USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՈՒՍՈՒՑԻ՛Չ, ՄԵ՛Ծ ԱՆՈՒՆ, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
2018-10-04 10:19:00
Տպել Տպել

Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, կրթության համակարգի աշխատողներին Ուսուցչի մասնագիտական տոն օրվա առիթով:

Չեմ ուզում խոսքերս համարվեն ինքնագովասանք ուսուցչի աշխատանքի հանդեպ, բայց չեմ էլ կարող անտեսել այն տքնաջան աշխատանքը, որ յուրաքանչյուրս իրականացնում ենք՝ ամեն անգամ մտնելով դասարանից դասարան: Թող ձևական չհնչեն խոսքերս, երբ գիտեմ, թե մեր ամեն մի օրն ինչով է շնչում, երբ ամեն դասաժամի մենք հայտնվում ենք հոգեկան տրամադրությունների փոփոխության կիզակետում՝ առանց գիտակցելու, թե հաջորդ րոպեին ինչ կմատուցի մեզ մեր առջև նստած դպրոցականը, ով երբեմն անպատրաստ է լինում, երբեմն՝ մոռացկոտ, երբեմն՝ դասից հեռացած, մտքերի մեջ սուզված, երբեմն՝ կամակոր ու իրասածի, երբեմն՝ անչափ հարգալից ու սիրալիր...
Դժվարացել է ուսուցչի աշխատանքը, երբ անչափ պատասխանատու և պատվաբեր առաքելությամբ ենք պարտավորված: Տարիների հոլովույթում շատ բարձր հնչած ուսուցչի անունը երբեմն վարկաբեկվում է, ընկնում նրա ինքնագնահատականը, պատահում է, որ դպրոցականի կամ ծնողի խոսքում նրա անունը կոշտ է հնչում...Մեր օրերի ազատ խոսքը շահարկվում է, դեռահասը, չգիտակցելով ազատության սահմանը, անցնում է այն «ոսկե միջինը», որն անհրաժեշտաբար պետք է պահպանել: Չնայած ուսուցչակենտրոն ուսուցումը վաղուց իր տեղը զիջել է աշակերտակենտրոնին, բայց երբեմն այն խեղաթյուրվում է ու տանում դեռահասին մի այնպիսի ազատության, որով կարծում է՝ պետք է սահմանափակի ուսուցչի գործունեության ազատ տարածքները:
Ժամանակները փոխվել են, բայց ուսուցիչն իր կերպարով ձգտում է իր տեղում լինել, թեև նա հայտնվել է դժվարությունների հաղթահարման, տարակարծությունների առանցքում: Մենք գիտենք, որ մեր աշխատանքի որակից է կախված, թե վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն, բայց երբեմն թիրախ ենք դառնում, համակարգի թերությունները մեզ վրա կրում, երբ մեզանից կախված չէ այն, բայց պետք է հաղթահարենք ծրագրերի ծանրաբեռնվածություն կամ դասագրքերի անհամապատասխանություն՝ երբեմն դառնալով կրթական սխալ «նորամուծությունների» ի կատար ածողներ: Այնպես, ինչպես այս նոր ուսումնականում, որ հայտնվեցինք սև ու սպիտակի և ազատ հագուկապի ընտրության, բջջային հեռախոսների դպրոց տանելու թե արգելելու խնդիրների առջև, այս օրերին էլ մենք հնգօրյա թե վեցօրյա դպրոցական ռեժիմի տարակարծությունների առանցքում ենք:
Շատ դժվար է գտնել մի այնպիսի շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու առաքելությունն է, միշտ էլ մանկավարժի գործն ակնածանքով և մեծարանքով է գնահատվել, քանի որ նրան է վերապահվել սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Այդ իսկ դժվարությունների հաղթահարումով այս տոնական օրը շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, ովքեր, հավատարիմ իրենց սկզբունքներին, դատապարտում են այն բոլոր բացասական որակները, որոնք խաթարում են սերնդի ուսման ու դաստիարակության անաղարտ գործին:
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար ուսուցչությունը տարիների երազանք է եղել, ու այն իրականացվել է, ովքեր, դասարան մտնելով, երբևէ չեն մտածել այն 45 րոպեն աննպատակ անցկացնելու համար և չեն էլ կարծել, որ ուսուցչի աշխատանքը սահմանափակվում է այդ րոպեներով: Շնորհավորանքս նրանց, ովքեր սիրում են իրենց մասնագիտությունը և սրտի տրոփյունով են վաստակել մանկավարժի իսկական անունը: Շնորհավորում եմ տարիների վաստակից հետո հանգստի անցած բոլոր ուսուցիչներին, ովքեր այս տոնական օրը սրտի թրթիռով են դիմավորում, անցած օրերի լավ ու վատ օրերի հիշողությամբ: Շնորհավորանքս կրթության համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր ազնվորեն ուղղորդում և գնահատում են մեր աշխատանքը:
Մեծ անուն է Ուսուցիչը, ու պետք է կարևորել ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը, հարգել նրա հեղինակությունը, գնահատել նրա աշխատանքը, երբ համեստ նյութականով է ապահովված, բայց իր վրա է կրում մի ահռելի գործ՝ կերտելով մեր պետության ու ժողովրդի ապագան՝ իր հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությամբ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8499 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook