USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պաշտոնյաների սպասվելիք հեռացումները մի քանի խնդիր են լուծում
2016-09-12 13:09:00
Տպել Տպել

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը Amenor.am-ի հետ զրույցում խոսեց անցնող շաբաթվանից իրար հաջորդող պաշտոնից ազատումների, սպասվելիք պաշտոնաթողությունների, դրանց պատճառների և հնարավոր հետևանքների մասին:

Պարոն Մարտիրոսյան, ի ՞նչ միտում եք տեսնում օրերս տեղի ունեցած պաշտոնանկությունների և պաշտոնից սպասվող հեռացումների մեջ, ի՞նչ է ուզում այս քայլով ապացուցել նախագահ Սերժ Սարգսյանը:
-Հովիկ Աբրահամյանը դարձել էր հին, ժամանակից ետ ընկած, անընդունելի դարձած և իրեն սպառած գվարդիայի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը, և ինքն իրենով արդեն վտանգ էր ներկայացնում նոր սահմանադրության ներդրման ճանապարհին նախագահականի պլանների համար: Նրա հեռացումը՝ նկատի ունենալով նախագահականի հաշվարկները՝ սպասելի էր և խիստ կանխատեսելի: Նաև՝ Սասնա Ծռերը, իրենց գործողությամբ հրամայական դարձրին փոփոխությունների խնդիրը, որը վերնախավը փորձում է անել կոսմետիկ միջոցառումներով և սա դրանցից գլխավորներից մեկն է: ԱԳ նախարարը նույնպես իրեն սպառել է, և սպառել է շատ վաղուց: Նա նաև օտարերկրյա շահերի բացարձակ, բացառիկ և բացահայտ գործակալ է ընկալվում հայաստանյան հասարակությունում, հետևաբար՝ անհարմար է այլևս նույն այդ շահերը սպասարկելու նպատակով, որովհետև արդեն ոչ թե օգնում, այլ խանգարում է հենց նույն այդ շահերին: Ռեակցիոն ընկալում ունեցող գործիչներն այլևս վտանգավոր են այս խառը ժամանակներում:

Արդեն մամուլում շրջանառվում են նախագահի խորհրդականի հեռացման մասին լուրերը: Իսկ այդ օգնականը նախագահի փեսայի`Միքայել Մինասյանի ընկերն է, ինչո՞ւ է հենց իր մոտիկներից, շրջապատից սկսել նախագահը:
-Ինչ վերաբերում է Սևակ Լալայանին՝ չգիտեմ: Մի տեսակ տարօրինակ նորություններ են սրանք, որովհետև նա բավական ազդեցիկ էր Բաղրամյան 26-ում: Լալայանն, ընդհանրապես, կարևոր դերակատարում և որպես անձ՝ բավական դրական կերպարի ընկալում ուներ որոշակի նեղ շրջանակներում: Ինձ համար գոնե այս պահին կադրային այդպիսի լուծումները հանելուկային են:

Արդյո ՞ք այս խաղարկային պաշտոնանկություններով Սերժ Սարգսյանը փորձում է իրեն ապահովագրել:
-Եթե ապահովագրել՝ ապա թերևս միայն ներիշխանական որոշակի երկակի զարգացումներից: Ակնհայտորեն նշված անձինք՝ բացի նախկին վարչապետից և ԱԳ նախարարից՝ ինչպես ասացի, հանրային լայն ճանաչում չունեն և հանրային լայն շրջանակների մոտ հատուկ ռեակցիա չեն առաջացրել, հետևաբար նրանց հեռացումը չի հետապնդում հասարակական բողոքի մեղմման նպատակ: Միևնույն ժամանակ երկու առաջնային պաշտոնյաների տեղի ունեցած և սպասվելիք հեռացումները, ակնհայտորեն, մի քանի խնդիր են լուծում:

Եվ վերջում` ինչպե ՞ս կմեկնաբանեք Կարեն Կարապետյանի մուտքը Հայաստան, որպես հնարավոր վարչապետ և տարածված այն կարծիքները, թե վերջինս Վլադիմիր Պուտինի կամակատարն է ՀՀ-ում:
-Հայաստանում, ընդհանրապես, տարբեր մարդկանց, տարբեր կամակատարների ահռելի բանակ կա: Երբ հանդիպում են իրականում անկախ՝ ոչ կամակատարային դեմքեր՝ որևէ մեկը դրան այլևս չի հավատում, որովհետև կամակատարության ինստիտուտն այնքան խորն է արմատացած, որ նման մարդկանց գոյությունն իսկ անհավանական է համարվում: Հիմա՝ թե ով ում կամակատարն է՝ դժվարանում եմ ասել: Ամեն բան ժամանակի ընթացքում է երևում:
Ինչ վերաբերում է մեկնաբանությանը, ապա ընտրվել է մի թեկնածու, որ առավել բարետես է քան նախկինը, բայցև որոշ ժամանակ հեռու է եղել Հայաստանից հետևաբար թարմ կրքերի կիզակետում չի նկատվել և չի լինի նույնքան ինքնուրույն ու սեփական օրակարգ հետապնդող՝ որքան նախկինն էր: Դա այսօր անցումային վարչապետին առաջադրվելիք հիմնական պայմաններից մեկն է:

Այսինքն` ի տարբերություն, արդեն նախկին վարչապետի, Կարեն Կարապետյանն ավելի հե՞շտ կկառավարվի ՀՀ նախագահի կողմից:
- Նախկին վարչապետն իր առանձին խաղն էր վարում իշխանության բուրգի գագաթին և, թերևս, ծածուկ ու առավել ամբիցիոզ օրակարգ ուներ: Ի տարբերություն նրա՝ դա անհնար է Կարեն Կարապետյանի պարագայում:
Արմինե Միքայելյան
Amenor.am

Այս նյութը դիտել են - 5272 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook