USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 11 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Վեհափա՛ռ, գնացէ՛ք Մայր տաճար ու ծունկի գալով՝ քննեցէ՛ք Ձեր անձը եւ որոշեցէ՛ք, թէ Ձեր վարքը յարի՞ր է հայ հոգեւորականին».բաց նամակ Կաթողիկոսին
2017-05-04 13:47:00
Տպել Տպել

«Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում.
 կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ «Թո՛ղ, որ հանեմ այդ շիւղը քո աչքից», եւ ահա քո աչքում գերան կայ: 
Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար» (Մատթ. 7:3-5):

Վեհափա՛ռ  Տէր.

Բաց նամակս որոշեցի սկսել Քրիստոսի խօսքերով որովհետեւ մեր բոլորի ուղեցոյցը Քրիստոսի խօսքերն են, եւ այս Աւետարանի համարները համընկնում են այս օրերու ձեր գործելաոճին։

Վստահաբար յիշում եք որ ճիշտ երեք տարիներ առաջ՝ Ապրիլի 30ին, հոգեւոր ոճրագործութիւն կատարեցիք ձեր եղբօր՝ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նշանակեալ առաջնորդ Եզրաս Արք. Ներսիսեանի խնդրանքով՝ ինձ կարգազուրկ յայտարարելով, եւ որպէս «հիմք» պատրուակ էիք բերել «եկեղեցականին անյարիր ընթացք» շինծու մեղադրանքը: Ես չեմ ուզում անդրադառնալ ժողովուրդի կողմէ գրուած նամակներու եւ խնդրանքներու մասին, որտեղ բացատրութիւն էր պահանջւում այդ մեղադրանքի կապակցութեամբ, սակայն անտեսելով ու արհամարհելով ժողովուրդի պահանջը՝ ոչ մի բացատրութիւն իսկ չտրուեցաւ այս հարցի մասին՝ բացի Մոսկուայի առաջնորդարանի կողմէ հրապարակուած ստայօդ լուրերէն: Ու ինչպէս միշտ, այս անգամ ալ անտառային օրէնքով շարժեցաք եկեղեցւոյ մէջ՝ «ես եմ կաթողիկոսը, ինչ ուզում, անում եմ» քմահաճ ու մենատիրական Ձեր անհագ ախորժակը ի ցոյց դնելով։

Ես ինչպէս յայտարարեր էի, պայքարելու եմ մինչեւ վերջ՝ հասնելու համար արդարութեան, եւ շարունակում եմ պայքարը ու վստահ եմ որ Աստուծոյ օգնութեամբ հասնելու եմ արդարութեան։

Ձեր կաթողիկոսութեան տխրահռչակ ողջ շրջանում այնքան արժանաւոր հոգեւորականներ ապօրինի կերպով կարգազրկեցիք որ պատմութիւնը ձեզ պիտի դրոշմէ «Գարեգին Բ Ամենայն կարգազրկող կաթողիկոս»: Երբ կարդում ենք Ձեր մասին թերթերի ու կայքէջերի մէջ լոյս տեսած անծայրածիր յօդուածները, որոնք գրեթէ միշտ մնում են առանց հերքումի՝ Ձեր իսկ կողմէն, մեզ բոլորիս ապշեցնում է, թէ ի՞նչպէս կարելի է ընդունել մի կաթողիկոսի ով ամէն տեսակի օրինազանցութեամբ եւ եկեղեցական կանոններին հակառակ անյարիր ընթացքով է ապրում եւ գործում, ի՞նչպէս հանդուրժել երբ ամբողջ համացանցում ու սոցցանցերում յօդուածներ են լոյս տեսնում որ կաթողիկոսն ունի ապօրինի զաւակմանկապիղծ եպիսկոպոս եղբայր, բիզնեսներ եւ այլն… Դուք վստահ տեղեակ էք դիմատետրի մէջ բոլոր այն գրառումներուն որոնք ձեր անձի ու վարքի մասին գրուած են: Ես կ՛ուզենայի տեսնել առնուազն մի քանի պաշտպանողական գրութիւններ ժողովուրդի կողմից իր հայրապետի մասին, սակայն տեսնում ենք որ ժողովուրդն ալ լուռ է այս գրութիւններու նկատմամբ, որովհետեւ իր խորքում հաւատում է այս լուրերու իրականութեանը, ու չի համարձակւում բարձրաձայն արտայայտուել ինչ-ինչ պատճառներով, իսկ այդ հազուագիւտ անձինք, որոնք ուզում են Ձեզ հաճելի դառնալ, չեն համաձակւում պատասխանել, որովհետեւ իրենք ալ գիտեն թէ այդ յօդուածներու պարունակութիւնը ճշմարտութիւն է, իսկ ճշմարտութեան դէմ գնալը շատ դժուար է։

Գալով Ձեր լռութեանը, ի՞նչպէս կարող էք լուռ մնալ այն յօդուածների նկատմամբ, եթէ պատասխան չունէք ու ճշմարտութիւն է: Ուրեմն՝ եթէ այս բոլորը ճշմարտութիւն է, դուք Ձեր վարքով ու կեանքով անյարիր էք հոգեւորական կոչուելու եւ անյապաղ պէտք է թողէք Լուսաւորչի սուրբ աթոռը եւ ինքնակամ հրաժարուէք: Իսկ եթէ սխալ են վերը յիշուած լուրերը, ուրեմն պէտք է պատասխան տաք ու փաստերով հաստատէք սխալ լինելը, որպէսզի ժողովուրդը հասկանայ ճշմարտութիւնը: Սակայն երբ լուռ ընդունում էք բոլոր գրուած յօդուածները, ժողովուրդը դա հասկանում է եւ ըստ ժողովրդական ասացուածքին թէ՝  «Լռութիւնը համաձայնութեան նշան է», ասել կ՛ուզի թէ՝ հասկանում է որ ճշմարիտ են այդ բոլոր լուրերը։

Վեհափա՛ռ, կարծէք արդէն ժամանակն է որպէսզի զգաստանաք եւ ապաշխարէք: Չէ՞ք անդրադառնում որ մեր եկեղեցին հիմքից քանդում էք, նոր սերունդը, որը որպէս ապագայ հոգեւորականներ դաստիարակւում է ճեմարանում, նոյն ձեւով փճացնում էք։ Այն բոլոր յօդուածները որոնք լոյս են տեսնում թերթերում՝ Գէորգեան ճեմարանի եւ Մայր Աթոռի այլասերուածութեան մասին, մնում են անպատասխան, արդեօք ճի՞շտ են։ Ի՞նչու փաստերով չեն հակադարձւում, երբ նախկին միաբաններ յօդուածներով փաստում են այդ վիճակը, որոնք իրենց աչքերով են տեսած. արդեօք կարելի՞ է չհաւատալ այն մարդուն որ ինք տեսած է այդ բոլորը եւ արտայայտւում է։

Այնքան երկար կարելի է գրել Ձեր ապօրինութիւնների եւ եկեղեցական կանոններու խախտումների մասին որ հնարաւոր է նոյնիսկ հատորներ գրել: Սակայն Ձեզ համար այս բոլորը ոչինչ չարժէ, որովհետեւ փառա­սի­րու­թիւնն ու նիւթապաշտութիւնը Ձեր մէջ այնչափ արմատացած է, որ նոյնիսկ կարեւորութիւն չէք տալիս այն բոլոր ծանրածանր պախարակումներուն որ ժողովուրդի կողմէ գրւում է դիմատետրի մէջ: Պատուախնդրութիւն եւ բա­րո­յականութիւն ունեցող անձը մինչեւ հիմա պէտք է ամօթից հեռացած լի­ներ կաթողիկոսական աթոռէն, բայց մի բան իմացէք որ Դուք, որքան ալ որ չհաւատաք, Աստուծոյ դատաստանից չէք կարող փախչել, ու հաշիւ պի­տի տաք այս բոլորի համար։

Իմ նամակս կ՛ուզեմ վերջացնել մի փոքր խրատով եւ խնդրանքով։ Խրատը այն է, որ դուք զգաստանաք եւ ապաշխարէք, քանի դեռ ուշ չէ, ինչպէս Քրիստոս կ՛ըսէ. «Չէք գիտեր ո՛ր ժամուն գողը պիտի գայ, եթէ գիտնայիք կը պատրաստուէիք եւ չէիք թողնի որ գողութիւն աներ»։ Հասկացէ՛ք վերջապէս, որ Դուք եւս մահկանացու էք, եւ քիչ ժամանակ յետոյ հող պիտի դառնաք ինչպէս բոլորս:

Ինչպէս Երուսաղէմի Նուրհան Պատրիարքը իր նամակին մէջ Ձեզի խրատեց՝ թողնել Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Սուրբ Աթոռը ու միանգամընդմիշտ հեռանալ, որպէսզի Հայ եկեղեցին փրկուի ամբողջական կործանումից ու առաւել հզօրանայ։ Նոյն խնդրանքով ես եմ դիմում ու խնդրում, որ ինքնակամ հրաժարուէք ու հեռանաք հայրապետական Գահից, որովհետեւ Ձեր ներկայութիւնը քանդում եւ տկարացնում է մեր եկեղեցին: Այսօր մեր եկեղեցու տկարութեան պատճառով մեր ժողովուրդի մէջ աղանդները շատանում են, եւ մեր ժողովուրդին տանում են դէպի խորխորատ, եւ այստեղ Դուք անձամբ ունիք մեծ բաժին եւ պատասխանատու եք այս վիճակին։

«Ծանի՛ր զՔեզ», Վեհափա՛ռ, գնացէ՛ք Մայր տաճար ու Իջման Սուրբ Սեղանի առաջ ծունկի գալով՝ քննեցէ՛ք Ձեր անձը եւ որոշեցէ՛ք, թէ Ձեր վարքը յարի՞ր է հայ հոգեւորականին կամ ոչ: Դուք սովոր էք հոգեւորական հեռացնել՝ նրա բարի համբաւը, պատիւն ու արժանապատւութիւնը ոտքի կոխան դարձնելով, սուտ զրպարտութիւններով նրա անձը վարկաբեկելով յաչս հաւատացելոց, թէեւ արժան կը լինէր, որ Դուք մինչեւ անգամ քրէական պատասխանատւութեան ալ ենթարկուէիք այս հակաքրիստոնէական եւ անմարդկային գործելաոճին համար:

Ես դատաւոր չեմ, Դուք Ձեզ դատեցէ՛ք ու սրբագրեցէ՛ք Ձեր գործած հակականոնական սխալներն ու ապօրինի կարգազրկումները։

Բաց նամակով եմ դիմում Ձեզ, որովհետեւ փորձառութիւնը ցոյց է տալիս, որ Ձեզ անհաճոյ գոց նամակները Դուք չէք կարդում կամ կարդալուց յետոյ պատռում-նետում էք աղբամանը: Դուք գիտէք Դուք ով էք՝ որ ո՛չ Աստուծմէ կը վախնաք, ո՛չ ալ մարդոցմէ կ՛ամչնաք:

Յոյսով եմ որ այս նամակը կը հասնի Ձեզ եւ բարկանալու փոխարէն քնանալէ առաջ մտորելու առիթներ կ՛ունենաք՝ Ձեր իսկ բարիքին համար եւ ի շահ մեր Մայր Եկեղեցւոյ։

Տէր Մարտիրոս Քհնյ. Պէրպէրեան 

Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ նախկին հոգեւոր հովիւ

Այս նյութը դիտել են - 3604 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook