USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մրցանակ Սահմանադրության օրվան նվիրված շարադրությունների մրցույթում
2017-12-08 11:06:00
Տպել Տպել

Արցախում Սահմանադրության օրվան նվիրված, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հայտարարված շարադրությունների մրցույթում հաղթանակ ենք արձանագրել: Այն անցկացվել է երկու փուլով, «Ինչու՞ են մարդու իրավունքները կարևոր. իմ ապրած իրականությունը և Զաբել Եսայանի փորձառությունը» խորագրով:

Մեր դպրոցից հանրապետական մրցույթին ներկայացվել են 11-րդ դասարանի իմ երկու աշակերտուհիների շարադրությունները: Տաթևիկ Ղահրամանյանն իր շարադրանքով անցել է 2-րդ փուլը, մրցանակային տեղ զբաղեցրել: Քրիստինե Կարապետյանը հաղթահարել է միայն մրցույթի 1-ին փուլը: Պարգևատրությունը կլինի դեկտեմբերի 10-ին՝ Սահմանադրության օրը, Ստեփանակերտում:

Շարադրությունները, ըստ նախատեսվածի, ծավալուն են՝ 1200 բառ, ներկայացնում եմ հատված Տաթևիկ Ղահրամանյանի շարադրությունից:
«Այսօր ինքնազարգացման բարձր մակարդակի վրա ենք գտնվում, բոլոր ընդունված օրենքները բխում են մարդկանց շահերից, թեև կան բացառություններ, բայց այն, ինչ վերաբերում է Զ․Եսայանի «Սիլիդարի պարտեզների» պատմությանը, այնտեղ օրենքը ոչ թե կարգավորիչ էր, այլ «սարսափելի ու նողկալի հրեշ», որն իր մահազդու շունչն էր փռել ամենուր և սպանում էր կենդանությունը, բնածին ազատությունը, որ տրված էր մարդուն։ Իմ ապրած իրականության մեջ նրա կյանքում տիրող իրավիճակն անհանդուրժելի է, և եթե այդպես լիներ, ես ինքս կաղաղակեի, կըմբոստանայի այդ օրենքների դեմ:
Ընտանիքն այն ամուր կառույցն է, որի վրա հիմնված է մեր ամբողջ կյանքը, և առանց աղջկա կամքի՝ նրան ամուսնացնելը, այն էլ՝ անչափահաս տարիքում, օրինազանցություն է: Ընտանիքը պետք է կառուցվի միայն սիրո վրա, սակայն գրողի տատիկը, առանց ճանաչելու, ամուսնացավ անծանոթ տղամարդու հետ։ Մեր օրերում աղջիկները, երբեմն սիրուց կուրացած, հաշվի չառնելով ծնողների կարծիքը, փախչում են իրենց սիրած էակների հետ: Հիմա այդպիսի դեպքերն անխուսափելի են, և մարդկային ո՞ր օրենքը կարող է սիրող էակներին բաժանել միմյանցից, եթե սիրում են անկեղծ, տարիքն էլ համապատասխանում է:
Երբ աչքերս սահում էին տողերով, թե աղջիկներին և կանանց այն ժամանակ արգելված էր եկեղեցի գնալ, մի պահ սկսել եմ պատկերացնել մեր այսօրվա եկեղեցին՝ առանց կանանց: Կիրակի օրերին հաճախ եմ եկեղեցի գնում, և միշտ ակնածում եմ աղոթող կանանց ջերմեռանդությամբ, նրանց ամուր հավատով, որ ծնկի են գալիս և աղերսում Տիրոջը: Մի՞թե այն ժամանակ նրանք զրկված էին եկեղեցու մաքուր և սրբագործված ծուխը շնչելուց:
Սպիտակ գլխաշորերով, որ հնազանդության խորհրդանիշ է, եկեղեցու խորանի դիմաց վառվող մոմերի լուսավորության մեջ կանգնած կանայք աղոթում են միշտ, ես էլ ամբողջ հոգով հավատում եմ Աստծուն, և եկեղեցի գնալն ինձ համար ոչ թե քրիստոնյայի պարտականություն է, այլ՝ մաքրության ուղի, լույսի ճանապարհ։ Եվ զարմանքս ու շփոթմունքս ավելի է մեծանում, երբ գրողի պատմության մեջ պահք չպահելու համար պատժում, տանջամահ էին անում մարդկանց, մինչդեռ պահքի խորհուրդը ոչ թե կայանում է զուտ ուտելիքից հրաժարվելու, այլ՝ կյանքի հաճույքներից ազատվելու, մեղքերից մաքրվելու մեջ: Պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու։
Մեծ պահքի օրերին մասնակցում էի պատարագին, աշխարհից վերացած՝ ընկղմվել էի մտքերի մեջ: Տեսարանն ամբողջացնում էր քահանայի ձայնը, որի հետ միախառնված՝ լսում էի Նարեկացու տաղերի ծիծաղախիտ հնչյունները: Ես այն ժամանակվա քահանաներին կպատասխանեի մեր քահանաների խոսքերով. «Պահքը ոչ թե միս ուտելու կամ չուտելու մեջ է, ո՛չ, ի՞նչ օգուտ պահքից, եթե կենդանու միսն ուտելու փոխարեն, ուտում եք ձեր բարեկամի միսը, գրգռում, բարկացնում եք նրանց։ Ի՞նչ ուժ ունի փողը, որ կաշառքը մինչև հիմա գոյատևում է և իր կործանարար արմատներներով կառչած է աշխարհից։ Մի՞թե մարդկային անկեղծ շփումն ավելին չէ, քան փողը»:
Երբևէ հայն իրեն ազատ զգացե՞լ է օտարի լծի տակ, երբևէ ապրե՞լ է՝ որպես ազատ, անկոտրում մտածողության տեր մարդ։ Եվ այդ անարգանքն ու նսեմությունը հիմա ավելի է բորբոքում իմ մեջ վրեժի ցասումը, բայց ո՞վ էր ստիպում լինել գառ, որ գայլերը նրանց հոշոտեին։ Հայ և հույն տղամարդիկ պարտավոր էին սափրել իրենց բեղերը՝ հնազանդություն ընդգծելու համար: Մեր շրջապատում էլ կան եզդիներ, բայց եթե կրոնական տարբերությունը չլիներ, ես երբեք չէի զգա, որ նրանք հայ չեն։ Իրավունքները հավասար են բոլորի համար:

Երբ խոսում են պանդխտության մասին, ինքս չեմ արդարացնում կամ մեղադրում հայրենքից հեռացած կռունկներին: Զաբել Եսայանի պապիկն էլ, իր ընտանիքը թողնելով բախտի քմահաճույքին, առանց տեղեկացնելու, հաճախ էր հեռանում: Մեր օրերում էլ մարդիկ ստիպված են թողնել իրենց հողը, ընտանիքը և գնալ օտար երկրներ՝ աշխատանք փնտրելու: Սոցիալական շերտավորումն այնքան խոր արմատներ ունի, որ կարծես երբեք էլ չի ավարտվի:

Հաճախ ինքս ինձ հարցնում եմ, թե արդյո՞ք մեղավոր են թուրքերը, որ իրենց նախնիները գազաններ են եղել։ Հրեա շրջիկ թիթեղագործի անօգնական վիճակը, ով հալածվում էր և՛ քամուց, և՛ չար տղաներից, հուզմունք է առաջացնում հեղինակի մոտ: Նա տեսնում է մի մարդու , ով ի ծնե պատժված էր բնության կողմից։ Նա չէր կարող անգամ երևակայել, որ մարդիկ կարող էին ուշադրություն դարձնել խեղճ հրեայի ազգությանը։ Կարդալու ընթացքում ինքս էլ մտատանջության մեջ ընկա, իսկ ինչու՞ պաշտպանել հրեային, երբ նրանց նախնիները տանջել էին Հիսուսին, բայց մտորումներս երկար չտևեցին և հիշեցի «Աստվածաշնչի» խոսքերը, որ Հիսուսը եկավ խաչվելու և փրկություն տալու համար, և այս ամենը սահմանված էր նախօրոք և պիտի լիներ...
Անձեռնմխելի անձ չկա, և ես դեմ եմ անահավասարությանը։ Երբ վարպետը կավից ամաններ է քանդակում, դրանցից ոչ մեկն իր ձևը չի փոխում, բոլորն էլ մնում են նույնը՝ նույն նյութից, նույն ձևով և նույն վարպետի ձեռքերով պատրաստված, բայց մարդիկ, լինելով Աստծո կերտած էակները, ժամանակի ընթացքում փոխել են իրենց ձևն ու էությունը և անգամ դարձել են ավելին , քան կան՝ իրենց սահմանված հարթությունից դուրս գալով:
Սիրեցի Զաբել Եսայան գրողի ու Մարդու կերպարը, ով արդարացիորեն նկարագրել էր իր ժամանակաշրջանը, և այսօր ես հնարավորություն ունեմ իր ժամանակներին հակադրել մեր օրերի օրենքներն ու ապրելակերպը՝ նախապատվությունը տալով նոր օրերին»: /Շարունակելի/

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 14055 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook