USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեր դիվանագիտությունն աշխատում է զզվելի. Նորատ Տեր-Գրիգորյանց
2016-04-13 12:45:00
Տպել Տպել

Ղարաբաղում այս ամսվա սկզբին տեղի ունեցած 4-5-օրյա պատերազմի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա ապրում է ՌԴ-ում:

- Պարոն գեներալ, Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) ազատամարտիկներին համախմբվելու կոչ է արել: Հնարավո ՞ր է արձագանքեք, Հայաստան գաք:

- Ինչո ՞ւ ոչ: Մենք ուզում էինք գալ, բայց դեսպանատունն ասաց, որ դրա կարիքը չկա: Մենք հավաքվել էինք եւ պատրաստ էինք ցանկացած պահի պաշտպանել մեր հայրենիքը, բայց դուք մոռանում եք, որ դա ոչ թե ֆիդայական շարժում է, այլ զինված ուժերի կռիվ: Մենք ստեղծել ենք այնպիսի բանակ, որը պատրաստ է պաշտպանել Հայաստանն ու Արցախը եւ պաշտպանել է ժամանակին, ազատել մեր հողը: Իհարկե, հիմա, եթե պատերազմ լինի, միլիոնավոր հայեր սահման կգնան, բայց ինչո ՞ւ գնան: Դա կլինի հերոսություն, բայց չէ որ կա կանոնավոր բանակ:
- Բայց բազմաթիվ ազատամարտիկներ ՊՆախարարի հրամանով արդեն դիրքերում են, զինվորի կողքին:

- Դա շատ լավ է, մալադցի, մալադցի: Դա շատ լավ է: Բայց այստեղի մարդկանց դա թույլ չեն տալիս: Մենք դիմեցինք դեսպանին, մեզ ասացին, որ Հայաստանը դրա կարիքը չունի:

- Դուք դիմել եք Ռուսաստանում Հայաստանի դեսպանին՝ Հայաստան գալու հարցո՞վ:

- Ժողովուրդը՝ այստեղի հայերը հավաքվեցին դեսպանի մոտ, տարբեր բաներ էին առաջարկում: Նա մեզ ասաց. խնդրում եմ դեսպանատան գործերի մեջ չխառնվել եւ դեսպանատունը ձեր քաղաքացիական գործերին չի խառնվի: Ու մենք հեռացանք:

- Ըստ ձեզ Արցախում ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:

- Տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար: Թշնամին ոտքի է կանգնել ու նորից խախտում է հրադադարի պայմանագիրը, որն էն գլխից սխալ պայմաններով է ստորագրվել: 1994-ին պետք էր ստորագրել կապիտուլյացիայի, սահմանների հստակեցման, Ղարաբաղի անկախության մասին պայմանագիր: Բայց ստորագրեցին անտաղանդ, զզվելի փաստաթուղթ՝ կրակի դադարեցում անվամբ: Ու չմտածեցին՝ կրակը դադարեցվեց այսօր, իսկ վա ՞ղը: Արդյունքում իր նավթադոլարների հաշվին Ադրբեջանը զինվեց եւ Թուրքիայի հրահանգով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ հայերի միջոցով պատասխան Ռուսաստանին:

- Ինչ եք կարծում՝ Ադրբեջանն ի՞նչ էր ուզում անել ու ի՞նչ կանխեց մեր բանակը այդ 4-5 օրերի ընթացքում:

-Ադրբեջանը հզոր հարված էր պատրաստել՝ ուղղված Ղարաբաղի զինված ուժերի դիրքերին ու Հայաստանին: Տեղի ունեցավ հետախուզական մարտ՝ հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Ընդ որում թշնամին հարձակում գործեց թույլ ուղղությունների վրա: Պետք է արժանին մատուցել մեր զինվորներին, որ նրանք լավ հակահարված տվեցին, բայց կարելի էր ընդհանրապես թույլ չտալ թշնամու մոտեցումը: Եթե ադրբեջանական տանկերը մեծ արագությամբ մոտենում են, դա պետք էր կանխել ավելի վաղ, քան նրանք կհայտնվեն Ղարաբաղի պաշտպանական տարածքում: Ու հետաքրքիրն այն է, որ Ալիեւն այս հարձակումից հետո գոռում էր՝ հայերն են առաջինը հարձակվել: Ո՞նց են հայերը առաջինը հարձակվել, եթե ադրբեջանական տանկերը գտնվում են Ղարաբաղի պաշտպանական տարածքում: 

Այսինքն ես կարծում եմ պետք է բացահայտել, մերկացնել Ադրբեջանին: Ու այս ամենի մեջ ամենավտանգավորն այն է, որ զենքը, որով հարձակվել են Հայաստանի վրա, գնված էր Ռուսաստանից: Ադրբեջանը կիրառել է ոչ թե թուրքական, այլ ռուսական զենք, որը պարոն Մեդվեդեւի վստահեցմամբ դեռ շարունակվելու է վաճառվել Ադրբեջանին: Ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանին պաշտպանում է ՆԱՏՕ-ից, իսկ Ռուսաստանը զենք է վաճառում թշնամուն, որը դրանով հարված է հասցնում մեզ: Միայն ռուսական զենքով կրակելու հրաման տալով՝ Ալիեւն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում է Ռուսաստանը: Դա շատ վտանգավոր քաղաքականություն է: 

Հիմա պետք է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի եւ Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի եւ ագրեսիվ քաղաքականության համար: Եվ չպետք է վախենալ: Ի՞նչ կարիք կա: Չես ուզում, կարող ենք ուրիշ տեղ գնալ: Մյուս կողմից մեր զորքը պիտի շատ ուժեղ լինի, կտրուկ արձագանքի հակառակորդի գործողություններին: Մեր բանակը շատ ամուր, շատ լավ բանակ է, պետք է միայն ավելի լավ պատրաստվել եւ լավ հակահարված տալ հարձակումներին: Պետք էր հետապնդել եւ հենց լեռներում ոչնչացնել նրանց: Զոհեր արդեն ունեինք: Բայց ցավոք, մեր Պաշտպանության նախարարը խղճաց ադրբեջանցիներին: Իսկ նրանք դադարեցրին մարտը եւ հեռացան:

- Ի՞նչ եք կարծում՝ այդ սխալներն ուղղելու հնարավորություն կա՞: Ինչպե՞ս պետք է ուղղվի:

-Անպատճառ կա: Հիմա պետք է տարվի դիվանագիտական աշխատանք՝ իրականությունը աշխարհին ցույց տալու համար: Մեր արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի ղեկավարությունը, Ազգային ժողովը պետք է աշխարհին ցույց տան, որ Ղարաբաղը մեր հողն է: Դա հայկական պետություն է: Պետք է ապացուցել, որ օկուպանտը Ալիեւն է: Հենց Ադրբեջանն է զավթել Ղարաբաղը: Հիմա նա հարձակվել է մեզ վրա, որովհետեւ աշխարհին ապացուցել է, որ հայերը զավթել են Ղարաբաղը: Իսկ մեր հայերը չեն կարողանում ապացուցել, որ դա ճիշտ չէ: Մեր դիվանագիտությունն աշխատում է զզվելի: Ահա իմ կարծիքը:

- Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում ռազմական դաշտում գործողությունները կշարունակվե՞ն:

- Իհարկե, կշարունակվեն: Ադրբեջանը միշտ խախտել է 1994 թվականի կրակի դադարեցման մասին փաստաթուղթը: Իսկ հիմա, երբ նույնիսկ փաստաթուղթ չի ստորագրել, ինչու չպետք է շարունակի խախտել: Նա աշխարհին ապացուցել է, որ Ղարաբաղը օկուպացված է, որ պետք է ազատագրել: Իսկ ումի՞ց: Հայերից: Իսկ դրա համար պետք է հայերին ոչնչացնել, հարձակվել, հողերը գրավել: Հիմա պետք է աշխատի մեր դիվանագիտությունը, այլապես Ադրբեջանը միշտ կարող է հարձակվել: Միշտ: Մեկ ամսից, մեկ տարուց, բայց կհարձակվի: Հիմա հետ է կանգնել, որովհետեւ հասկացել է, որ մենք կարող ենք հաղթել:

- Իսկ շարունակելու դեպքում մենք կհաղթեի՞նք:

- Ցավում եմ, որ մեր Պնախարարը խղճաց եւ չշպրտեցին ադրբեջանցիներին այնտեղ, որտեղ պետք է: Խղճացին: Իսկ ահա նրանք չղճացին մեր զինվորներին, խոշտանգեցին անգամ մեր սպանվածներին ու վիրավորներին: Նրանք թուրք են:

- Պարոն գեներալ, վերջին օրերին Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ տարբերակներ են շրջանառվում: Խոսվում է, որ հնարավոր է որոշակի տարածքների, խաղաղապահների տեղակայման դիմաց Ղարաբաղի կարգավիճակը հստակեցվի:

- Լսել եմ, որ իբր մի քանի շրջան պետք է տալ եւ դրանով վերջ կտրվի կռվին: Սկզբում ասում էին, որ պետք է «օկուպացված» շրջանները վերադարձնել: Բայց նրանք Ղարաբաղը եւս օկուպացված են համարում եւ ասում, որ պետք է այնտեղ թողնել ադրբեջանցի փախստականներին: Եթե նրանց թողնենք այդ հողը, Լաչինի միջանցքը չի օգնի, Ղարաբաղն ամբողջությամբ կշրջապատվի ադրբեջանցիներով ու այդ ժամանակ միգուցե այլեւս հնարավոր չլինի հայերին պահել այնտեղ, բոլորը կթողնեն, կգնան: Քաղաքական գործիչներն ամեն ինչ կարող են անել: Իհարկե: Պետք է ճիշտ պայմաններ առաջ քաշել եւ դիվանագիտական մակարդակով որոշել կրակի դադարեցման հարցը:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1749 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook