USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անկեղծ զրույց դպրոցի տնօրենի հետ
2018-01-31 10:00:00
Տպել Տպել

11-րդ ա դասարանի աշակերտ Վահագն Սաղաթելյանի հարցազրույցը դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի հետ կայացավ անկեղծ ու մտերմիկ միջավայրում: Լսեցի ձայնագրությունը, ցանկալի համարեցի տեսանելի դարձնել այն՝ որպես աշակերտի և տնօրենի լավագույն հարաբերության արտահայտություն:

Հետաքրքիր է, տիկի՛ն Պետրոսյան, ինչու՞ ընտրեցիք հենց ուսուցչի մասնագիտությունը:
Մասնագիտություն ընտրելու համար, նախ պետք է ունենաս քո իդեալը, իսկ ես դպրոցում սովորելու տարիներին ունեցա այնպիսի ուսուցիչներ, որոնց մինչ այսօր էլ պաշտում եմ: Նրանցից են՝ Միշա Պետրոսյանը, Էմիր Համբարձումյանը, Լևոն Եղիազարյանը, ովքեր մաթեմատիկա և ֆիզիկա էին դասավանդում: Որոշել էի դառնալ երկրաբան, բայց հանդիպելով այդ ուսուցիչներին՝ փոխեցի միտքս և որոշեցի դառնալ ուսուցիչ ու նմանվել նրանց՝ լինել խստապահանջ, կարգապահ և ունենալ բավարար գիտելիքներ տվյալ առարկայից, ու այդպես էլ ընտրեցի մաթեմատիկայի ուսուցչի իմ մասնագիտությունը:
Բոլորին երևի կհետաքրքրի, թե քանի տարվա ուսուցչական փորձ ունի տիկին Պետրոսյանը:
Ճիշտն ասած, ես ունեմ զուտ մանկավարժական 42 տարվա փորձ, 1994 թվականից եմ նշանակվել տնօրեն, եղել եմ նաև դպրոցի կազմակերպիչ: Ընդ որում, միշտ էլ զուգահեռաբար դասավանդել եմ մաթեմատիկա:
Հիշո՞ւմ եք այն օրը, երբ առաջին անգամ մտաք դասարան: Ինչպիսի՞ ապրումներ ունեիք:
Առաջին անգամ, որ մտա դասարան, շատ հետաքրքիր էր ու տպավորիչ: Դասավանդում էի 4-րդ դասարանում: Այն ժամանակ աշխատանքի ընդունվելը շատ դժվար էր, սեփական դասաժամ չունեի, միշտ փոխարինում էի: Մտա դասարան և առաջինը գրատախտակի մոտ կանչեցի Արմեն անունով մի թմբլիկ տղայի՝ առաջարկելով նրան, որ գրատախտակին նկարի քառակուսի, շրջան մաթեմատիկական պատկերները: Նա սկսեց լացել, հարցրի պատճառը, ասաց՝ ես նկարո՞ղ եմ, չեմ կարող: Նրան համոզեցի, եկավ գրատախտակի մոտ ու նկարեց իմ օգնությամբ: Արդյունքում կարողացավ հանձնարարությունը կատարել և շատ ուրախացավ: Իհարկե, ես էլ ուրախացա, քանի որ կարողացա այդ երեխայի լացը փոխարինել ծիծաղով: Նաև շատ հետաքրքիր է աշխատել երեխաների հետ:
Ո՞րն է ձեր սիրած զբաղմունքը դպրոցից դուրս, առհասարակ՝ առօրյայում:
Առօրյայում շատ զբաղմունք ունեմ: Ճիշտն ասած, նախ՝ սիրում եմ շինարարությամբ զբաղվել, ինչպես նաև զբաղվում եմ կարուձևով, գյուղատնտեսական աշխատանքներով, ընտանիքում ցանկացած գործ կարողանում եմ կատարել, մանավանդ, այն դեպքում, երբ տանը մենակ եմ ապրում: Լինի դա տղամարդուն թե կնոջը հարմար գործ, ինձ համար տարբերություն չկա, բոլոր աշխատանքները հավասարապես կարողանում եմ կատարել:
Ուսուցիչը և, առհասարակ, կրթական համակարգը կոչված են ոչ միայն կրթելուն, այլև հասարակությանը պիտանի մարդ ու քաղաքացի դաստիարակելուն: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ սերունդ է 21-րդ դարում մեծանում։
21-րդ դարում մեծանում է շատ ազատ սերունդ, ինֆորմացիայով շատ հարուստ, ով տիրապետում է տեղեկատվական տեխնոլոգիաներին և ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ուսուցիչն այսօրվա պայմաններում: Առաջներում այդպես չէր, հիմա երեխան ավելի շատ է զարգացած, քան մենք՝ հին սերնդի ուսուցիչներս:
Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել այսօրվա դպրոցը, աշակերտությանը և ընդհանրապես` մանկավարժին:
Քանի որ մենք գտնվում ենք սահմանին մոտ, ես առաջին հերթին կցանկանայի դպրոցը տեսնել ապահովված՝ բառիս բուն իմաստով: Այստեղով «թուրք» է անցել, և այդ իսկ պատճառով մեր դպրոցը ենթակա է կապիտալ վերանորոգման: Կցանկանայի մեր դպրոցը տեսնել վերանորոգված, ամբողջությամբ կահավորված, մեր աշակերտները ցանկալի է կրթվեն բարվոք պայմաններում, նաև կուզենայի մեր դպրոցը համապատասխաներ եվրոպական չափանիշներին, մեր աշակերտներին կցանկանայի տեսնել խաղաղ պայմաններում: Ուզում եմ աշակերտները տիրապետեն գիտելիքների գոնե մինիմալ պահանջներին, ուսուցիչները կցանկանայի, իրոք, լինեն ուսուցիչ՝ իրենց ընտրած մասնագիտությանը հավատարիմ, ունենան բավարար գիտելիքներ և օրինակ հանդիսանան աշակերտների համար, առաջին հերթին լինեն հոգեբան, հետո՝ իրենց առարկայի ուսուցիչը:
Կարծում եմ, այսքան տարիներ աշխատելով նույն դպրոցում, բարդ չէր ստանձնել դպրոցի տնօրինման պարտականությունը:
Ճիշտն ասած, 1994 թ-ին, երբ եկանք Մարտակերտ, ինձ առաջարկեցին տնօրենի պաշտոնը՝ հաշվի առնելով, որ դեռ բնակչություն չկար այստեղ, առավելապես՝ ուսուցիչ: Դժվար պայմաններ էին, և ես առաջին վերաբնակիչներից էի, որ եկել էի Մարտակերտ։ Հրաժարվեցի տնօրենի պաշտոնից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնօրենի փորձ չունեի: Ես պատրաստ էի օգնել բոլոր հարցերում, միայն թե սեպտեմբերի 1-ից ունենայինք կայուն դպրոց։ Ու վերադասը ինձ հետ համաձայնվեց, և շուտով սկսվեցին աշխատանքները: Հուլիսի 1-ին գրեցին իմ հրամանը՝ որպես դպրոցի փոխտնօրեն: Միայն մի աշխատողի հրամանով դպրոցը պատրաստ էր նոր ուսումնականի: Ես սկսեցի աշխատանքները՝ դռներ, պատուհաններ էի տեղադրում, ապակեպատումն իմ ձեռքերով եմ արել. ո՛չ տղամարդ կար, ոչ էլ՝ մեկ ուրիշ օգնող: Նույնիսկ հայտարարեցի՝ ովքեր ուզում են դպրոցում աշխատել, թող գան օգնեն, իմ աշխատավարձը բոլորի հետ հավասար կբաժանվի: Արդյունքում մեզ հաջողվեց սեպտեմբերի 1-ին դպրոցը նախապատրաստել 300 աշակերտի համար։ Իսկ երբ անհրաժեշտ էր նշանակել նոր տնօրեն, նկատի ունենալով իմ աշխատանքը՝ ինձ նշանակեցին, ու մինչ այսօր էլ աշխատում եմ դպրոցում՝ որպես տնօրեն։

Ըստ Ձեզ , ո՞րն է կայացած դպրոց ունենալու գաղտնիքը:
Կայացած դպրոց ունենալու գաղտնիքը դա առաջին հերթին կադրերի ճիշտ բաշխումն է, որպեսզի դպրոցում աշխատանքները կազմակերվեն այնպես, ինչպես ընդունված է կատարել օրենքով, առաջինը կադրային քաղաքականությունն է: Լավագույն ուսուցիչ, մնացածը աշխատանքի արդյունքն է։
Եվ վերջում՝ Ձեր բարի խորհուրդը ապագա մանկավարժներին:
Ապագա մանկավարժներին խորհուրդ կտայի՝ սիրեն իրենց մասնագիտությունը, սիրեն աշակերտներին, իրենց անձնական կերպարով օրինակ հանդիսանան աշակերտների համար՝ ապագա մասնագիտություն ընտրելու հարցում։
Շնորհակալություն Ձեզ, տիկի՛ն Պետրոսյան, այս անկեղծ զրույցի համար:

 Նատաշա Պողոսյան 

Այս նյութը դիտել են - 10298 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook