USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այս կյանքում նահանջն ինձ համար չէ
2018-04-05 09:20:00
Տպել Տպել

Քարերի երկիր է հայոց աշխարհը, ու ես սիրում եմ քարի համառությունը, սիրում եմ շնորհը նրա, որ այնքան կամք ունի, հզորություն, բայց երբ այդ քարը իր տեղում չէ ու դառնում է աղետ մեր անցնելիք ճամփին, կոտրում եմ անանցանելիությունն այդ, որ խաղաղ լինի անցնելիք ճամփաս, որ անձնական նպատակների իրականացում չէ, այլ միասնական կամք, գեղեցիկը արարելու հակում:

Սիրում եմ, երբ համառորեն առաջ եմ շարժվում, փորձում անգամ կոտրել այն ապառաժը, որ հաստատակամորեն իմ առջև փռել է անանցանելիության պատնեշը: Եթե կոտրել չկա, ապա չեմ էլ շրջանցում իմ անցնելիք ճամփան, առավել ևս, երբ նահանջն ինձ համար չէ: Նպատակներիս հասնելու իմ ճանապարհն անանձնական է, որ բախվում եմ երբեմն այդ քարե «պարսպին», բայց դիմակայելը մարդու համար է, ու նպատակասլաց քայլերով առաջ եմ շարժվում, չնայած երբեմն այդ քարեղեն հյուսվածքի համառությանն եմ հակադրվում:
Կոշտանում է հոգիս երբեմն, երբ իմ արարման ճանապարհին անպիտանելի դարձած մի քարե ոստայն դավեր է նյութում, մրոտում ճամփաս: Ինչպես լեզուն, որ չարի ու բարու ձուլվածք է, երբեմն քարն էլ ինձ համար դառնում է անդուր մի ծուղակ, որոգայթ հյուսված, ու կոտրելու հակումը դառնում է ձգտում, որ կարողանամ անցնել իմ ստեղծագործ ճամփան:
Ասում են՝ հողը քար է դարձել ամայությունից, երբ շարունակ հայը հեռացել է իր երկրից: Բայց այն բազմացել, որմ է դարձել, հարազատ օջախ, անհամար կառույցներ: Խաչքար է՝ դարձել, շիրմաքար, մատուռ է դարձել, աղոթքի խորան, քարը իմաստություն է իր մեջ կրել, անմար հիշողություն, նաև՝ համբույրով օծվել: Դողում եմ երբեմն, երբ լսում եմ քարի շնչառությունը, երբ ինքս էլ անկոտրում քարի համառություն ունեմ: Մատներս շոշափում են երբեմն սրբացված քարեր, որ անուններ են կրում իրենց վրա, կիսատված երազանքներ:
Զարմանալի է, որ քարը դարձավ իմ օրագրի էջի այսօրվա «հերոսը», որի հանդեպ և՛ ակնածանք կա, լռին խոնարհում, և՛ օրհնանք կա, բազում աղոթքներ, և՛ հիացմունք կա, գեղեցիկ արարում...Բայց ափսոս, որ երբեմն քարը պատնեշ է դառնում, ավելորդ մի իր, որ ճանապարհ է փակում, հոգուդ հետ խաղում քմահաճությամբ ու մեծամտաբար, երբեմն նույնիսկ՝ դեմքին խաղացող անփայլ ժպիտով:
Ու փորձում եմ քարից ստեղծել բառերի շարք, որ ինձ հարազատ են շատ, ու երբեմն դողում եմ այդ բառերն անվանելիս՝ քարե արծիվ, քարե շիրիմ ու քարե շունչ, քարե սարսուռ, քարե արցունք ու քարե հուշ, քարե մրմուռ, քարե ոգի ու քարե դարդ...Ու այսպես շարքն ավելանում, ու իմ առջև ծառացած այդ պատնեշը երևում է երբեմն որպես քարե մարդ, որ քարե սիրտ ունի, քարե ձուլվածք, որ որ զուրկ է զգացումից, ու մեծանում է այդ քարե պատնեշը կոտրելու ձգտումը, որ դառնում է ինձ համար դժվարություններ հաղթահարելու ճանապարհ, մի ստեղծագործական կյանք, որ ուսանելի է դառնում շատերի համար:
Ես սիրում եմ, երբ այն փոքրիկ քարն էլ ձեռքիս ափի մեջ շնչում է, ամենուր ես զգում եմ այդ շնչառությունը, որ հասանելի չէ շատերին: Ես սիրում եմ, երբ քարն իր պիտանելիությամբ մարդկանց նոր կյանք է տալիս, վեհություն սփռում մեր շուրջը, սիրում եմ նրա ալեկոծ հոգին, որ երբեմն ձուլվում է իմ անհանգիստ ապրումներին, սիրում եմ քարի անբեկանելի կամքը, որ իմն է դառնում և ինձ ուժ ներարկում, որ կոտրեմ այն քարի համառությունը, որ իր անպիտանելիությամբ միայն ճամփա է կտրում և չարության ոստայն հյուսում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 16251 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook