USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խաղաղ երկինք, առեղծվածային տիեզերք
2018-04-18 21:51:00
Տպել Տպել

Օրեր առաջ հրավիրված էի ֆիզիկայից տասներորդցիների կողմից կազմակերպված վիկտորինային: Որպես հայոց լեզվի և գրականության մասնագետ՝ գուցե շատերին զարմանալի թվաց իմ մասնակցությունն այդ միջոցառմանը, բայց հետաքրքրությունս բևեռված էր դասավանդող ուսուցչուհի Անահիտ Ներսիսյանի՝ այդ առարկայի հանդեպ ունեցած վերաբերմունքին, թե որքանով է այն սիրելի դարձել մեկի համար, ում տարիներ առաջ դասավանդել էի դպրոցում ու տեսել նրա սերն ու համակրանքը գրականության հանդեպ, բայց ի զարմանք շատերիս՝ դպրոցն ավարտելուց հետո ընտրեց մաթեմատիկան, այնուհետև ֆիզիկան՝ ավարտելով երկու մասնագիտությունների բարձրագույնը, հմտանալով այդ առարկաների, առանձնապես ֆիզիկայի դասավանդմանը՝ դառնալով աշակերտների սիրելին:
Այս օրերին հրավիրված էինք երիտասարդ ուսուցչուհու կողմից կազմակերպված միջոցառմանն աստղագիտությունից՝ «Տիեզերքն առեղծվածային է» խորագրով: Բեմը ձևավորված էր շատ գեղեցիկ, տարբեր պատի թերթեր կային, մոլորակներ, աստղեր էին շուրջբոլորը, այն տպավորությունն էր, կարծես աստղազարդ երկինքն էր ամենուր շողարձակում: Ուսուցիչների և դպրոցականների մասնակցությամբ միջոցառումն ունկնդրեցինք քար լռությամբ, աշակերտների, հատկապես հաղորդավարների խոսքում աստղագիտության հետաքրքրաշարժ աշխարհն էր ի ցույց դրվել, որտեղ տեսանելի էր ուսուցչուհու ջանադիր աշխատանքը:
Առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի մասին էր տեսանյութը, ով իր ժամանակ ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրության ալիք բարձրացրեց ու ձեռք բերեց համաշխարհային ճանաչում: Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի մասին նկարահանված ֆիլմը մի նոր հետաքրքրությամբ դիտվեց: Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրն էր նա, ում մասին անընդհատ կարելի է խոսել հպարտությամբ՝ որպես ակնածանքի ու խոնարհման արժանի հայ մարդու հզոր կերպար:

Անհնարին էր շրջանցել ու չխոսել նրա թողած կտակի մասին, որտեղ հայոց լեզուն էր երփներանգվում՝ սերունդներին թողած իր պատգամով. «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցե՛ք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: 29.08.1994»:
Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունը, որ իր սրտում երկնախորհուրդ լույսից կրելով՝ գրել էր դեռ դար առաջ «Լուսավորչի կանթեղը», միահյուսվել էր այդ օրվա աստղագիտության թեմային, որ ասմունքեց աշակերտուհիներից մեկը. «Կես գիշերին կանթեղը վառ Կախ է ընկած երկընքից, Լուսավորչի կանթեղն անմար Հայոց մըթնած երկընքից, Կախ է ընկած առանց պարան Արագածի կատարին, Ու սեղանից հըսկայական Լույս է տալիս աշխարհին»:
Աշխարհի, առանձնապես Արցախի համար այն երկնքից կախված կանթեղի լույսի ու աստղերի փայլուն շողերի առատության բարի օրհնանքով էլ ավարտվեց միջոցառումն ուսուցչուհի Անահիտ Ներսիսյանի խոսքով, որտեղ շնորհակալություն կար միջոցառման մասնակից իններորդցիների, այն տասներորդ դասարանցիներին ուղղված, ովքեր սիրով օգնել են բեմի ձևավորմանը այդ միջոցառման կայացման ճանապարհին, նաև շնորհակալական խոսքն ուղղված էր հանդիսատես բոլոր ուսուցիչներին և աշակերտներին: Դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանն այդ միջոցառումից ստացած բարձր տպավորությունն արտահայտեց ուսուցչուհուն ուղղված շնորհակալական խոսքով:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 17811 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook