USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երբ շուրջս խաղաղ է, ես նորից դպրոցականների հետ եմ…
2016-11-13 09:17:00
Տպել Տպել

Սահմանային լարվածությունը երբեմն ինքնաբավ, ահեղադղորդ գոռում-գոչյունով ծեծում է մեր դռները, իսկ ես անզորությունից երբեմն փորձում եմ մեղմաբար գրկել իմ անցած օրերը, ու այդ օրերի հանդարտության մեջ նորից իմ աշակերտների հետ եմ, նորից անցած օրվա` նրանց արտահայտած մտքերին շաղախված: Կիսատ մնացած խոսքս ուզում եմ շարունակել, որ Լևոն Ադյանի «Աշնանային ցրտեր» վիպակի բանավեճ-քննարկումը մի նոր հայացք էր, այն սիրո, ընտանեկան կյանքի մի նոր ընկալում էր նորօրյա աշակերտության պարզ ու զուլալ հոգիներում, որտեղ հնչում էին մեղադրանքի ու արդարացման խոսքեր` ուղղված գլխավոր հերոսներին: Եվ այն բարձրաձայնվում էր շատ հաստատուն, որ ներգործում էր հանդիսատեսի հոգուն:
Իմ հարցը, թե արդյո՞ք սերը նույն ձևով է ընկալվում հիմա, համեմատած նախորդ տարիներին, չէ՞ որ հիմա` մեր ժամանակներում, աղջիկը կարող է նույնիսկ սեր խոստովանել տղային: Լռությունը խախտեց աշակերտուհիներից մեկը, ով պատրաստ էր վիպակի հերոսուհու փոխարեն նամակ գրել նրա սիրած տղային:
Արզումանյան Լադա: «Այդ վիպակը կարդալիս ես կարծես հայտնվել էի մի տխուր ու երևակայական աշխարհում, սիրտս թրթռում էր, չէի կարողանում զսպել հուզմունքս, ես ներխուժել էի Անահիտի հոգեկան ապրումների մեջ և զգում էի նրա ցավը: Կտրվել էի իրականությունից, ամբողջ էությամբ վիպակի հերոսուհու հետ էի, ում համար կորցրած դպրոցական մաքուր սերը միայն թևածում էր իր հիշողություններում: Հասկացա նաև, որ ոչինչ չի լինում առանց պայքարի, պիտի պայքարես նրա համար, ում սիրում ես:
Ես ուզում էի Անահիտի փոխարեն Կարենին գրել. «Մենք չվստահեցինք միմյանց: Դու գնացիր, երբ ես քո կարիքն ունեի, հիմա քեզանից հետո ինձ համար լռությունը դարձավ կատարյալ ձայն, ինձ պատեց խենթ միայնությունը, ես սկսեցի ապրել քեզանով, բայց առանց քեզ: Երբ ոչինչ, ոչինչ չմնա, ես զգացմունքներս կթողնեմ այստեղ` այս բառերի մեջ, այս տողերի մեջ, ու այնտեղ գրված կլինեն, որ ես այն օրերից էլ սիրել եմ քեզ, բայց ինձ մնում է փակեմ անցյալի էջը ու ապրեմ իմ այս կյանքով» »:
Հակառակ մյուս խմբի` Մուշեղին ուղղված մեղադրանքների, այս աշակերտուհիները արդարացնում էին նրան, ով անսահման մեծ սեր է ունեցել վիպակի հերոսուհու հանդեպ և տարիներ հետո ամուսնացել նրա հետ:

Անդրյան Անգելինա: «Լևոն Ադյանի «Աշնանային ցրտեր» վիպակը սիրո պատմության հուզումնառատ դեպքերի նկարագրություն է, որն առաջին իսկ էջերից անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց ինձ մոտ: Նուրբ ու իրական է գրողը պատմում` յուրովի ներկայացնելով ամեն մի կերպար: Սակայն հակառակվելով երկրորդ խմբին` ես Մուշեղին արդարացնում եմ: Անմիջապես սիրեցի նրա համառությունն ու ազնվությունը` հանուն սիրո: Ես սիրային այս եռանկյունում մեղավոր եմ համարում միայն Կարենին` որպես թուլամորթ դավաճանի, ով իր մոտ չպահեց Անահիտին»:
Բաղրյան Իննա: «Վիպակը կարդալուց հետո, չգիտեմ նույնիսկ` ինչ զգացողություն ապրեցի, երևի թե` ափսոսանք: Ոչ մեկին չեմ կարողանում մեղադրել, միակ մեղավորը ճակատագիրն է, որ բաժանեց երկու սիրող սրտերի: Այդ սերը լի է գեղեցիկ ապրումներով և տագնապներով, երկուսն էլ մեղավոր են, որ կորցրին իրենց երջանկությունն ու հանգիստը: Անահիտին համարում եմ «անմեղ մեղավոր», նա պիտի պատասխաներ Կարենի նամակին, այնինչ այն թողեց անպատասխան, գուցե այդ դեպքում հանգամանքներն այլ ձևով դասավորվեին: Այս վիպակում ամենից շատ խղճում եմ Մուշեղին` այդ բարի ու հոգատար մարդուն, որ այսպես ասած` «կրակն է ընկել իր սիրո ձեռքին»: Շատ կցանկանայի, որ փոխադարձ սերը հաղթեր, բայց, ավա~ղ...»:
Կարապետյան Սյուզաննա: «Այս պատմության մեջ գլխավոր մեղավորները Կարենի ծնողներն են, իսկ Անահիտը չպետք է ամուսնանար առանց սիրո: Մուշեղը գիտեր, որ Անահիտը չէր սիրում իրեն, բայց ամուսնացավ: Առանց սիրո չկա երջանկություն, Մուշեղին արդարացնում եմ, քանի որ նրա փոխարեն յուրաքանչյուրն էլ կպայքարեր իր սիրուն հասնելու համար: Ես կարծում եմ` Անահիտը ժամանակի ընթացքում կսիրի նրան»:
Արդյո՞ք գլխավոր հերոսուհին կկարողանա սիրի իր ամուսնուն, և հայացքս սահում է վիպակի տողերով, որ բարձրաձայն ընթերցում եմ` կարծես ցանկանալով ի լուր աշխարհի անցյալի հնությունից դուրս բերել գրողի կողմից վաղուց հաստատված մի մեծ ճշմարտություն, որտեղ հիշողությունը մարդկային երջանկությունն է իմաստավորում. «Կաղնավուն մի թռչուն կա, հանդերում է լինում, երջանկությունը նման է էդ թռչունին,-ասաց հայրն այն ժամանակ Անահիտին։ -Նստում է աչքիդ առաջ, մի երկու քայլի վրա, ուզում ես բռնել, ցատկում, մի քիչ էն կողմ է կանգնում, ասում ես՝ մի քայլ էլ անեմ՝ կբռնեմ։ Խաբելով տանում է, է՜, աստված գիտի, թե որտեղ։ Մարդու երջանկությունը նման է էդ փոքրիկ թռչունին, թվում է ահա մոտ է արդեն, հասնում ես երջանկությանդ, բայց, չէ, էն թռչունի պես նորից իր ետևից տանում է քեզ ու մինչև վերջ էլ էդպես գնում ես երջանկության ետևից ու երբեք չես հասնում»։
Երանի~ թե խաղաղ լինի երկինքը, ու մենք էլ այս կյանքում միշտ վազենք մեր երջանկության հետևից, թեկուզ և չհասնենք…
Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան

միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 6107 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook