USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հատված դեռահասի օրագրից
2018-03-09 20:52:00
Տպել Տպել

Այս անգամ նա ինձ ուղարկեց հատված իր անձնական օրագրից: Ես կարդացի այն նրբին ակնածանքով դեպի մեկը, ում դասավանդել եմ տարիներ շարունակ, ում համար այս օրերին դարձել եմ «բանիմաց ընկերուհի», ով վստահաբար ինձ է ուղարկել իր անձնական մտորումները, որտեղ այս անգամ ընտրած կերպարն իր ուսուցչուհին է, մեկը, ով ամեն անգամ ընթերցում է նրա տողերը և հարազատական ու մտերմիկ զգացումով լցված՝ փորձում ինչ-որ ձևով նրան օգնած լինել:

Ես նրա անունը չեմ տալիս, երբ գիտեմ, որ նա իր տխուր պահերին ինձ հետ է, ու երբեմն նրա ապրումներն իմն են դառնում, երբ ինձ հետ բացվում է. «Երբեք ոչ մեկին թույլ չեմ տալիս կարդալ, հետևաբար Դուք միակն եք: Ինձ հարկավոր էր բանիմաց մեկը, ով կհասկանար ինձ, երբ տխուր եմ, որ հարցեր չտար ինձ, երբ բացակայում են պատասխանները: Ես որոշեցի, որ հենց Դուք կլինեք իմ «բանիմաց ընկերուհին»: Ես, ընդհանրապես, կիսվող մարդ չեմ, կան բաներ, որ ո՛չ եղբորս, ո՛չ մորս չեմ պատմում, իմ ներսում եմ պահում, իսկ օրագիրն օգնում է ինձ, որ ինքնաարտահայտվեմ:
«Սիրում եմ Ձեզ, որ ինձ սովորեցրիք ոչ միայն հայոց լեզու և գրականություն, այլ ինձ կյանք սովորեցրիք, ու ես հնարավորություն ունեցա Ձեր մասին իմ օրագրում գրելու այսպիսի տողեր. «Ես դեռ դպրոցական աղջնակ էի, փնտրում էի ծիածան, որ կյանքս վառ գույներով լցներ, և որ բոլոր ամպերը վերացներ, իսկ նա այդ ծիածանը գտավ ինձ համար: Ես գլուխ էի խոնարհում նրա ձեռքերին, որոնք մերթ թեթև էին և նուրբ, մերթ՝ ճարպիկ ու արագաշարժ: Ես գլուխ էի խոնարհում նրա ձայնին, որ մերթ ցածր էր, մերթ՝ հնչեղ ու սիրալիր...Նրա աչքերին էի խոնարհվում, որոնք, շատ բարի լինելով, արհեստականորեն թաքցնում էին հոգեկան տագնապն ու թախիծը: Ես խոնարհվում էի նրա սրտին, ով սիրում էր ամբողջ աշխարհը: Ես խոնարհվում էի նրա համեստության, նրա հոգու և էության առջև»:
Մենք իրար հետ երկար զրույցներ ենք ունեցել, ինչքա՜ն լավ, ինչքա՜ն նրբորեն եք ինձ հասկացել: Հիշում եմ, որ 6-րդ դասարանում հարցրի Ձեզ, թե ինչ է բարությունը: Իսկ Դուք ինձ պատասխանեցիք. «Եթե դու և ես կատարենք մեր գործը և չխանգարենք ուրիշներին, ապա դա էլ բարություն է»: «Այդքան քի՞չ»,-զարմացա ես: «Իսկ ո՞րն է իսկական բարությունը»,-կրկին հարցրի: «Ահա դու քայլում ես փողոցով և տեսնում ես, որ ինչ-որ մեկն աղբը թափել է գետնին: Մի՛ ծուլացիր, վերցրու՛ այն: Դրա համար ոչ ոք քեզ նույնիսկ շնորհակալություն չի հայտնի, բայց հենց դա էլ կլինի իսկական բարությունը»: Այդ ժամանակ գուցե և Ձեր խոսքերից բան չհասկացա, բայց հիշողությանս մեջ առանձնահատուկ ձևով միշտ ամուր պահեցի Ձեր բոլոր խորհուրդները: Ես, ծխող փոքրիկի նման թաքնված, տետրիս մի անկյունում գրում էի Ձեր ասածները, ու հիմա էլ շնչում եմ օդն այդ օրերի, շնչում եմ անհագ, շնչում՝ կարոտով...»:
Բազմիցս կարդացի այս տողերը, որ նա ինձ էր ուղարկել դեռ օրեր առաջ: Անսովոր մի թախիծ ուղեկցում էր ինձ...Մի՞թե արժանի էի այդ խոնարհումին, այդ զգայացունց մեծարանքին, որ գրել և ուղարկել էր ինձ իմ աշակերտուհին: Նրան ուղղված շնորհակալությունս մեծ էր, բայց նրանից ստացած խոսքերը մի նոր անակնկալ էին ինձ համար. «Ասում են՝ կան մարդիկ, ովքեր հայտնվում են մեր կյանքում, որ մենք երբևէ մեզ մենակ չզգանք: Նրանք մեր կյանքում գուցե Աստծո ձեռքե՞րն են, որ ցույց են տալիս ճիշտ ճանապարհը: Ահա հենց Դուք եք այդպիսի մեկն իմ կյանքում: Ես սիրում եմ այս կյանքը, քանզի տարիներ առաջ հենց այդ նույն կյանքն է աշխարհին նվիրել Ձեզ, իմ աննմա՛ն ուսուցչուհի»:
Չգիտեմ՝ ինչպես կընդունի նա, բայց հրապարակային դարձրի ուսուցչուհուս մասին գրած դեռահասի օրագրի այս հատվածը՝ չնշելով իր անունը, միաժամանակ փորձելով ուղղորդել շատ-շատ մանկավարժների, թե ինչքան գեղեցիկ ապրումների առիթ է տալիս ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը, երբ հնարավորություն ենք տալիս դեռահասին՝ բացվելու իրեն անհանգստացնող հարցերով, իսկ դրա արդյունքում ամրագրվում է փոխադարձ հասկացվածության մի գերազնիվ հարաբերություն, որտեղ օգնության կարիք ունեցող դեռահաս կա և իր խորհուրդներով նրան ուղղորդող ուսուցիչ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 10979 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook