USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թույլ ընդդիմության պայմաններում պառլամենտի աշխատանքը չի կարող լինել լավորակ Hraparak
2017-04-14 02:37:00
Տպել Տպել

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնը թողնելուց՝ 2015-ից հետո զբաղվում է հասարակական, բարեգործական աշխատանքներով, մշակութային կյանքին է ակտիվորեն ներգրավված, գումարած՝ նաեւ Ֆեյսբուքում է ակտիվ։
Անցյալ տարի ստեղծել են մի կազմակերպություն՝ «Կովկասյան գործընկերություն» անունով, որի կանոնադրական նպատակների մեջ ներառված է հասարակությունների միջեւ երկխոսությունը, մասնավորապես՝ մշակութային բնագավառում։ Մեկը նախօրեին Մոսկվայի տանը կազմակերպված ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացվեցին Սերգեյ Փարաջանովի մտերիմ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հեղինակային գործերը, Փարաջանովից հայտնի լուսանկարներ։
Մանուկյանի մասնակցությունը պայմանավորված է Վրաստանում ՀՀ դեսպան եղած լինելու հանգամանքով։ Առաջիկայում էլ նպատակ ունեն կազմակերպել քաղաքագետների, քաղաքական գործիչների եւ նախկին դիվանագետների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկումներ։ Սրանով երեւի կփորձեն ճանապարհ հարթել նաեւ դեպի քաղաքականություն։
Բացի այդ, բարեգործական հիմնադրամ են բացել, որի թիրախում հիմնականում Գյումրին է։ Նախկին նախարարի խոսքից զգացվեց, որ նորից պաշտոնի վերադառնալու առաջարկի մասին թեպետ առայժմ խոսք չկա, բայց իր կողմից նման ցանկություն կարծես թե կա։ Մնում է այնպիսի պաշտոն գտնվի, որ չստացվի «պարզապես պաշտոն՝ պաշտոնի համար»։
Մենք ցուցահանդեսի բացմանը զրուցեցինք Հ․ Մանուկյանի հետ։
- Ի՞նչ գնահատական կտաք ապրիլի 2-ի ընտրություններին, որն անցկացվեց նոր Ընտրական օրենսգրքով։
- Ես կարծում եմ, որ բավականին հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, որը որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս։ Առաջինը, որ այնպիսի աղաղակող խախտումներ, ինչպիսիք են լցոնումները,, այսպես ասած՝ կոպիտ նկարչությունը, դրանք ավելի սեղմվեցին եւ ծավալային առումով դարձան չնչին, աննշան։ Սա դրական երեւույթ է, որը պետք է որպես նշաձող ունենանք հաջորդ ընտրություններին։ Երկրորդը․ այս օրենսգրքի կիրառման արդյունքում, փաստորեն, որոշակի հստակություն եւ պարզություն մտավ նաեւ քաղաքական դաշտում, որովհետեւ սրա արդյունքում այն ուժերը, որոնք շատ կասկածելի հնարավորություններով էին հայտնվում պառլամենտում, այդ ուժերն այլեւս ավելի քիչ շանսեր են ունենում պառլամենտում հայտնվելու։ Եվ քաղաքական դաշտը, այսպես ասած, պարզաջրվեց։ Հաջորդ եզրակացությունն այն է, որ, այո, այնուամենայնիվ, որոշակի խնդիրներ ընտրողների վրա որոշակի ազդեցության, այդ թվում՝ նաեւ ֆինանսական ազդեցության, այնուամենայնիվ, կա արձանագրված։ Բայց սա, պիտի ասեմ, այնքան էլ Ընտրական օրենսգրքի խնդիրը չէ։
- Ռեյտինգային ընտրակարգից շատ դժգոհեցին, քանզի այն ցույց տվեց դրանում թաքնված խութերը, ներթիմային հակամարտություններ ջրի երես հանեց։ Ըստ Ձեզ՝ պե՞տք է այն փոփոխության ենթարկվի։
- Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Ընտրական օրենսգիրքը որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի, եւ կարծում եմ՝ կենթարկվի, որովհետեւ ինքնին տեսական մակարդակով այս համակարգը միգուցեեւ աշխատունակ է, եւ եթե մենք ունենայինք կայացած քաղաքացիական հասարակություն, կայացած ժողովրդավարական ինստիտուտներ, քաղաքական ամուր համակարգ՝ ուժեղ կուսակցություններով, միգուցե այս ընտրակարգն աշխատեր եւ ոչ մի պրոբլեմ չունենար։ Բայց երբ երկիրը գտնվում է զարգացման փուլում, եւ այդ ինստիտուտները դեռեւս չձեւավորված կամ թույլ են, կամ ինչ-որ ձեւով աղավաղված, կիսահաշմված վիճակում են գտնվում, սա պրակտիկ կյանքում տալիս է իր հետեւանքները։
- Նոր ձեւավորված խորհրդարանում մենք կունենա՞նք նոր՝ ավելի բարձր որակ, եւ այս պատկերը՝ չորս ուժի ներկայացվածությամբ, ընդունելի՞ եք համարում։
- Շատ քիչ է ինձ համար ընդունելի կամ չընդունելի լինելը, որովհետեւ դա ընտրության արդյունքն է։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, թե ընդդիմությունն ինչպես կդրսեւորի իրեն խորհրդարանում, որովհետեւ թույլ ընդդիմության կամ շատ փոքր ընդդիմության պայմաններում պառլամենտի աշխատանքը չի կարող լինել լավ որակի։
- Դուք պաշտոնից հեռացաք նախորդ կառավարության եւ վարչապետի օրոք, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության եւ վարչապետի գործունեությունը։
- Եթե ես Ձեզ ասեմ, որ իրականում շատ կարճ ժամանակահատված է, Դուք կասեք, որ կրկնվում եմ, բայց բարդ տնտեսական վիճակում գտնվող երկրում որոշակի ակնառու տեղաշարժեր ցույց տալը, ասենք, մեկ տարում, եթե չասեմ՝ անհնար է, ապա ֆանտաստիկայի ոլորտից է։ Համենայնդեպս, գաղափարական մակարդակով այն, ինչ հնչեցվում է վարչապետի շուրթերով, եթե դա դառնա իրականություն, ես կարծում եմ, որ փոփոխություններն իրենց կդրսեւորեն։
- Բայց այդ կարճ ժամանակահատվածում նույն վարչապետը դարձավ ՀՀԿ-ի քարոզչական դեմքն ու շարժիչ ուժը։

- Իմ ասածն այլ ոլորտից է, Ձեր բերած օրինակը քաղաքական եւ նախընտրական տեխնոլոգիաների ոլորտից է։ Այո, մարդը մի ակնթարթում կամ մի գիշերվա մեջ կարող է որոշել դառնալ կուսակցական, եւ եթե այդ կուսակցության վերնախավը որոշի, ինքը նաեւ կդառնա այդ կուսակցության դեմքը։ Դա այլ բան է։ Ես ասում եմ ռեալ տնտեսության վրա, հասարակության մեջ հնարավոր փոփոխությունների մասին, որի համար կես տարին մի քիչ իրատեսական ժամկետ չէ։
- Հետեւո՞ւմ եք արդարադատության նախարարության գործունեությանը, այս ընթացքում որեւէ դրական կամ բացասական տեղաշարժ, արդարադատության վերականգմանն ուղղված հստակ քայլեր նկատե՞լ եք։
- Անկեղծ ասած՝ առանձնապես մոնիտորինգ չեմ իրականացնում էդ թեմայով։ Հետեւում եմ այնքանով, որքանով դա ինձ հետաքրքրում է որպես մասնագետ։ Որքան գիտեմ՝ այն ծրագրերը, որոնք եղել են ինձնից առաջ եւ իմ ժամանակ, դրանք շարունակական են եւ որոշակի հանգուցալուծումների են գալիս։ Ես կարծում եմ՝ արմատական փոփոխություններ մենք պիտի ակնկալենք սահմանադրական նոր մոդելի կիրարկման կոնտեքստում, որովհետեւ այն դատական համակարգը, որ նախանշված է Սահմանադրության մեջ, եւ նաեւ դատական ինքնակառավարման այն մոդելը, սրանք կարեւոր էլեմենտներ են, որոնք պետք է նպաստեն դատարանների անկախությանը, իսկ արդյունքում՝ որպես վերջնանպատակ, դատարանների նկատմամբ հանրության վստահության վերականգնմանը կամ ձեւավորմանը։
- Այսինքն՝ մեծ հաշվով նախարարի՞ց չէ կախված դա։
- Նախարարից կախված է, բայց սա միայն նախարարի կոմպետենցիայի կամ միայն նախարարի լուծելու խնդիրը չէ։
- Վերջին հարցը․ պետական ապարատ, նաեւ քաղաքական դաշտ վերադառնալու նպատակ ունե՞ք, կա՞ նման հող նախապատրաստված Ձեզ համար։
- Չէ, ես հող չեմ նախապատրաստում, բայց չեմ ասի, որ այդ թեման ինձ համար փակ է։ Դա ինձ համար ինքնանպատակ չէ, ոչ թե ցանկալի չէ կամ խնդիր չէ, այլ ինքնանպատակ չէ։ Ինքնին պաշտոնն ինձ համար հետաքրքիր չէ։ Եթե լինի տեղ, որտեղ կարելի է ինչ-որ պրոցես շարժել, ռեֆորմ անել, դա կարող է հետաքրքիր լինել, բայց պարզապես պաշտոն՝ պաշտոնի համար, ինձ պետք չէ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

hraparak.am

Այս նյութը դիտել են - 78782 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook