USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դպրոցական «Վերջին զանգ»
2019-05-24 14:13:00
Տպել Տպել

Ինչպես միշտ, դպրոցում «Վերջին զանգը» Մարտակերտի հասարակությանն էր հավաքել: Սրտի թրթիռ կար, սպասում, իրարամերժ հույզեր, տոնական տրամադրություն: Հանդիսության բացումը շրջանավարտ աղջիկներին էր վերապահված, ամեն մեկի ձեռքին գիրք կար, ազատ ու հետաքրքիր երկխոսություն, երբ մեկը մյուսին հարցեր էին ուղղում, թե ինչ գրքեր են ընթերցել, ինչ շարադրություններ գրել, ու այսպես տարբեր առարկաների շուրջ մտերմիկ զրույց, ու հաջողված բեմականացումը հանդիսատեսին առողջ ծիծաղի, ժպիտների պահեր է պարգևում: Երաժշտական հնչյունների ներքո աղջիկների պարը հյութեղ է դարձնում միջոցառման սկիզբը, որը նաև հրավեր էր պատանի շրջանավարտներին, որ միանան այդ տոնական հանդիսությանը:

Հյուրերին, դպրոցի տնօրենությանը, ուսուցիչներին, ծնողներին ուղղված ողջույնի խոսքերն իրենց արձագանքն են տարածում շուրջբոլորը: Դասղեկների խոսքում ամեն մի շրջանավարտ երևում էր իր առանձնահատուկ ձիրքով, իսկ նրանց մեջ կան հաղորդավարին հատուկ խոսքի առոգանությամբ, նկարելու տաղանդով, պարելու շնորհով, սպորտի հանդեպ ունեցած առանձնակի հետաքրքրությամբ օժտված շրջանավարտներ: Երեք դասարանների դասղեկները ներկայացնում են շրջանավարտներին, նրանց մեջ նաև իրենց հետաքրքրությամբ առանձնանում են ոմանք՝ յուրահատուկ համուհոտով, կատակախառն բնավորություններով:

Շրջանավարտների սրտաբուխ խոսքեր և լիքը բաժակներ, վառ կենացներ կան, շնորհակալական խոսքեր՝ ուղղված ուսուցիչներին: Մայրերին մատուցածն էլ գեղեցիկ անակնկալ էր, երբ շրջանավարտները շռայլ, անկեղծ ու հյութալի խոսքեր ուղղեցին նրանց: Եվ այդ ամենն ուղեկցվում էին ուսուցիչներին ու մայրերին նվիրվող վարդերի երփներանգ բույրերով: Երգերն ու պարերը միաձույլ էին, որ հիացմունքի զգացում էին փոխանցում, և մեկընդմեջ ընդհատվում ելույթներով: Ապա հնչում է հայրենյաց դասը, որ յուրահատուկ երդում էր նրանց շուրթերին. «Հայրենիքն սկսվում է սահմանից: Մեր տունն էլ սկսվում է սահմանից...»: Մեկ րոպե լռությունն ու թախծախառն երգը նահատակների հիշատակի հարգանք էր՝ հայրենյաց նվիրյալի հուշակոթողին ծաղիկների խոնարհումով:
Ամեն տարի «Վերջին զանգի» միջոցառումներին առնչվում ենք տարբեր դասղեկների ստեղծագործական մտահղացումներին, որոնք անցնում են մեկը մյուսից հետաքրքիր ու կազմակերպված: Դասղեկ Անահիտ Ներսիսյանի ծանրաբեռնվածությունը նկատելի էր նաև նյութականի տեսակետից՝ հանդիսատեսի համար տեսանելի միջոցառումն ավելի գեղեցիկ ձևավորմամբ, հետաքրքիր ծրագրով կազմակերպելու ձգտումով: Եվ մյուս դասարանների դասղեկներ Ռուզաննա Հարությունյանի ու Լիլիթ Մովսիսյանի հետ նախապատրաստվել էին այդ կարևոր իրադարձությանը, որ անմոռաց հուշ էր դառնալու կյանքի անցնելիք ճանապարհին:

Ես զրուցում էի դասղեկների հետ, նրանց խոսքում երախտագիտություն կար՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանին ուղղված, ով ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերել ծնողներին՝ նախատեսված միջոցառման որոշ ծախսերի համար: Յուրաքանչյուր դասղեկի խոսքում բաժանման ափսոսանք կար, վառ օրերի հավատ:
Հարությունյան Ռուզաննա-12-րդ ա դասարանի դասղեկ: «Այս օրերին նկատելի էր մեր ծանրաբեռնվածությունը, բայց ծնողների ջանքերով իրականացվեց ամեն ինչ, նկատի ունեմ դասարանի ձևավորումը, որտեղ բոլոր աշակերտների մասնակցությունը կար: Իրենք նախընտրեցին ոճը՝ երբեմն ինձ չանհանգստացնելով, իսկ ցերեկույթի կազմակերպմանը մեզ ծրագրով օգնել է Անահիտ Ներսիսյանը: Ինչպես միշտ, ամենայն բարիք եմ մաղթում մեր շրջանավարտներին, իսկ դպրոցում ընդունված կարգի համաձայն՝ միշտ նախընտրում եմ, որ ուսուցչին միայն ծաղիկներ նվիրեն»:
Մովսիսյան Լիլիթ-12-րդ բ դասարանի դասղեկ: «Ուսումնառության այս տարիները մեր շրջանավարտների համար եղել են կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման ժամանակաշրջան: Այս պահից նրանք թևակոխում են կյանքի մի նոր փուլ, որտեղ նրանցից պահանջվելու է՝ լինել առավել զգոն և պատասխանատու թե՛ որպես մասնագետ և թե՛ որպես քաղաքացի, որովհետև վաղվա նրանց բարեկեցության հիմքը դրվում է այսօրվանից: Մաղթում եմ նրանց ուժ, եռանդ, ջանասիրություն, հաստատակամություն, բաղձալիին հասնելու կատարյալ ձգտում: Վստահ եմ, որ նրանք իրենց աշխատանքով և ներդրումով հզորացնելու և ամրապնդելու են մեր երկիրը, որի իրավատեր քաղաքացիներն են նրանք»:
Ներսիսյան Անահիտ-12-րդ գ դասարանի դասղեկ: «Սովորաբար մարդիկ մեկ անգամ են դպրոցական կյանք ունենում, բայց ես նրանց հետ այս տարիների ընթացքում մեկ անգամ էլ վերադարձա դպրոցական կյանք: Թվաց՝ իմ հարազատներն են, ու ես նրանց հետ սովորում եմ նույն դասարանում: Հիմա չգիտեմ էլ, թե նրանց ինչպես դիմեմ, քանզի նրանք ինձ համար շատ ավելին են եղել, քան՝ սովորական աշակերտներ: Ես նրանց հետ արտասվել եմ, նրանց հետ ուրախացել ու երբեմն դիտողության արժանացել: Նրանց ժպիտներով է լցվել իմ աշխարհը, նրանց երջանկությունն ու սերը թևեր են տվել ինձ, լցրել հոգիս մի այնպիսի լիությամբ, որ միշտ ինձ հետ է լինելու: Իմ խելոքներն են նրանք, իմ գժերը, իմ սրտակիցները...Թող Աստված միշտ պահապան լինի նրանց և Աստծուց շնորհակալ եմ, որ նրանք կան իմ կյանքում: Ես սիրում եմ նրանց»:

Որպես դասավանդող ուսուցչուհի՝ ցանկանում եմ հավելել մանկավարժի՝ իմ շնորհավորական խոսքը, որ ամեն տարի բարի երթի մաղթանքներով է ուղեկցվում, բայց երկմտում եմ մի պահ: «Վերջին զանգը» մի վերջին դա՞ս է, թե՞ խորհուրդ սքանչելի, որ յուրաքանչյուր շրջանավարտ անցնում է այդ դասը և հայացքը հառում դեպ ներդաշնակ մի նոր կյանք: Այս դեպքում հրաժեշտի խոսքե՞ր են պետք, թե՞ գալիքին հառած պատգամի երդում, երբ հույսի ու հավատքի մի նոր արարման ենք ուղղորդում շրջանավարտներին ու նորից սպասում նրանց: Ու իմ մտորումները տանում են ինձ հեռուները, որտեղ լույսեր կան վառ ու վերադարձի խրոխտ ձայներ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 25596 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook