USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՅԴ-ից հորդորել են վերցնել մանդատը. նոր պատգամավորի էքսկլյուզիվ հարցազրույցը «ՀԺ»-ին
2016-03-12 03:57:00
Տպել Տպել

 

Նախօրեին խորհրդարան էր եկել ՀՅԴ խմբակցության նոր, անկուսակցական պատգամավոր Կարեն Շահմուրադյանը:

Վերջինս պատգամավորական մանդատ ստացավ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի արդյունքում, երբ Արծվիկ Մինասյանը քաղաքական պայմանավորվածությամբ նշանակվեց էկոնոմիկայի նախարար:

Այս ընթացքում լրատվամիջոցները գրեցին, որ ՀՅԴ-ում ցանկացել են «որպեսզի «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր Կարեն Շահմուրադյանը զիջի մանդատը ցուցակի հաջորդ համարը զբաղեցնող Ռուզաննա Առաքելյանին, սակայն նա հրաժարվել է դա անել»:
Այս եւ մի քանի այլ հարցերի է անդրադարձել Կարեն Շահմուրադյանը «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում:

- Պարոն Շահմուրադյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրին, որի արդյունքում դուք մանդատ ստացաք եւ դարձաք պատգամավոր:

- Ես ուսումնասիրել եմ այդ համաձայնագիրը: Ինձ թվում է, լավ համաձայնագիր է, որը երեւի ստեղծվել է, որ բարելավի մեր երկրի սոցիալական եւ տնտեսական ընդհանուր վիճակը, ես դրական եմ վերաբերվում դրան: Այն չակերտների մեջ կարելի է դիտարկել որպես պայմանագիր, եւ եթե կողմերից մեկը որեւէ պայմանագրի կետերը ժամանակի ընթացքում խախտում է, նշանակում է, որ այդ պայմանագիրը այլեւս չի գործի: Բայց ընդհանուր առմամբ շատ դրական եմ գնահատում, առայժմ:

- Դաշնակցությունն առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում եւ կոալիցիան լքելու փորձ ունի, դուք ի՞նչ եք կանխատեսում այս անգամ, ամո՞ւր են պայմանագրի կողմերի դիրքերը, թե՞ նորից հնարավոր է խզվի այն՝ շուտ կամ ուշ:

- Այդ առումով ոչինչ չեմ կարող ասել, այն, ինչ որ գրվել է, շատ հստակ է գրվել: Իսկ ապագայում ինչ կլինի, եթե խախտվեն այդ կետերը, եւ այդ համաձայնագիրը չի ծառայի մեր տնտեսական եւ սոցիալական վիճակը բարելավելուն, բնականաբար երեւի կխզվի: Առայժմ չգիտեմ ոնց է լինելու, որովհետեւ ես նոր պատգամավոր եմ, չեմ մասնակցել նախկին իրադարձություններին եւ այս հարցում՝ ինչ կկատարվի ապագայում, ինձ համար անհասկանալի է:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր օրինաստեղծ գործունեությունը, կա՞ն արդյոք հատուկ խնդիրներ, որոնցով պատրաստվում եք զբաղվել Ազգային ժողովում ձեր աշխատանքի ընթացքում: Շատ ժամանակ կարծես թե չունեք. մեկ տարի մեկ ամսից Ազգային ժողովի նոր ընտրություններ են լինելու:

- Առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին, նոր եմ ստանձնել պատգամավորի մանդատը, պետք է հասկանամ իմ կարգավիճակը: Բայց պատկերացնում եմ, որ երեւի թե ավելի շատ ներգրավված կլինեմ տնտեսական հարցերի մեջ: Այո, շատ ժամանակ չունեմ, բայց կաշխատեմ այս սեղմ ժամանակաշրջանում գործել:

- Հաջորդ ընտրություններին նույնպե՞ս կմասնակցեք ՀՅԴ համամասնական ցուցակով:

- Ես չգիտեմ՝ ներգրավված կլինեմ համամասնական ցուցակի մեջ, թե ոչ: Համակրում եմ այդ կուսակցությանը, հիմունքները, ընդհանուր կրեդոն, հայրենասիրական, շատ հին պատմություն ունեցող կուսակցություն է: Եվ եթե ես ինքս էլ արդարացնեմ, իմ աշխատանքով ապացուցեմ, որ պիտանի եմ, ուրեմն երեւի ներգրավված կլինեմ համամասնական ցուցակում՝ եկող ընտրություններում: Բայց առայժմ չեմ կարող ձեզ հստակ պատասխան տալ:

- 2012 թվականի ընտրություններից առաջ, երբ ձեր անունը հայտնվել էր ՀՅԴ համամասնական ցուցակում, մամուլում գրվեց, որ դուք դրա համար վճարել եք բավական կլորիկ գումար եւ բացի այդ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերն եք, ու նաեւ դրանով է պայմանավորված ՀՅԴ համամասնական ցուցակում ձեր ընդգրկվելը:

- Ես ոչինչ չեմ վճարել: Ուղղակի իմ հայրը միշտ մտերիմ է եղել դաշնակցության ղեկավարների հետ, դա հին պատմություն ունի: Ես էլ համենայնդեպս ստացել եմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, եվրոպական կրթություն եւ հաջողակ բիզնեսմեն եմ: Իմ նկատմամբ դաշնակցության ղեկավարության մեջ համակրանք կա, դրա համար էլ ինձ առաջարկվել էր, որ ես համամասնական ցուցակում տեղ գրավեմ: Դա է պատճառը, որ հայտնվել եմ այդ ցուցակի մեջ եւ ոչ մի գումար էլ չեմ վճարել: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, ես այս հարցին ժամանակին պատասխանել եմ, հիմա էլ ձեզ համար կկրկնեմ. եթե իր ընկերն եմ, ինչու եմ դաշնակցության ցուցակում հայտնվել, այլ ոչ` հանրապետականի: Եթե ես ինչ-որ մեկի պրոտեժեն լինեի, այնտեղ կհայտնվեի: Եթե չեմ հայտնվել, նշանակում է այդպիսի խնդիր չկա:

- Այսինքն ընկեր է՞լ չեք:

- Չէ, ինչի՞ ընկեր չենք: Ընկեր լինելը եւ ցուցակում լինելը երկու տարբեր բաներ են, իհարկե, ընկերներ ենք, սովորել ենք միասին, ինչի մասին է խոսքը:

- Պարոն Շահմուրադյան, դուք հաջողակ գործարար եք, եւ դա, եթե չեմ սխալվում, գալիս է ընտանիքից, ձեր ինչի՞ն էր պետք պատգամավոր դառնալը: Չե՞ք վախենում լրացնել գործարար պատգամավորների ցանկը, որոնց Ազգային ժողովում գտնվելը դիտվում է որպես սեփական բիզնեսների համար երաշխիք:

- Պատգամավորական աշխատանքի անցնելուց հետո միանշանակ այլեւս ներգրավված չեմ լինելու իմ բիզնեսի աշխատանքներին: Ես փոխտնօրեն էի իմ սեփական հիմնարկություններում, բայց հիմա արդեն հեռացել եմ այդ պաշտոնից եւ զբաղվելու եմ միայն պատգամավորի գործունեությամբ: Այսինքն, ոչ մի ձեւով չի անդրադառնալու իմ նախկին պաշտոնը իմ պատգամավորական աշխատանքի վրա: Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի:

- Խոսքը հակառակի մասին է. պատգամավորի պաշտոնը պետք է ազդեր ձեր նախկին աշխատանքի վրա եւ չափազանց լավ «ազդեր» ձեր բիզնեսների վրա:

- Չեմ հասկանում՝ ինչու եք այդպես ասում, որովհետեւ չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անի պատգամավորը.... ուղղակի չեմ հասկանում, ոնց կարող է անդրադառնալ դրական ձեւով իմ բիզնեսի վրա: Ես ձեզ ասեմ հետեւյալը. իմ բիզնեսը վատ վիճակի մեջ չի եղել, որ ես դառնամ պատգամավոր, եւ ստեղծված բարդ վիճակը բարելավվի: Դուք ինքներդ շեշտեցիք, որ ես հաջողակ բիզնեսմեն եմ եղել, եւ քանի որ ես հաջողակ բիզնեսմեն եմ եղել, խնդիր չունեմ ինչ-որ լծակներ օգտագործել իմ բիզնեսները բարելավելու համար:

- Խորհրդարանում քիչ չեն պատգամավորները, որոնց ոչ «գվվոցն» է դուրս գալիս, ոչ «բվվոցը», ու նրանց գոյության մասին ոչ ոք չի հիշում: Դուք ակտի՞վ կլինեք, կմասնակցե՞ք քննարկումներին, ելույթներ կունենա՞ք:

- Ինձ թվում է, ես ակտիվ կլինեմ, իհարկե, դա միանգամից տեղի չի ունենա, որովհետեւ ինձ ադապտացիոն շրջան է պետք: Բայց հետագայում պատրաստվում եմ ակտիվորեն ինտեգրվել աշխատանքներին:

- Մամուլում գրվեց, որ դաշնակցությունում ցանկություն են ունեցել, որպեսզիԱրծվիկ Մինասյանի մանդատը անցնի ցուցակում ձեզ հաջորդող ՌուզաննաԱռաքելյանին: Ի՞նչ կասեք այս խոսակցությունների մասին. ՀՅԴ ղեկավարությունիցձեզ դիմել են մանդատից հրաժարվելու խնդրանքով եւ մերժվե՞լ:

- Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, դա ուղղակի բամբասանք է: Ես չեմ հասկանում ինչու են նման բաներ գրվում: Ընդհակառակը, ես հորդորվել եմ դաշնակցության ղեկավարության կողմից՝ ստանձնել պաշտոնը:

Այս նյութը դիտել են - 1471 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook