USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախաբանի խոսք նոր հրատարակվելիք «Մանկավարժի օրագրի» մասին
2018-07-02 09:46:00
Տպել Տպել

Մտքի ծուլության և հոգևոր պարապուրդի մեր օրերում ջերմություն և լույս սփռող է Նատաշա Պողոսյանի «Մանկավարժի օրագրի» երկրորդ մասը, որին շատ շատերն էին սպասում: Ուսուցչի մասնագիտական ինքնության ու կերպարի փոփոխությունների, երբեմն նաև կորուստների մեր օրերում «Մանկավարժի օրագիրը» լուսավոր ու առաքինի ուսուցչության պարզած դրոշ է, իրականությանը համաքայլ ընթանալու, իրականության գնացքից չուշանալու անթաքույց հորդոր:

Մարտակերտը, հիրավի, Արցախ աշխարհի ռազմավարական նշանակության մեր հայրենքը, ուսուցչի օրագրային գրառման յուրաքանչյուր էջում է, տողատակում և լուսանցքում, առանցքում և ենթատեքստում, յուրաքանչյուր օրվա լուսաբացի սպասման մեջ, անհանգիստ ու աղմկոտ միջօրեում, մայրամուտի նիրհում:
Ն. Պողոսյանի ստեղծագործական թռիչքներով Մարտակերտի հողը, նրա մշակն ու պահպանողը, նրա ուսուցիչն ու աշակերտը դառնում են իմաստուն ու հանճարեղ: Նա բազմաբույր ու բազմագույն հրճվանքով է ներկայացնում բնության ընկալման, բնությանը մերձենալու իր բոլոր ապրումները, մտքերն ու հույզերը, որոնք սլանում են հորիզոնից անդին: Դպրոցը, գործընկերները, աշակերտներն ու ծնողները նրա օրագրի հերոսներ են: Նրա յուրաքանչյուր գրառման մեջ գնահատվում ու արժևորվում է անանցն ու հավերժականը, անանձնականն ու վերանձնայինը: Ու թերևս այստեղ է երևում ուսուցչի կերպարն ու նրա ազդեցության ուժը:
Մանկավարժի օրագրային գրառումներում ամբողջանում է Մարտակերտի բազում քաջորդիների հայրենասիրության սխրանքի կենդանի առասպելը, որոնցից շատերը նրա աշակերտներն էին: Բացառիկ անկեղծ է Պողոսյանի խոհն ու ապրումը: Հաճախ կարելի է զգալ նրա երկրորդ շնչառությունը, հոգեկան բեռի ծանրությունը: Կյանքից պոկված փաստագրություններով նա յուրօրինակ ձևով գտնում է իր իսկ առաջադրած կենսական հարցադրումների ելակետը:
Մանկավարժը հոգու խորքում զգում է և արտահայտում սոցիալական բարոյականության ու սոցիալական ներդաշնակության պահանջը և իր գրչով պայքարում հոգևոր ներդաշնակության համար: Մանկավարժի իր ոգևորությամբ նա փարատում է սերնդի կրթության ու դաստիարակության լիարժեք կազմակերպման դժվարությունների հետ կապված բոլոր թերահավատ կարծքիներն ու թուլակամ փաստարկները ու սեփական դիտողականությամբ ու կենսափորձով ոչ թե համակերպվում, այլ մանկավարժի կատարելությանը հասնելու իր տեսլականն է ուրվագծում, և փիլիսոփայական կարոտով սպասում դրա իրականացմանը:
Մանկավարժի նրա երազանքների գաղտնաբառը մեկն է՝ պայքարի ոգին: Ու այդ պայքարը սոսկ հայրենիքը պահելու համար չէ, դա հանդուրժողականության, արդարության, զսպվածության ու առաքինության համար մղվող պայքար է: «Մանկավարժի օրագիրը» ուսուցչի ստեղծագործական տառապանքով կերտված մանկավարժի կերպարի ու գործունեության գեղագիտական իդեալն է, որը պետք է հաղթի մերօրյա մարտահրավերների բոլոր հարթակներում՝ պատերազմից մինչև տնտեսություն, կրթությունից մինչև մշակութային ինքնության պահպանում: Նա հայկական հպարտությամբ է լցնում բոլորի սրտերը, հայրենիքը սիրելու և նրան նվիրվելու օգտակար ցանկությամբ:
Ամեն մի գիրք ունի իր պատմությունը, ընթացքն ու ավարտը: Բայց այստեղ ավարտ չկա: Կա մտքերի ու երևակայության խանդավառություն, ստեղծագործելու առատ լիցք և բարին արարելու պատգամ: Ուրեմն թող մանկավարժի հետագա գրառումները հետայսու միմիայն երջանկության հուշերի վերապատումներ լինեն:
ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի ԿԳՍ նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ

 

Այս նյութը դիտել են - 14455 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook