USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված զոհված ազատամարտիկի ծննդյան օրվան
2018-03-10 22:10:00
Տպել Տպել

Մեր դպրոցի յուրաքանչյուր դասարան կրում է զոհված ազատամարտիկի անուն: Դա ավանդույթ է դարձել մեծերի թե փոքրերի համար, որ սրբորեն հարգեն նրանց հիշատակը, նշեն ծննդյան ու զոհված օրերը, խոնարհումի խոսքեր ասեն՝ հավերժացնելով նրանց անցած մարտական ուղին: Այս անգամ 6-րդ ա դասարանի աշակերտներները ծաղիկներով ու մոմերով էին, և մոմերի առկայծումները մի առանձնակի լռությամբ պատեցին շուրջբոլորը: Ու մեկ րոպե լռությունը նահատակներին ուղղված խնկարկում է դառնում, որ ամեն անգամ հոտնկայս հարգվում է նրանց հիշատակը, ակնածանքով լցնում բոլորիս հոգիները:
Արամ Հարությունյանի հիշատակն էր հավերժացվում, որտեղ ներկա էին նրա հարազատները՝ եղբայրն իր ընտանիքով: Զոհված ազատամարտիկի անվանակիրը եղբոր՝ Սասուն Հարությունյանի որդին էր՝ դասարանի գերազանցիկ աշակերտ Արամ Հարությունյանը: Տողերիս շարվածքում ազգանվան կրկնությունից չխուսափեցի, այնպես, ինչպես բեմում գտնվող աշակերտները, որ բազմիցս հնչեցրին զոհված նվիրյալի՝ Արամի անունը, ով դարձել էր սերնդի շուրթերին սիրելի անուն՝ արժանի գովերգման:
«Երբեք չենք մոռանա նրանց անունները, ովքեր իրենց կյանքը դրեցին Արցախի զոհասեղանին: Անմոռանալի ու սիրելի դեմքեր շատ կան, ովքեր հիմա մեզ հետ չեն, և որքան լավ կլիներ, որ այս ժամին մեր կողքին լիներ մեր սիրելի Արամը, ով իր այնքան կարճ կյանքում հասցրեց անել շատ բան»: «Մենք հավատում ենք, որ նրանց հայրենասիրական դասերով ամրապնդված՝ մեզանից յուրաքանչյուրն անպայման կդառնա մեր երկրի արժանապատիվ քաղաքացին»: «Որտեղ էլ լինենք, միշտ բարձր կպահենք Արամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող դասարանի անունը»: «Նա չկա, բայց նրա հոգին սավառնում է երկնքում, նա կա բոլորիս հիշողություններում: Այսօր հիշատակման օր է, ու մենք խոնարհվում ենք մեր բոլոր նահատակների հիշատակի առջև»:

Արամ Հարությունյանի մարտական ուղին է բնութագրվում, ով պատանեկան հասակում՝ դեռ շարժման առաջին օրերից, զինվորագրված էր Արցախի ինքնապաշտպանությանը՝ հավատարմագրված հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին: Մասնակցել է Մարտակերտի շրջանի բազմաթիվ գյուղերի համար մղված մարտերին՝ ամենուրեք ցուցաբերելով բացառիկ խիզախություն ու անկոտրում կամք: 1992-ի դեկտեմբերին Վանք գյուղի մոտ հետախուզություն անցկացնելիս Հարությունյանի կողմից բացահայտվեց հակառակորդի առաջխաղացումը, որը կհանգեցներ պաշտպանվող դիրքերի շրջապատմանը և մարդկային մեծ կորուստներին, ինչպես նաև կորոշվեր Խաչենի ձորակի ճակատագիրը: Վաղուհաս գյուղի պաշտպանության համար մղված մարտում հակառակորդի մասշտաբային հարձակման ժամանակ Հարությունյանը և մյուս յոթ ազատամարտիկներն իրենց տոկունության ու արյան գնով կարողացան կասեցնել թշնամուն՝ տալով վեց զոհ և երկու վիրավոր: Այդ օրը՝ 1993-ի փետրվարի 10-ին, զոհվեց Արամ Հարությունյանը:
Վեցերորդցիների հայրենասիրական երգերը հնչեցին, խոնարհումի խոսքեր ասվեցին նահատակների հիշատակին, բանաստեղծություններ ասմունքեցին՝ Արամին նվիրված, որ լռությամբ ունկնդրեցինք բոլորս՝ այդ երեխաների հպարտ շնչից ոգևորված: Զինվորին ու հայրենիքին նվիրված երգերը՝ տղաների խրոխտ քայլերգով, զինվորական համազգեստով շուրջպարի բռնած աղջիկները հայրենասիրության վառ օրինակ էին, որ փոխանցվել էր նոր սերնդին, ակնածանքով լցրել մեր հոգիները: Վեցերորդցիներ Արինա Գրիգորյանի, Կիմ Օհանյանի, ութերորդցի Գերտրուդա Բեգլարյանի երգերը լավագույնս ընկալվեցին ներկաների բուռն ծափահարությունների ներքո, ուշադրության արժանացավ մի քանի աշակերտուհիների հրաշալի նվագը դաշնամուրի և քանոնի վրա:
Դասղեկ Նոնա Գասիյանի կազմակերպած միջոցառումը նոր սերնդի հայրենասիրական դաստիարակության լավագույն օրինակ էր, որ ավարտվեց իր շնորհակալական խոսքով: Զոհված ազատամարտիկի եղբոր՝ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանի խոսքը շնորհակալությամբ էր համակված՝ ուղղված դասղեկին, աշակերտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, նաև՝ Կանանց միջազգային օրվա շնորհավորանքով: Անի Հարությունյանի կողմից դասղեկին նվիրած ծաղիկները Արամի հարազատների կողմից երախտագիտության արտահայտություն էին: Դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի խոսքն էլ շաղախված էր շնորհակալությամբ՝ ուղղված վեցերորդցիներին ու դասղեկին, Կանանց օրվան նվիրված շնորհավորանքում առանձնակի խոսք ուղղեց Արամի մայրիկին:
Քանի~-քանի երիտասարդ կյանքեր ընծայաբերվեցին հայրենիքին ու անմահացան: Ակամայից տխրում է հոգիդ, որ սերունդը կոփում է իր միտքը և նահատակներին հիշելու պատգամը փոխանցում սերնդեսերունդ՝ հայրենիքի ամեն մի նվիրյալի անցած մարտական ուղու հիշողությամբ: Այն հայ մայրերի ամուր կամքի դրսևորում է դառնում, դիմացկունության արտահայտություն, որ 1974-ի մարտի 7-ին ծնված զավակի՝ Արամ Հարությունյանի ծննդյան ավետիսը տարիներ անց պիտի դառնար Կանանց միջազգային օրվա նախօրեին վշտամորմոք հիշատակ և հարազատների ու սերունդների շուրթերից հնչեր անունը՝ որպես հավերժացած հիշողություն:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 16236 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook