USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դուք երջանի՞կ եք, տիկի՛ն Պողոսյան, շատ եմ խնդրում, որ իմ հարցին պատասխանեք
2018-02-05 10:55:00
Տպել Տպել

Անակնկալ էր ինձ ուղղված նամակը՝ անցած ուստարվա շրջանավարտ Լիլիթ Հովսեփյանից, առավել զարմանալին այս հարցումն էր, որ ակնթարթորեն ինձ տարավ դեպի անցած օրերը և ներկաս օղակեց անցյալին: Ընթերցում եմ նրա մտորումները, որ երջանկության մասին են գրված, իր ապրումներից, հիացած նայում եմ այս նկարին, և որքա~ն ուրախ եմ, որ, վերջապես, նրան տեսնում եմ երջանկությամբ հարբած ու նաև այն գիտակցությամբ, որ երջանկությունը երբեմն մեր կողքին թևածում է, բայց շատ ժամանակ չենք նկատում այն:

«Իմ բարի՛ ուսուցչուհի, ես ուզում եմ, որ Դուք միշտ երջանիկ լինեք, իսկ իմ կյանքում ամեն ինչ նույնն է, պարտադիր չէ ինչ-որ բան լինի՝ երջանիկ լինելու համար...Ես երջանիկ եմ իմ ունեցածով, երջանիկ եմ, որ խաղաղ են մեր սահմանները, որ եղբայրս լավ է...Ախր այնքան շատ բան կա հենց մեր կողքին՝ երջանիկ լինելու համար, բայց շատ հաճախ մենք դա չենք նկատում: Չեք կարող պատկերացնել, թե ես ինչպիսի գոհունակությամբ եմ ապրում այս աշխարհում, թե ինչքան շատ երջանիկ եմ, թեկուզ հենց նրա համար, որ արցախցի եմ, որ ապրում եմ արցախուհուն վայել՝ երբեք չմոռանալով հայրենի հիշատակները, աղոթքն ու լեզուն չաղավաղելով,

սովորույթներն ու ավանդույթները չոտնահարելով...
Իսկ Դուք երջանի՞կ եք, տիկի՛ն Պողոսյան: Շատ եմ խնդրում, որ իմ հարցին պատասխանե՛ք»:
Մենք պայմանավորվեցինք, որ կհրապարակվի այս նամակն ու իմ պատասխանը, բայց այդ հարցումը կարծես կայծակնորեն շամփրել էր ինձ: Երբևէ մտածե՞լ եմ երջանկության մասին, կա՞ այն եզրագիծը, որ պիտի անցնես ու հասկանաս, որ դու երջանիկ ես: Մի՞թե մարդը երջանիկ չէ, որ իր իսկ գոյությամբ դեռ ապրում, արարում է այս լույս աշխարհում: Բայց մի՞թե սա էլ երջանկություն չէ, երբ անցած ոստարվա իմ աշակերտուհու անհանգիստ ապրումներից մտահոգ դարձած ուսուցչուհիս այսօր լսում է, որ նա զգում է երջանկության բարեբեր շունչը: Ու հայացքս հառում եմ նորից նրա տողերին, որտեղ երջանկությունն է բարբառում:
«Մենք սիրում ենք մտորել երջանկության մասին, երազում հասնել դրան, բայց դժվարությամբ ենք կարողանում պարզել, թե ինչ է երջանկությունն ուրիշների համար: Ի՞նչ է երջանկությունը, ո՞վ կարող է երջանկություն սովորեցնել, և հնարավո՞ր է արդյոք այն սովորել: Յուրաքանչյուրը «երջանկություն» հասկացության մեջ դնում է այն, ինչն իրեն չի բավականացնում:
Գուցե ես ճիշտ չեմ պատկերացնում երջանկությունը, բայց բոլոր երջանիկ մարդիկ, ում հասցրել եմ ճանաչել, շատ տարբեր են թե՛ բնավորությամբ, թե՛ ճակատագրով, թե՛ ապրելակերպով և թե՛ մտածելակերպով:
«Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են»,-սա ասել է մի պարզամիտ մարդ: Լսել եմ նաև մի այսպիսի կարծիք. «Երջանկությունը ցանկությունների կատարումն է»: Բայց ինչու՞ երբ ցանկալին իրականություն է դառնում, մենք հաճախ ամայություն ենք զգում, միևնույն է, մեզ ինչ-որ բան պակասում է: Ասում են նաև, որ այս աշխարհում ամենից շատ հիմարների բախտն է բերում, բայց չեմ ուզում ասել, որ հենց հիմարներն են ամենաերջանիկ մարդիկ: Իսկ գուցե հասկանալու համար, թե ինչ է երջանկությունը, անհրաժեշտ է, թեկուզ կարճ ժամկետով, ապրել դժբախտությու՞ն: Սա հեքիաթ չէ, ես բազմիցս համոզվել եմ, որ երջանիկների մեծամասնությունը սերում է դժբախտներից, որոնք կրել են ճակատագրի ծանր հարվածները, եղել «անդունդի եզրին»: Սակայն չեմ պնդում, որ երջանկություն տանող ճանապարհն անցնում է միայն դժբախտության միջով:
Բայց որքա՜ն ճշգրիտ են Հենրի Շոուի խոսքերը. «Եթե երբևէ հետամուտ լինելով երջանկությանը՝ դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին»: Նաև լսել եմ, որ երջանիկներն իրենց մասին քիչ են խոսում, իսկ ես ասում եմ, որ այս կյանքում իմ բախտը բերել է: Այո՛, որտեղ էլ եղել եմ, իմ բախտը անբացատրելի կերպով բերել է: Ես դա ասում եմ և չեմ վախենում աչքով տալ ճակատագրիս»:
Սիրելի՛ Լիլիթ, կարդացի այս նամակը, ու ինձ թվաց՝ երջանկության մասին քո մտորումներով արդեն պատասխանել ես ինձ ուղղված հարցին: Բայց մի՞թե երջանիկ չեմ ես, որ իմ երջանկությունը չեմ տեսնում բարվոք կյանքի մեջ, ինձ համար այդ երջանկությունն իմաստավորվում է շատ-շատերի երջանկությամբ, դժվարությունների հաղթահարման, նպատակների իրականացման երկար ճանապարհով: Ես երջանիկ եմ, երբ բերկրալից ապրումների, հույզերի փունջը միշտ էլ ուղեկից է ինձ, երբ լսում եմ գետնին ընկած քարի շնչառությունը, զգում այս հողի բույրը, տեսնում անծայրածիր երկնի խավարում առկայծող աստղերը, նկատում ինձ նվիրած ծաղիկների մեղմագին ժպիտը...Մի՞թե երջանկություն չէ, երբ ձմռան այս ցրտին թոռնիկս հիանում է պատուհանիս տակ պատսպարված թռչունների ճռվողյունով, իսկ ես շուրջբոլորս թևածող ցնծության մեջ շարում եմ այս տողերը: Այո՛, ես երջանիկ եմ, երբ ամեն օր զգում եմ խոսքի արժեքը, վայելում խաղաղ երկինքը, որ ամեն օր հիշեցնում է ինձ այն ցողի կաթիլը, երբ հրետակոծությունից հետո օրորում էի ափիս մեջ՝ զգալով ապրելու համը:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 7690 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook