տանում է դեպի կյանք, իսկ այդ կյանքը մարդուն հասցնում է նաև մահվան: Մարդկայնության բարձունքից կարծես ուզում եմ վերացնել աշխարհի բոլոր ցավերը, առավելապես չեմ ուզում իմ առջև նստած երեխաներին որբացած տեսնել ու երփներանգ ծաղկաբույլում սահմանին վերջերս զոհված նրա հայրիկի արտացոլանքն եմ տեսնում:
Արմինե Գեղամի Մանուկյան` գարունը խորհրդանշող մի աղջնակ, հոգում` անսահման մեծ ցավ, ծաղիկների վառ գույներում` հեզիկ մի հայացք, որ քարացնում են ինձ: Մարդկային հավատի ու խղճի արթնացում կա այդ ծաղիկների մեջ, որ իմ աշակերտուհին է նվիրում ինձ` այն մեղմիվ ժպիտը հյուսած իր թախծոտ հայացքին: Եվ ես ուզում եմ կյանքի հավերժական տոնի մեջ բեկվի մահվան խորհուրդը, ու ծաղիկների այդ չքնաղ բույլում մարդկային խիղճն արթնանա, վաղաժամ մահեր չլինեն, մեր երեխաների մանկությունն էլ չխաթարվի:
Կարծես այդ ծաղիկներն էլ ազգային խառնվածք ունեն, իրենց մեջ կրում են մեր զավակների բախտը, և ինքնամոռաց նայում եմ ծաղիկներին, դառնության հուզական տրամադրությունն է համակում ինձ, հակադիր զգացումների մի խառնուրդ լույսի ու խավարի տեսքով պաշարում է միտքս: Այդ ծաղիկների մեջ կյանքի ու մահվան սահմանագծերը զուգահեռվում են, աշխարհի գեղեցկությունն եմ տեսնում, ապրելու հրճվանքը, որ հակադրվում են տիեզերական ցավին:

Նրա նկարների մեջ այս մեկին եմ նայում, որ նկարվել էր ամիսներ առաջ, երբ 7-րդ ա դասարանի աշակերտների հետ գնացել էինք զորամաս, և երևի չիմացավ նույնիսկ, որ այդ պահին իր թիկունքում նաև անծանոթ զինվորներ էին նկարվում: Մի փոքրիկ արցախուհի, ում տեսնում եմ նաև զինվորական հագուստով, որ հայրիկի հավերժացած անունն իր հոգում է կրում: Ես նրան նայում եմ մեկ այլ հայացքով, նա իր մեջ անսահման սեր ունի և գորով, ու ցավում եմ մեր երեխաների համար, որ սահմանին հայրիկներ են կորցնում:
Ես զրուցում եմ նրա տատիկի հետ, որ մեր դպրոցի ուսուցչուհին է: Վշտամորմոք մի սիրտ խոսում է թոռնուհու մասին, ով իմ դասարանի աշակերտուհին է և ցանկացել է անձամբ իր դասղեկին շնորհավորել: Արցունքներիս արտացոլանքում նորից այն ծաղկաբույլն է երփներանգվում, որ ինձ էր նվիրել հայրիկ կորցրած մի գարնանաբույր մանկություն:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 10216 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook