USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հուշ-ցերեկույթ` նվիրված նահատակ հերոս Վլադիմիր Բալայանի ծննդյան օրվան
2017-02-14 08:58:00
Տպել Տպել

Արցախյան ազատամարտի նվիրյալ Վլադիմիր Բալայանի ծննդյան օրն է: Հուշ-ցերեկույթն իր անունը կրող Մարտակերտի միջնակարգ դպրոցում մի հայրենյաց դաս էր` հավերժացած հերոսի անցած ճանապարհի հիշողությամբ, որ կազմակերպել էին դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ Կարինե Բալասանյանն ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Անժելա Պետրոսյանը:
Մեկ րոպե լռությունը հարգանքի տուրք էր նահատակների հիշատակին: Մի խորհրդավոր լռություն, որ մեզ ցավով հիշեցնում է, թե պատերազմը մենք չենք հորինել, որ կարողանանք այն կանգնեցնել: Բայց հնարավոր չէ նաև նահատակներին հիշել միանգամից, երբ օրեցօր, ամսեամիս, տարի առ տարի մեր հիշողությանը նոր անուններ են գումարվում:
Գնացին նրանք, բայց վերադարձան նորերը, նոր կտրիճներ աշխարհ եկան, նոր ծաղիկներ ցանվեցին ու հիմա էլ խոնարհվում են նրանց լեգենդ դարձած շիրմաքարերին:
Դա երախտագիտություն էր մահերով հարուստ մեր ժողովրդի տաղանդավոր զավակների հիշատակին, որ դարձել էր ծննդյան օր, անցած մի փառավոր մարտական կյանքի հիշողություև:

Գյուղական պարզ կյանքով ապրող երիտասարդի կյանքի ու Արցախի ազատագրական պայքարի մեջ մտած մարտիկի անցած ուղու մասին ներկայացրեց 10-րդ դասարանի աշակերտ Գոռ Ավագիմյանը: «Արծիվները բարձունքներ են տենչում» /Ս. Նանագուլյան/ գրքի տողերը նոր շունչ էին առել բեմ բարձրացած դպրոցականի խոսքերում:
«Մարտակերտով անցնող մայրուղին թուրքերից պաշտպանող տղաները, նրանց մեջ նաև Վլադիմիրը, կանգնեցրին թուրքերի ավտոշարասյունը ու պահանջեցին ետ վերադառնալ: Ավտոշարասյունը ուղեկցող թուրք սպան պահանջեց բացել ճանապարհը` ասելով, որ ստիպված կլինի կրակ բացել: Թուրք սպային ընդառաջ եկավ Վլադիմիրը ու շատ հաստատուն հայտարարեց. «Թուրքերը Մարտակերտով կանցնեն այն ժամանակ, երբ հայերն անվտանգ կանցնեն Աղդամով… Մենք կզոհվենք, բայց թուրքն այս ճանապարհով չի անցնի»:
Վլադիմիրի կրակոտ խոսքը, վճռականությունը, աչքերի ցոլքը, նրան շրջապատող տղաների հաստատակամությունն ստիպեցին թուրքերին ետ վերադառնալ: Դա գրեթե անզեն տղաների առաջին լուրջ հաղթանակն էր: Հետո այդ տղաները շրջանում առաջիններից կազմակերպեցին ինքնապաշտպանության ջոկատ, որի առաջին հավաքում Վլադիմիրին ընտրեցին իրենց հրամանատար»:
Հուշ-ցերեկույթը ցեղի ոգու կանչն էր արձագանքում բեմ բարձրացած մեր աշակերտուհիների` Գերտրուդա և Լիլիանա քույրերի հայրենասիրական երգերի հմայիչ ղողանջներով, մեր աշակերտների գեղարվեստական ասմունքով, տարբեր դասարանների աղջիկների զինվորական պարով: Ինֆորմատիկայի խմբակի սաները` /խմբակավար Ռուզաննա Հարությունյան/ 7-րդ ա դասարանի դպրոցականներ Մերի Հովհաննիսյանը, Նարեկ Բաղրյանը, Մալենա Մուսայելյանը, Վլադիմիրի կյանքի ու անցած մարտական ուղու մասին նկարներով, իրենց խոսքով ու երգերով տեսանյութեր էին ձևավորել, մի նոր ոճական երանգավորում հաղորդել միջոցառմանը, որոնք ցուցադրվեցին` ի տես բոլոր մասնակիցների:
Մանկավարժիս և ռուսաց լեզվի ուսուցչուհի Նոնա Հայրապետյանի` Վլադիմիրի մասին հիշողություններով ավարտվեց միջոցառումը:
Դպրոցի բակում խոյացած հայրենիքի նվիրյալի հուշակոթողին նոր ծաղիկներ խոնարհվեցին, նոր մրմունջներ վեր խոյացան առ Աստված` խաղաղ օրերի ազատաբաղձ երազանքներով:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 9548 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook