USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բառերն անկարող են դառնում` բացատրելու ապրած հուզմունքդ
2016-10-29 01:04:00
Տպել Տպել

Գիտեմ, որ այդ վիպակը գրողի ամենասիրելի ստեղծագործությունն է, որի մասին, որպես ուսուցչուհի, ամիսներ առաջ հասցրել էի գնահատանքի խոսքեր գրել: Նաև զարմանալի չէր, որ այս օրերին վիպակների և պատմվածքների միակ ժողովածուն 12-րդ դասարանում աշակերտները հերթականությամբ տանում էին ընթերցում: Եվ չզարմացա, որ գիրքը կարդալու ցանկություն հայտնեցին նաև մյուս դասարաններից: Իսկ այս մեկը` Լադա Արզումանյանը` շատ համեստ ու ազնիվ մի աշակերտուհի, կարդաց համանուն վիպակը էլեկտրոնային տարբերակով և հաջորդ օրն ինձ ուղարկեց իր տպավորությունը կարդացածի մասին:
«Հոգիս անչափ տխրեց, երբ կարդացի Լևոն Ադյանի «Իրիկնային աղջամուղջ» վիպակը: Որքա~ն շքեղ ու հարուստ է այն, հիշողություններ կան այնտեղ, սեր, կարոտ, խաբեություն, պատերազմ, կորուստ, ցավ…Եվ որքա~ն ծանր էին Շահում տատի կյանքի էջերը: Բայց նա ուժեղ էր, կարողացավ տանել կյանքի հասցրած ամեն մի հարված: Միայնակ մեծացրեց իր հինգ որդիներին և ցավալիորեն ապրեց նաև նրանց կորուստը Հայրենական մեծ պատերազմի տարիներին:
Պատկերացնում եմ, թե ինչպիսի զգացումներ ուներ Շահում տատն այն ժամանակ, երբ գիտակցում էր, որ որդիները գտնվում են իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու`պատերազմի կործանարար ձեռքերում: Երևի այդ ցավի ապրումներին միախառնվել էին նաև դատարկությունն ու անորոշությունը, անզորությունն ու կսկիծը, որ կեղեքում էին նրա սիրտը: Բայց ակամայից նա սովորեց դրան ու ապրեց հոգին կեղեքող ցավով րոպե առ րոպե, ժամ առ ժամ, օրեր, տարիներ շարունակ: Իսկ երբ հասավ կյանքի մայրամուտը, նա արդեն կուրացած էր, և գլխում իրար էին խառնվել լավ ու վատ հիշողությունները: Երևի նրա սիրտն այրվում էր անհուն կարոտից ու հետ չվերադարձող, նորից չկրկնվող անգին պահերից: Եթե որդիների կորուստը չլիներ, երևի թե նա կարողանար փակել իր անցյալի ցավոտ էջերն ու հանգիստ ապրեր նրանց երջանկությամբ:
Իմ ուշադրությունը գրավեց նաև Սամվելի կերպարը: Երբ երկարատև որոնումներից հետո գտան նրան, պարզվեց, որ արդեն փոխել էր հավատը, լեզուն, ամուսնացել էր օտար աղջկա հետ և արդեն երեխաներ ուներ: Չեմ կարողանում մեղադրել հայրենիքից հեռու ապրող այդ մարդուն: Նա միայնակ էր այդ օտար երկրում, հույս չուներ, որ երբևէ կհաջողվի իրեն վերադառնալ հայրենիք, և այլ բան չէր մնում անելու, քան համակերպվել և շարունակել ապրել ուրիշ հավատքով, ուրիշ լեզվով: Կարոտ ու տանջանք կա այդտեղ, հոգին խոցող ուժգին հարվածներ:
«Իրիկնային աղջամուղջ» վիպակը կարդալուց հետո մտքերս խառնվեցին իրար, բայց բառերն անկարող են բացատրել իմ ապրած հուզմունքը: Միայն հասկացա, որ կուզենայի մարդու ուղեղում կամ սրտի մեջ մի կոճակ լիներ, որի օգնությամբ հնարավոր լիներ չզգալ ոչինչ, մի որոշ ժամանակ ապրել առանց սրտի, առանց զգացմունքների: Մեր կողքին էլ պատերազմ կա, սգավոր մայրեր ունենք, անհուն տառապանք: Ամենացավալին այն է, որ կորցնելով մեզ համար ամենաթանկ մարդկանց` մեզ ոչինչ չի մնում, քան հարմարվել նրանց կորստին»:
Ընթերցեցի իմ աշակերտուհու տպավորությունը, և լռությանս մեջ այդ վիպակի մասին իմ գրած տողերն եմ մտաբերում. «Գյուղից հեռացած գրողի գրիչը հիշեցնում է ընթերցողին, որ «հուշերի մեջ խորասույզ, կապույտ ստվերներով շղարշված ճանապարհով» քայլելիս մտածում է այն մասին, որ այդ վայրերի հետ իրեն կապող շատ քիչ բան է մնացել: Ու հիշողության մեջ նորից երևում է, թե ինչպես Մեծ մայրը ձեռքը բռնած` նրան տանում է գյուղի գերեզմանատուն: Շուրջբոլորը խոտ ու ծաղիկ է, թռչունների երգ, Մեծ մայրը գունատվում է, շուրթերը դողում են. «Գնա էն կողմը, ծաղիկ քաղի՛ր, բե՛ր դի՛ր քարերին»:
Իրոք, բառերն անկարող են դառնում` բացատրելու ապրած հուզմունքդ: Մի անհանգիստ և սիրտ կեղեքող տառապանք մի նոր կսկիծ է բերում հեռվից…Եվ այդ հեռուներում երևում է բոլորիս հարազատ դարձած մեր համերկրացի Ադյան գրողը` մի վշտամորմոք որդեկորույս հայր, որ ծաղիկներ է խոնարհում իր երկու զավակների շիրիմներին:
Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի

անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 2087 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook