USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես ԲՀԿ այլեւս չեմ վերադառնա. «Հրապարակ»
2016-12-10 11:16:00
Տպել Տպել
 
 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր թիմով որոշում է կայացրել առանձին չմասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին, քանզի նոր են ստեղծվել եւ կարծում են, որ իրենց հնարավորությունները չեն բավականացնի ինքնուրույն մտնել քաղաքական մրցապայքարի մեջ։
Բաբայանը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո լքեց ԲՀԿ շարքերը՝ թեպետ ֆորմալ առումով մնալով նույնանուն խմբակցության պատգամավոր, իսկ բոլորովին վերջերս էլ հիմնեց սեփական՝ Ռեֆորմիստների կուսակցությունը։
Այս կուսակցության ստեղծմամբ նա հայտարարեց, որ ինքը սատարում է Սերժ Սարգսյանին ու նրա վարած քաղաքականությունը եւ իրենց հայտարարում է իշխանամետ քաղաքական ուժ։

«Ինչպես գիտեք, ես դեռեւս հանրաքվեի ժամանակներից սատարել եմ սահմանադրական փոփոխությունների գաղափարը եւ նախագահի այն կուրսը, որն իրականացվել է, եւ մեզ համար էլ, հենց ռեֆորմիստներ լինելով, ավելի հոգեհարազատ եւ ավելի ռեալ ու ադեկվատ հռետորաբանությունն իշխող կուսակցության հետ համատեղ գործողություններ ծավալելու խնդիրն է։

Կարծում եմ, որ մենք ընտրություններին անպայման սատարելու ենք Հանրապետական կուսակցությանը, բայց թե ինչ ձեւաչափով կլինի մեր մասնակցությունը, դա արդեն երկուստեք որոշելու հարց է»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց պարոն Բաբայանը։

Նա նշեց, որ այս պահին որեւէ կոնկրետ բան չկա, եթե լիներ էլ, չէր կարող այս պահին հրապարակել՝ զուտ քաղաքական կոռեկտությունից ելնելով, բայց երբ կլինեն մամուլի համար հստակ հրապարակելու ենթակա հարցեր, իրենք տեղյակ կպահեն։

- Պարոն Բաբայան, մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿ-ի հետ բանակցելուց հետո վերջում լուսանցքում կհայտնվեք, որովհետեւ հիմա ՀՀԿ-ի հետ բանակցողները, ՀՀԿ-ի արեւի տակ տեղ փնտրողները շատ են, գուցե ձեզ համար տեղ չլինի։

- Մենք արեւի տակ տեղ չենք փնտրում, մարդիկ ծնվում են հավասար այդ արեւի տակ։ Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որն արդեն իսկ գնում է վերափոխումների, եւ այն բարեփոխումները, որ իրականացվում են, շատ շատերը մեր կուսակցության ծրագրի մեջ էլ են ներառվել դեռեւս ամռանը, եւ, կրկնում եմ՝ տրամաբանությունից դուրս կլիներ, որ մենք այդ ճանապարհից ինչ-որ խորթ բան ընտրեինք։ Բայց ինչ վերաբերում է ձեւաչափերին, լուսանցքներին եւ մասնակցության մակարդակներին, որեւէ տրագեդիա այստեղ չկա, մենք շատ մարդկանց նման ծանր չենք տանում այդ ամենը։ Այսինքն՝ լուսանցքում հայտնվում են այն մարդիկ, որոնք գտնում են, որ պատգամավորական աթոռն իրենց պորտալարի հետ կապված է, եւ արյունատար անոթներով շրջանառվում է այդ մանդատը։ Ինձ համար դա երբեւիցե ինքնանպատակ չի եղել, ես պատրաստ եմ աշխատել մեր պետության, մեր երկրի համար այնտեղ, որտեղ որ հարմար կգտնեն։ Այսինքն՝ նման խնդիր իմ առջեւ չկա դրված։

- Ամեն դեպքում Դուք փորձո՞ւմ եք ՀՀԿ-ն որպես տանիք ծառայեցնել ձեզ համար, քանզի դուք նորաստեղծ ուժ եք եւ լուրջ ռեսուրսներ, ըստ էության, չունեք այս պահին։

- «Տանիք» բառը չէի ուզենա կիրառել, բայց բնական է, որ ՀՀԿ-ի թիմի հետ աշխատելը մեզ համար կլինի մեծ պատիվ։

- Գագիկ Ծառուկյանն է ուզում վերադառնալ քաղաքականություն, այն մարդը, ով ժամանակին Ձեր ղեկավարն է եղել։ Սա Ձեզ մոտ ի՞նչ ասոցիացիաներ է առաջացնում։

- Շատ դրական, շատ ջերմ, եւ, բնականաբար, բացի հարգանքից, ուրիշ բան չեմ կարող ասել։

- Կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Ձեր պլաններում Ծառուկյանի վերադարձը։

- Ես չէի ուզենա այս թեմային անդրադառնալ մի պարզ պատճառով՝ քանի դեռ չի եղել նրա պաշտոնական հայտարարությունը, ես զերծ կմնամ այս թեմայով կանխատեսումներ եւ, ընդհանրապես, վերլուծություններ անելուց։ Քանի որ ինքը խոստացել է հայտարարել, երբ որ կհայտարարի, այն ժամանակ ես Ձեր հարցին կպատասխանեմ։

- Կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ից Ձեր հեռանալը կապ ուներ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու հետ։

- Գիտե՞ք, ինչ-որ էտապում ամեն ինչ կապ է ունենում մարդու քաղաքական գործունեության այս կամ այն ձեւաչափի ընտրության հարցում։ Եվ, կրկնում եմ, այս հարցին չէի ուզենա անդրադառնալ։ ԲՀԿ-ից դուրս գալուց ես իմ մեկնաբանությունն արել եմ։

- Ծառուկյանի գործոնը կա՞ր այդտեղ, ամեն դեպքում։

- Բնականաբար, եթե Գագիկ Ծառուկյանը լիներ ԲՀԿ-ի ղեկավարն այն ժամանակ եւ ԲՀԿ-ում, մենք դուրս չէինք գա ԲՀԿ-ից։

- Հիմա, եթե նա նորից վերադառնա, հնարավո՞ր է Դուք փոշմանեք ԲՀԿ-ից հեռանալու համար, փորձեք նորից վերադառնալ։

- Ես այդ հարցի պատասխանն արդեն տվեցի, հասկանում եմ՝ դա ամենահետաքրքիր եւ ինտրիգային հարցն է, բոլոր լրագրողների մոտ էլ դա հանդիպում է։ Ես կրկնում եմ՝ մինչեւ նա չվերադառնա քաղաքականություն, չլինի այդ մասին պաշտոնական հայտարարություն, ես անլուրջ եմ համարում այդ հարցի շուրջ այս պահին խոսել։

- Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ի Ձեր նախկին թիմակիցները Ձեզ կընդունե՞ն, եթե որոշեք վերադառնալ ԲՀԿ։

- Ես ԲՀԿ այլեւս չեմ վերադառնա։

- Անկախ Ծառուկյանի գործոնի՞ց։

- Գագիկ Ծառուկյանն իմ նախկին ղեկավարն է եղել, այլ հարթության մեջ են այդ հարաբերությունները, եւ այլ հարթության խնդիր ու հարց է։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մենք ձեւավորել ենք կուսակցություն, եւ պարզ է, որ չեմ կարող այս կուսակցությունը փակել ու հետ գնալ այնտեղ, որտեղից եկել եմ։ Դա քաղաքական նոնսենս կլինի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 1583 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook