USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համերգ՝ Արցախի կամավորների միության նախաձեռնությամբ
2018-03-02 13:58:00
Տպել Տպել

Դասերից հետո երկու դպրոցների ուսուցիչներս՝ տնօրենության, աշակերտների մասնակցությամբ, հրավիրված էինք մշակույթի և երիտասարդության կենտրոնում կայանալիք համերգին: Այդտեղ էին Մարտակերտի մշակույթի և տարբեր ոլորտների աշխատողներ, զորամասի զինվորներ: Ղարաբաղի «Հորովելի» քաղցր մեղեդին տարածվեց դահլիճում, ապա երկու դեռահաս հաղորդավարուհիների խոսքում հնչեց հայրենիքի ու հայ ժողովրդի հարատևության պատգամը, որ մաքառումների ուղի անցնելով՝ հասել է մեր օրերին, ու արցախցին իր ազատության կոչերով ու հաստատակամությամբ կանգնել է անկախության ճանապարհին, որ շարժման իսկ առաջին օրերից դարձել էր բռունցք ու միացման կոչերով փորձել միանալ Մայր Հայաստանին:

Թերևս առաջին անգամ էի լսում Արցախի կամավորների միության մասին, որն իր առաջին համերգն էր կազմակերպել մեզ մոտ՝ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված, նաև նպատակ ուներ՝ առավելապես երիտասարդությանը, տեղեկացնել այս միության մասին, որ գործում է «Ո՞վ, եթե ոչ ես, եթե ոչ դու, եթե ոչ մենք» նշանաբանով, և ունի նախատեսված ծրագիր, մշակված պլան ու նպատակ ունի իր շարքերը համալրել նոր անդամներով, որի մասին հայտարարվեց բեմահարթակից:

Երիտասարդներն իրենց հրաշալի ձայնով հայրենասիրական երգեր հնչեցրին, որոնք հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացան, տարբեր ազգային պարերով հանդես եկան Շուշիի Նարեկացու արվեստի միության սաները: Պարողների մեջ նաև մեր դպրոցականներն էին, որոնց մի նոր կեցվածքով տեսանք՝ զինվորական աղջիկներին՝ խրոխտ շարժուձևով, ազգային տարազով փոքրերին՝ շուրջպարի բռնած: Այստեղ ասմունք կար, հաղորդավարուհիների հստակ խոսք՝ համեմված հայրենասիրական բանաստեղծություններով, «Սասունցիների պարին» հաջորդող մշակույթի կենտրոնի պարուսույց Նաիրի Ազատյանի ճկուն ու վարժ պարի շարժումներով, պարող աղջիկների խրոխտ քայլերգով, որ բեմահարթակ էր բարձրացրել երիտասարդ պարողներին ու զինվորներին:

Բեմից իջած երկու աշակերտուհիներ, ովքեր վարել էին համերգը նախատեսված ծրագրով, մի պահ հայտնվեցին կողքիս: Նրանց ուղղված իմ հարցումներից հասկանալի դարձավ, որ այս համերգին մասնակցում են նաև Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի սաները, ովքեր իրենց հրաշալի երգի կատարումներով հիացրին հանդիսատեսին: Հաղորդավարուհիների խոսքից տեղեկացա, որ կամավորների միության մեջ դեռ ընդգրկված են տասը անդամ, նույնիսկ՝ Արցախի պետական համալսարանից, մայրաքաղաքի 11-րդ դպրոցից, նաև հասկանալի դարձավ, որ երիտասարդ կամավորների շարքը համալրելու անհրաժեշտություն կա, որտեղ կարող են ընտրվել տարբեր բուհերից ու դպրոցներից, ովքեր կցանկանան:
Ի հավելումն Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանի շնորհակալական խոսքի, որ ուղղված էր Արցախի կամավորների միության նախաձեռնությանը՝ այս հրապարակումով և մանկավարժիս խոսքով ողջունում եմ այս նոր ծլարձակող կամավորական միության գործունեությունը, ցանկանում նորանոր հաջողություններ, բարեգործական միջոցառումների ընդգրկուն ծրագրերի իրականացում՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն նրա խաղաղ ու լուսավոր ապագայի:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8815 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook