USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նրա աշխատանքային կենսագրությունը նվիրում է իր գործին
2018-12-12 11:35:00
Տպել Տպել

Զարինե Սառաջյանն ինձ երևում է տարիների հեռվից, երբ կյանքի անարդարությունների դեմ ընդվզող ուսուցչուհիս նրան տեսանելի էր դարձնում թղթապանակներ, որտեղ լուսաբանված էին մանկավարժության մեջ իմ բոլոր ձեռքբերումները, բայց, ցավոք, դրանք անտեսված էին կրթության համակարգի պաշտոնյաների կողմից: Իմ ըմբոստ կերպարով կարծես ձգտում էի գտնել մեկին, ով կհասկանար ինձ ընդվզմանս արդարացիության մեջ: Ու գտա ես նրան, և հասկացավ նա ինձ... Ու այդ իսկ հասկացվածությամբ և շնորհակալական զգացումով ընկալեցի օրեր առաջ նրա ելույթի գնահատողական խոսքերը, նաև սիրով ընթերցեցի գրքի շնորհանդեսը լուսաբանող նրա տողերը: Նատաշա Պողոսյան

«Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանը շատ տաղանդներ է տվել հայ և համաշխարհային գիտական մտքին: Տաղանդներ տվող այդ հողը մեր օրերում էլ շարունակում է բեղուն լինել՝ ի հեճուկս ժամանակ առ ժամանակ հակառակորդի կողմից կրակակետի վերածելու նրա ջանքերի:
Արցախի սահմանամերձ բնակավայրում կրկին գրքի տոն էր: Մարտակերտի մանուկների շուրթերից խրոխտ հնչում էին հայ երգը, ասմունքը, որոնք ձոն էին՝ ուղղված մայրենիին, հայրենիքին և հայրենասիրության կրակը նրանց սրտերում բորբոք պահելու գործում ջանքեր չխնայող իրենց ուսուցչին: Առիթը սիրելի ուսուցչուհու՝ Արցախի վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանի «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասի շնորհանդեսն էր:
Ուրախալի էր շնորհանդեսի ներկաների շարքերում տեսնել շրջանի ղեկավարությանը, մտավորականների, նրա ներկա և նախկին աշակերտներին, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների և, առհասարակ, ընթերցասեր հասարակայնությանը: Ջերմ ու անկեղծ ելույթներով արժևորվեց վաստակաշատ մանկավարժի անցած ուղին, կերտած արժեքներն ու ներդրումը մանկավարժության ոլորտում:
Եթե փորձենք մեր հանրապետությունում փնտրել նրա նման երկրորդ նվիրյալի, վստահաբար կարող ենք փաստել, որ չենք գտնի: Մարդ, ով ապրում է անձնականը միաձուլած մանկավարժությանն ու իր սաներին: Նրա աշխատանքային կենսագրությունը ամբողջովին նվիրում է իր գործին: Եվ այդ նվիրումի պտուղները շոշափելի են. կուզեք՝ գրքի տեսքով, կուզեք՝ մրցույթներում նրա աշակերտների արձանագրած հաղթանակների տեսքով, կուզեք՝ իր աշակերտի թեկուզ փոքրիկ հաջողված քայլը մամուլում հանրայնացրած և մեծ իրադարձություն դարձրած հոդվածի տեսքով. և այս ամենը անզեն աչքով էլ տեսանելի է, որը մեկ գերագույն նպատակ է հետապնդում՝ նպաստել երեխայի արդյունավետ ուսումնառությանը:
Նատաշա Պողոսյանը կարողանում է մանկավարժությունը դարձնել արվեստ, իսկ իր ամեն մի դասը՝ արվեստի դրսևորում: Ուրիշի հաջողություններով ուրախանալը առաքինություն է և բնորոշ է վեհ մարդուն: Արձանագրենք նվիրյալ մանկավարժի հերթական հաջողությունը՝ պարզապես մեր հիացմունքի, շնորհավորանքի և անկեղծ ուրախության խոսքը հղելով նրան՝ առանց այդ հաջողության մեջ ենթատեքստեր փնտրելու, առանց ինչ-որ տեղ թիկունքում դավեր նյութելու, ինչը բնորոշ է անհաջողակներին, չկայացածներին ու փոքրոգիներին: Պարզապես բաց աչքերով նայենք և եթե տեսնում ենք, որ երևույթը լավն է, ասենք՝ լավ է: Իսկ «Մանկավարժի օրագիր» գրքի հրատարակումն ու տարածումը, անտարակույս, ուրախալի երևույթ է:
Այն գիրք է, որը պատմում է Արցախի սահմանամերձ բնակավայրում ապրող երեխաների մասին, նրանց մտահոգությունների, երազանքների, հաջողությունների, սիրո, կարոտների, կորուստների, ձգտումների, հայրենասիրության մասին: Գիրք, որը պատմում է արցախցու խաղաղասիրության, նրա արարումների մասին, և յուրովի «ո՛չ» է ասում պատերազմին: Գիրք, որտեղ տեսնում ենք արցախցու խտացված կերպարը՝ իր հողին արմատներով կառչած, պատրաստ բոլոր դժվարությունները հաղթահարելու, անգամ մահին հաղթելու, բայց Արցախից չհեռանալու անխախտ կամքով:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Նատաշա Պողոսյանին և մաղթում, որ բարիք արարելու նրա առաքելությունը շարունակվի և վարակի շատ-շատերին: Շնորհակալ ենք, որ Դուք կաք, տիկի՛ն Պողոսյան, միշտ ժպտացե՛ք և շարունակե՛ք բորբոք պահել գրքի և գրականության հանդեպ սերը սերունդների սրտերում:
ԶԱՐԻՆԵ ՍԱՌԱՋՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դասախոս, Արցախի գրողների միության անդամ

Այս նյութը դիտել են - 14712 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook