USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նրանց շուրթերով դիմադարձ դառնանք աշխարհի չարիքներին
2016-12-24 11:50:00
Տպել Տպել

Ծիածանված երազանքներ ունեմ, այն հավաքում եմ, որ բաժանեմ բոլոր երեխաներին: Արդեն զարդարված տոնածառ ունեն նրանք, բայց հույսի և սպասումի թրթիռներ կան լույսերի առկայծումների մեջ, և արարումների ու խաղաղ կյանքի հավատ կա այդ լույսերում:
Մեծ դասամիջոց է, քայլերս ինքնաբերաբար ինձ տանում եմ դեպի 3-րդ ա դասարանը: Ծնողներ կան հավաքված, մանկավարժներ, փոքրիկ տոնածառ, ու գեղեցկատես երեխաներ` տոնական տրամադրությամբ, երգը շուրթերին, Ձմեռ պապիկին սպասելիս. «...Ձմե՛ռ պապի, քեզ սպասում ենք անհամբեր, Մենք գիտենք ամեն տարի մեզ բերում ես նվերներ: Գույնզգույն վառվող լույսեր, տոնածառ, շատ բարիքներ, Ե՛վ երգող խաղալիքներ, և՛փայլող նոր տիկնիկներ...»:
Ու հանկարծ հարազատ մանկական ձայն է հնչում, կարծես չեմ ուզում թոռնիկիս համար տեսանելի դառնալ, որ հանկարծ չշփոթվի, բայց տողերն ինձ քաշում են դեպի այն ազատ տարածքը, որ մի քանի ծնողներ ետ են քաշվում, որպեսզի ինձ համար էլ տեսանելի լինեն երեխաները: Նարեկն ինձ չի նկատում, բայց մտորումների մեջ եմ` որքա~ն լուրջ է նա, շատ համեստ ու բնական իր կեցվածքով, շրջապատված համադասարանցի այն ճերմակ հրեշտակներ դարձած սիրուն աղջնակներով, իսկ նրանց մեջտեղում իրենց դասվարն է` Լիանա Ստեփանյանը, որ նույնպիսի սրտատրոփ հուզումներով լսում է այս փոքրիկներին, նաև անհանգստանում, որ հանկարծ չշփոթվեն: Արցախ աշխարհի փոքրիկ մանուկներն են նրանք, որ խաղաղություն են բարձրաձայնում, մի խաղաղ երկինք, լույս ժպիտներով մի անհոգ կյանք:
Թոռնիկիս ոտանավորի տողերը հնչում են շատ բարձր, և ահա նա նկատում է ինձ, դեմքին ժպիտ է երևում, ձայնը ավելի հնչեղ է դառնում, մի նոր սրտահույզ ոգեշնչումով նա բարձրաձայնում է բոլորի սպասումների մասին. «Դրսում ձյուն է ու ձմեռ, Դահլիճում մեծ տոնածառ, Շուրջը ուրախ մանուկներ, Ծառի լույսեր կան պայծառ, Արտասանում, երգում են մանուկները խելացի, Որ հայրենի մեր երկրում ոչ մի մանուկ չլացի...»:
Ես տպագիր շարում եմ այս տողերը, թոռնիկս հիշեցնում է ինձ, որ երբ մայրիկին նկատել է, ինքնաբերաբար ձեռքը օդում թափահարել է ուրախությամբ: Ապա նա ինձ առաջարկում է այն սիրուն աղջնակի` իր համադասարանցու` Մոնիկա Բալասանյանի տողերն էլ գրեմ այստեղ. «Վաղ առավոտյան, երբ որ արթնացա, Տոնածառի տակ մի կապոց տեսա, Ձմեռ պապիկն էր ինձ համար բերել, Իմ Նոր տարին շնորհավորել: Այնպե~ս եմ ուզում Ձմեռ պապիկին բարձրաձայն ասել` շնորհակալություն: Բայց համարն եմ փնտրում, գրքում չեմ գտնում»:
Ես ուզում եմ եզրափակել միտքս, բայց Նարեկից ստանում եմ մի նոր առաջարկություն, որ այս տողերն անպայման պիտի գրել, և հանկարծ հնչեցնում է բարձրաձայն. «Իմ մա՛յր հայրենիք, սիրում եմ ես քեզ, Սիրում եմ հոգով, սիրում եմ սրտով, Սիրում եմ` ինչպես հարազատ մորն իմ, Ու եթե հանկարծ թշնամին վայրագ հարձակվի վրադ, Իմ կյանքը կտամ, իմ շունչը կտամ, Իմ Մարտակե՛րտ, օտարին քեզ չեմ տա»:
Ես նրան բացատրում եմ, որ այս տողերը կգրեմ մեկ ուրիշ անգամ, իսկ նա շատ հաստատակամ է, որ այն միշտ պետք է ասել, այն էլ շատ բարձր, որ լսեն բոլորը: Մի պահ հուզվում եմ, Արցախ աշխարհի բոլոր լույսերն եմ ուզում գրկել և այդ լույսերի մեջ` բոլոր երեխաներին, որ նրանց շուրթերով դիմադարձ դառնամ աշխարհի չարիքներին:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1732 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook