Հանքավանում 2015թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սպանված Գալստյան եղբայրների հայրը վարկած ունի, որ սպանություն կատարողը միայնակ չի գործել: Ֆրունզ ԳալստյանըNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը համոզված է, որ սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանին օգնել են նրա քեռին՝ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը եւ նրա ազգական, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:

«Էդ գործում 15–ից ոչ պակաս մարդ կա ներգրավված՝ Մխոն ու Դավիթ Քոչարյանն էլ լիդերներն են եղել: Ինքը՝ Հայրապետը, չի կրակել, ինքը բանդա ունի քեռու գլխավորությամբ»,- ասաց Ֆրունզ Գալստյանը:

Ֆրունզ Գալստյանը նշեց, որ սպանության դրդապատճառի վերաբերյալ իրենց մի վարկածն այն է, որ Դավիթ Քոչարյանը ցանկացել է խլել իրեն պատկանող անտառային տարածքը:

«Ես 2000թ. եմ առել էդ սեփականությունը: Տղես պատմել ա, որ սեպտեմբերին Դավիթ Քոչարյանը եկել, ասել ա, որ ուզում ա առնի: Որ փող են գողանում, գիտեն՝ ամեն ինչ իրանցն ա, ուզեցել են առնել»,- ասաց Ֆրունզ Գալստյանը՝ նշելով, որ իրենք չեն ցանկացել վաճառել տարածքը:

Ֆրունզ Գալստյանը բացառեց վարկածը, որ Հայրապետ Սեփոյանը հոր պատիվն է փորձել պահել. «Հայրապետը տենց թասիբով տղա չէր, որ հոր թասիբը պահեր, մենք էլ ոչ մի կերպ ոչ  մի բանի չեն դրդել»:

Ֆրունզ Գալստյանի խոսքով՝ Սեփոյաններն ամեն տարի 10 հազարից ավելի ծառ են հատում տարածքից, մինչդեռ իր ոդիները փորձել են պահպանել անտառը ու սպանվել են: 

Տուժող կողմի փաստաբան Արշակ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ չեն ստացվել մի շարք փորձաքննությունների պատասխաններ, սակայն դեպքերի հաջորդականությունն ու ցուցմունքները կասկած են  հարուցում, որ սպանողը միայնակ չի գործել, չկա ամբողջական պատկեր, թե ինչ եղանակով են արվել  սպանությունները:

Հիշեցնենք, որ 2015թ, նոյեմբերի 16-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները,  նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Գործով որպես մեղադրյալ ներգրավվել եւ կալանավորվել է 27–ամյա Հայրապետ Սեփոյանը։

Կատարվածի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա, դեպքից հետո շրջանառվում էր վարկածը, որ սպանությունը կատարվել է Գալստյաններին պատկանող անտառային տարածքում ծառերի հատման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով։ Սպանության մեջ մեղադրվողի հայրը` Գագիկ Սեփոյանը, որն այդ տարածքի անտառապահն է, ըստ Գալստյանների, պարբերաբար ապօրինի ծառահատումներ է կատարել այդ տարածքից։ Ենթադրվում է, որ դեպքի օրը Գալստյան եղբայրները Սեփոյանին բռնեցրել են ծառ հատելիս, ինչիս սկսվել է վեճը։ Սեփոյանների հարազատները պնդում են, որ որդին տեղեկացել է, որ հորը ծեծի են ենթարկել ու գնացել է հորը պաշտպանելու, ինչի ժամանակ էլ կրակելով սպանել է եղբայրներին եւ նրանց ընկերոջը։ Գալստյանները վստահեցնում են, որ ծեծ չի եղել։ Վիճաբանությունից հետո Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից օրեր անց դուրս էր գրվել:

Հայրապետ Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։

 

News.am