USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարպետագործության փորձը փոխանցվում է սերունդներին
2017-03-03 12:54:00
Տպել Տպել

Իմ դասղեկական 7-րդ ա դասարանի աշակերտների ձեռքի փայտե շրջանակները ուշադրությանս են արժանանում, հենց այդ հետաքրքրությամբ էլ մտնում եմ տեխնոլոգիայի դասաժամին այդ դասարանը, որ նախատեսված է աշխատանքի ուսումնական գործընթացն իրականացնելու համար: Ուսուցչուհի Մարինե Ահարոնյանն է այնտեղ, որ տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով, մասնագիտական գրականության ուսուցմամբ` համապատասխան հանձնարարություններ էր տվել աղջիկներին, ովքեր կարպետագործության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն էին ստեղծել:
Յուրաքանչյուրը յուրովի պատրաստել էր ուղղանկյունու կամ եռանկյունու տեսքով դազգահի փոխարինող շրջանակ, բերել էին աշխատանքային գործիքներ` փայտից պատրաստված ասեղ, տարբեր գույների թելեր: Կարպետագործություն սովորելու ընթացքում ուսուցչուհու ուղղորդմամբ էր տրվում գունային լուծումները, ընտրվում էին համապատասխան թելերը, հյուսում էին` ըստ էսքիզի: Չնայած ուսուցչուհու աչքից չեն վրիպում թերությունները, բայց աղջիկները սիրով են կատարում իրենց գործը և իմ հարցումներին, թե որքանով է այն հետաքրքիր, և ինչ զգացողություն ունեն կարպետ գործելու աշխատանքում, բոլորն էլ միահամուռ նույն ոգևորությունն են արտահայտում:
«Շատ եմ սիրում գործելը, առավելապես, երբ նուրբ մատներով փայտե ասեղին ամրացնում ենք բամբակե թելը և զգույշ փորձում մեկընդմեջ անցկացնել այն: Ձեռքերս գեղեցիկ շարժվում են, բայց արած գործս դեռ այնքան էլ լավ չի ստացվում» /Մկրտչյան Անի/: «Շատ հաճելի աշխատանք է, ազատ ժամանակ տանն էլ զբաղվում եմ դրանով: Ճիշտ է, այդքան էլ լավ չեմ գործում, բայց կարևորը` սիրով եմ կատարում» /Հովհաննիսյան Լուսինե/: «Մեր հայրիկներն են պատրաստել այս շրջանակները, որքա~ն հետաքրքիր կլիներ, որ տղաներն էլ սովորեին, ու իրենք էլ զգային այն հաճույքը, ինչ մենք ենք զգում կարպետ գործելիս» /Հովհաննիսյան Մերի/: «Մի քիչ դժվար աշխատանք է, բայց երբ սիրով ես անում, մոռանում ես դժվարությունը» /Մուսայելյան Մալենա/: «Այն լավագույն արհեստներից մեկն է, որ մեզ է հասել մեր նախնիներից: Ես արդեն սովորել եմ նախշեր գործել» /Մանուկյան Արմինե/: «Ինձ դուր է գալիս գործելը: Շրջանակի վրա են ամրացված գամերը, դրանց արանքով անցնում են հենքաթելերը, իսկ գործվածքը կատարվում է միջնաթելերով» /Գալստյան Մանանա/: «Իմ համար շատ հեշտ է դազգահի վրա աշխատելը, կարծում եմ` բոլորն էլ պետք է սովորեն գործել» /Մանուկյան Վիոլետա/:
«Կարպետագործությամբ զբաղվելն օգտակար է աչքերի համար, այն աչքերի նախավարժանք է, նաև դժվար գործ է, ուղղակի պետք է ուշադիր լինել» /Միրզոյան Աննա/: «Հետաքրքիր գործ է, որով օգնում ենք ինքներս մեզ` վարժեցնելով մեր ձեռքերը» /Սարգսյան Էլինա/: «Շատ եմ սիրում, երբ փայտից պատրաստված ասեղը մեկընդմեջ թելերի միջով անց եմ կացնում» /Գալստյան Միլենա/: «Միշտ տատիկս պատմում է կարպետ գործելու մասին: Հիմա շատ շնորհակալ եմ ուսուցչուհուս, որ սովորեցրեց մեզ, իմ գործած կարպետն իր ծննդյան օրը կնվիրեմ տատիկիս» /Մելքումյան Էլմիրա/: «Երբ ուսուցչուհիս հանձնարարեց պատրաստել դազգահներ, ուրախությանս չափ չկար: Շուտով գամերին ամրացրինք հենքաթելերը, որից հետո միջնաթելերի օգնությամբ սկսեցինք գործել...Այն դարձել է մեզ համար ամենասիրելի զբաղմունքներից մեկը» /Սամվելյան Անժելիկա/: «Ինձ մոտ այնքան էլ հաջող չի ստացվում, արդեն մի քանի անգամ գործել եմ, նորից քանդել, բայց այն ինձ դուր է գալիս, հաճույքով եմ անում» /Մելքոնյան Սոֆյա/: «Չգիտեմ ուսուցչուհիս որքանով կհավանի իմ գործածը, բայց ես օգտագործել եմ այն գույները, որոնք սիրում եմ» /Բեգլարյան Գերտրուդա/:
Մնում էր շնորհակալություն հայտնել ուսուցչուհի Մարինե Ահարոնյանին, որ կարպետագործության ուսուցմամբ` ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռքբերված փորձը փոխանցում է սերունդներին, զարգացնում նոր կարողություններ՝ վերաիմաստավորելով հայկական նախշերի խորհրդանշական իմաստը։ Նպատակը հայկական մշակույթի արժևորումն ու պահպանումն էր, դպրոցականների կարպետ գործելու հմտությունների և կարողությունների ձեռքբերումը, զարդանախշերի ճիշտ ձևավորումը, գույների ճիշտ համադրումը, որ նպաստում է նաև այդ ասպարեզում ինքնուրույն ստեղծագործելու կարողությունների զարգացմանը:
 Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8931 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook