USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նրանք չեն ուզում Սփյուռքի հայերը մոռանան հայերենը
2018-02-12 09:14:00
Տպել Տպել

Դպրոցում ավանդույթ է դարձել Մայրենիի օրվան նվիրված միամսյակը, որ նախատեսված է հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ը ժամանակահատվածը: Պատի թերթերի, շարադրությունների, լավագույն ձեռագրերի մրցույթը կամփոփվի Մայրենիի օրը՝ գրական-երաժշտական ցերեկույթի ժամանակ:
Այսօր 6-րդ ա դասարանում ուշադրությունս սևեռված էր որոշ դպրոցականների շարադրություններում արծարծված մտահոգությանը, որ մայրենին պետք է իր արժանվույն տեղն ունենա նաև Սփյուռքում ապրող հայ երեխաների մոտ, այնինչ օտարության մեջ մոռանում են հարազատ լեզուն, հպարտանում օտար լեզվի իրենց իմացությամբ:
«Ես շատ կցանկանայի, որ արտերկրում ապրող հայ մանուկն էլ հայերեն արտասանի իր առաջին բառը, դաստիարակվի հայի ոգով ու լինի հային արժանի հետևորդ» /Գյուրջյան Մանե/:
«Մայրենի՛ լեզու, շնորհակալ եմ քեզ, որ դու կաս: Քեզանից շնորհակալ պիտի լինեն նաև ազգակիցներս ու սփյուռքում ապրող հայերը: Քեզ կմոռանա այն հայը, ով կգործածի օտար լեզու և չի ցանկանա գրել ու խոսել հայերեն: Այն մարդկանց, ովքեր կմոռանան իրենց հարուստ լեզուն, ես ու դու կկոչենք՝ լեզուն ուրացող: Ոչ մի հայրենասեր մարդ չպիտի խուսափի իր մայրենիի կիրառումից, քանի որ այն մեզ է փոխանցվել մեր նախնիներից դժվար ու բարդ ճանապարհով»: /Ավանեսյան Կարեն/:
«Իմ քաղցրաբա՛ռ լեզու, մենք պետք է քեզ պահպանենք ու փոխանցենք սերնդեսերունդ: Իսկ քեզ պահպանելու համար պետք է գրենք, կարդանք ու մտածենք հայերեն: Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունեն նրանք, ովքեր չգիտեն քեզ, իսկ քեզ պահպանելը յուրաքանչյուր հայի միակ ու ճիշտ ճանապարհն է»/Գրիգորյան Վարդիթեր/:
«Ինչպե՞ս մոռանալ այն լեզուն, որ լի է հուզառատ աշխարհներ բացող երանգներով, բաց աչքերով, բայց գոց սրտերով, մարդկանց համար անտեսանելի կապտաշող հորիզոններով: Այն երազների իրականացման ճանապարհների խաչմերուկն է, նրանց շփման միակ ընդհանուր եզրը: Լեզու, որով ցնորքների լուրթ երկնքում թևածող ոգիներն են երկնում իրենց հրաշագեղ ու հոգեզմայլ երգերը» /Հարությունյան Արամ/:
Գիտեմ, որ մայրենի լեզուն պահպանելն օտարության մեջ դժվար ճանապարհ է, երբ շուրջբոլորը շնչում են այլ լեզուներով: Ուծացումն ամենուր է, որի մասին ճշմարտացիորեն իր ժամանակ գուժել է Շահնուր գրողը: Օտար երկրներում տարագիր հայության նահանջը նահանջ է «հոգիներու, որ կը ջնջե, կը ձուլե, կանհետացնե ամեն բան … Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն … Մեղա~, մեղա~ Արարատին»:
Ուծացման վտանգն զգացի նաև ես տարիներ առաջ՝ օտար ափերում ռուսական դպրոց հաճախող դստերս մոտ, ու սկսեցի հայերեն այբուբենի ուսուցանումը, որ դարձավ հիմնաքար նրա համար՝ նոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին: Սարսափելի էր, երբ հեռուներում ապրողների մեջ նկատեցի հպարտության զգացում, որ իրենց երեխաները հմտորեն տիրապետում են օտար լեզուներ՝ մոռացած մայրենին: Այսօր էլ շարունակվում է ցավալին, որ հայության արտագաղթը նոր սերունդներ է տանում իր հետ ուծացման, որով էլ արագացվում է ազգային դիմագծից հեռացումը: Կյանքն ու ժամանակն իրենցն են անում, բայց չմոռանանք մայրենին, որտեղ էլ լինենք:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8053 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook