USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես և իմ օրագիրը
2018-08-11 23:25:00
Տպել Տպել

Կյանքի անխախտ օրենքին համահունչ ստեղծագործում ու արարում ենք, և արարումը դառնում է կենսակերպ, ոգի, մտածողություն, վարք, տեսլական: Յուրաքանչյուր սերնդի հետ մենք փորձում ենք կապել իր որոնած ու նախասիրած կամուրջը, նրանցից յուրաքանչյուրի հետ նորովի ենք հատում ճանապարհը՝ մերթ համաչափ, մերթ վայրիվերումներով, որը դառնում է ստեղծագործական որոնումների ու ինքնահաստատման ուղի:

Մեկիկ-մեկիկ ճանաչում ու մտերմանում ես ու նորոգվում են ապրումներդ, հույզերդ ու մտքերդ նրանց յուրաքանչյուրի հետ համատեղ ճանապարհում: Ամեն տարի, ամեն օր ու ժամ նորովի եմ ընկալում, ու այդ նորն ամեն օր բեկվում է իմ միջով՝ մի օր հեղեղ ու փոթորիկ, մի օր հանդարտ ու խաղաղ օր: Խաղաղ օրն էլ, միևնույն է, մտահոգ եմ ու կքում եմ խոհերիս տակ: Ուզում եմ փախչել հակասական դիպվածներից, մարդկանց պայմանականություններից ու պատեհապաշտությունից, ուզում եմ մնալ ես ու իմ օրագիրը:
Մանկավարժի իմ օրագրային գրառումների արդյունքում խայտաբղետ մի խճանկար է՝ բարձր արժեքների սերմանում և կողքին ակամայից սերտաճող գաճաճ արժեքներ, ողջամտություն և դրան անհարիր աբսուրդ, մարտիրոսված ու ոգեղենացած հերոսներ և մեր աչքի առաջ ընկնող կերպարներ…Որտե՞ղ ենք գնում… Ի՞նչ ենք անում փրկելու համար արյան գնով ձեռք բերածը…Ինչպե՞ս ենք ընկալում և իմաստավորում օրվա խորհուրդը, ինչպե՞ս ենք ապրում Աստծո տված ամեն օրը՝ ավերու՞մ, թե՞ կառուցում ենք այն:
Անհարմար եմ զգում, երբ իմ օրագրային գրառումների նյութը դառնում է որևէ բացասական դեպք կամ կերպար, այնուհանդերձ, ուսուցչի կամ աշակերտի բերանով արտածված ամեն մի գրառում այստեղ սեփական անձնագրի գոյության հաստատում է, որի ակունքները հասնում են մինչև նախնյաց հիշողության հոգևոր բովանդակություն: Այո՛, առանց նախնյաց հետ հոգևոր կապի, առանց հայրենիքը սիրելու և նրա նկատմամբ հոգատարություն տածելու, չկա ու չի կարող լինել վերածնունդ: Խոսքը նախ և առաջ մտածողության ու հոգու վերածննդի մասին է: Այսօրվա բարդ ու խրթին ժամանակներում ծանրացել է մեր հայ մայրերիս ու մանկավարժներիս գործը: Բայց մենք կրում ենք 5-րդ դարի փափկասուն հայ տիկնանց ոգին, որոնք այսօր երևակվում են նոր դրսևորումներով:
Այո՛: Մենք փորձության ու յուրատեսակ ստուգատեսի ժամանակներ ենք ապրում: Եվ պատվով պետք է անցնենք այդ ստուգատեսը: Ու այն անհաղթահարելի պտույտ չպետք է դառնա հատկապես մեզ՝ մանկավարժներիս համար: Ես և իմ օրագիրը: Ամենօրյա տքնաջան աշխատանքներով փորձել եմ ուրվագծել ինչ-ինչ արժեքային համակարգի չափանիշներ՝ խզում չստեղծելով նոր սերնդի ու իրականության միջև, չմոնտաժելով առանձին հատվածական դրվագներ: Մանկավարժի գործունեության կանոնավոր շարունակություն. սա էր մանկավարժի իմ օրագրային գրառումների վերջին հանգրվանը և ոչ թե քննադատության աշխուժությունը:
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթում բանալին անհետանում է, իսկ ես գտել եմ աշխարհը և ինքներս մեզ փոխելու բանալին. դա ճիշտն ու լավը ստեղծելու նվիրումն ու հավատամքն է, ճշտին ու ճշմարտությանը հավատարիմ լինելը, ճշտի սկզբունքով աշխարհը նվաճելը, աշխարհին տալն ու վերցնելը....
Անվախճան է մանկավարժի հույսս… Մնամ Ձեր
ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Այս նյութը դիտել են - 12277 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook