USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ասում են` եթե սիրում ես, պետք է ներես...
2016-10-25 14:46:00
Տպել Տպել

12-րդ դասարանում իմ աշակերտուհին` Սյուզաննա Կարապետյանը, ինձ հանձնեց տետրի թերթերի վրա ձեռագիր գրված տողեր: Նա հրաժարվեց բարձրաձայն ընթերցել:
Աշակերտները հորդորում էին կարդալ, իսկ նա մերժեց, բայց հայացքս ընկավ նրա տողերին, ու մի պահ զարմացա. «Ոչ մի անգամ չեմ ափսոսացել, որ ինչ-որ մեկը հեռացել է իմ կյանքից, եթե հեռացել է, ապա նա տեղ չուներ իմ կողքին…»:
Ես ինքս էլ մտորումների մեջ եմ, նա շատ ազնիվ է, բարեհամբույր ու ճշմարտախոս, համեստ բնավորությամբ մի աղջնակ, մի՞թե նա չի ափսոսացել կորցրածի համար, ու հետաքրքրությունից դրդված` հայացքս հառում եմ նրա մյուս տողերին. «Ասում են` ընկերդ կդավաճանի, թշնամիդ` ոչ: Ես ինքս էլ կատարել եմ և՛ վատ, և՛ լավ արարքներ, բայց նաև այդ ճանապարհին հասկացել եմ, որ պետք չէ վստահել ամեն մեկին: Նույնիսկ ափսոսում եմ, որ ոմանց նվիրել եմ իմ թանկ ժամանակը»:
Բայց հետաքրքիր էր, երբ օրեր անց կարդացի մեր հայրենակից գրողի պատմվածքներից մեկի մասին իմ աշակերտուհու տպավորությունը, այնտեղ տեսա անցածի կորստի համար ափսոսացող իմ աշակերտուհուն: Եվ ինձ թվաց` ես նրան նորից վերագտա իր այս տողերում. «Երբ Լևոն Ադյանի «Անձրևից հետո» գրքի բովանդակությանը նայեցի, առաջինն աչքիս ընկավ «Ապաշխարանք» վերնագրով պատմվածքը:
Այս կյանքում ամեն մեկս մի այնպիսի արարք ենք կատարում երբեմն, որ միշտ էլ զղջում ենք, ափսոսում, ապաշխարանքի կարիք ենք զգում: Այդ վերնագիրն իմ հոգու անհանգիստ տվայտանքներին համահունչ էր երևի, որ մի շնչով կարդացի: Շատ դուր եկավ ինձ, մանավանդ, որ վերջաբանն անկախատեսելի էր: Անհամբեր սպասում էի, թե ինչ կլինի հետո, բայց այդ հետո-ն մտքերս իրար խառնեց, սկզբում չգիտեի` ում մեղադրել, ում արդարացնել:
Դպրոցական օրերի սեր կա պատմվածքում ` մաքուր ու անեղծ, մի բան, որ հատուկ է մեր տարիքի անչափահասներին: Գեղեցիկ էր Էլենի և Գևորգի սերը, բայց աղջիկը սխալ թույլ տվեց, երբ վստահեց իր ընկերուհուն: Մի կողմից խղճում եմ նրան, որ տասներորդն ավարտելուց մեկ ամիս անց ընկավ Արսենի ու Վարդուհու պատրաստած թակարդը: Ընդունեց ընկերուհու հրավերը` քեֆի գնալ սառը աղբյուրի մոտ, նրա եղբոր երկու ընկերների հետ: Էլենը չգիտեր, որ այնտեղ կլիներ Արսենը, իսկ վերջինս անտարբեր չէր նրա նկատմամբ: Ի՞ նչ անենք, որ Գևորգն այդ օրը գյուղում չէր, նա չպիտի գնար նրանց հետ: Նաև Էլենը մեղավոր էր, նա թույլ տվեց, որ Արսենն իրեն համբուրեր, և հաջորդ օրը նա արժանացավ Գևորգի զայրույթին: Արսենը մի քանի րոպեով երջանկանալու համար ոչնչացրեց մի գեղեցիկ սեր, նա օգտվեց Էլենի միամտությունից:
Գևորգն անսահման սիրով նվիրված էր Էլենին, իմ կարծիքով, պիտի ներեր նրան: Ասում են` եթե սիրում ես, պետք է ներես, բայց նա չներեց, միայն տարիներ հետո նա զղջաց ու եկավ Էլենի մոտ այն ժամանակ, երբ երկուսն էլ ընտանիք ունեին: Էլենի անհաջող ամուսնական կյանքը վաղուց նրան զգացնել էր տվել իր սխալը, նա գիտեր, որ բաց է թողել երջանիկ ապրելու իր հնարավորությունը, իսկ դրանում մեղավոր էր ինքը: Չեմ կարողանում բացատրել, թե ինչու, երբ Գևորգը գնաց Էլենի մոտ, վերջինս զանգեց նրա կնոջը, և շուտով նա եկավ իր ամուսնու հետևից: Էլենը երջանիկ կլիներ Գևորգի հետ, երևի ուրիշի երջանկության վրա չցանկացավ կառուցել իր երջանկությունը: Երկուսն էլ դարձան պատահականության զոհ, ամուսնացան առանց սիրո, մի բան, որ մեր շրջապատում էլ առկա է:
Ես հիմա գիտեմ, թե ինչ է կարոտը սիրած էակի նկատմամբ: Միայն կորցնելուց հետո հասկանում ես, թե որքան թանկ է նա: Կարոտն է ստիպում մարդուն` հասկանալ, թե ինչքան ես սիրում դիմացինին: Նայում ես աստղազարդ երկնքին, հասկանում, թե ինչքան ես կարոտում նրա աչքերի փայլը, հայացքդ հառում ես մեկին, հիշում ես նրան, ուրեմն, գնահատենք այն, ինչ ունենք և բաց չթողնենք մեր երջանկությունը»:
Վերջերս Ադյան գրողի ստեղծած կերպարներն իրենց մտորումներով միահյուսվում են իմ աշակերտների անձնական ապրումներին: Այդ գրական հերոսները սովորեցնում են նրանց կյանքի արվեստը, ճշմարիտ ու ազնիվ ապրելու ճանապարհը, և ես ուրախ եմ, որ իմ աշակերտուհին էլ ափսոսանք ունի կորցրածի համար, նույնիսկ խորհուրդ է տալիս, որ կյանքում սովորենք գնահատել ու պահպանել այն, ինչ թանկ է մեզ համար:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ

դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1927 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook