USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 13 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նախկին նախարարի օրոք թույլ տված ահռելի չափով չարաշահումները «ջրի երես» են դուրս եկել. քաղաքական որոշումը կայացված է
2016-10-18 23:35:00
Տպել Տպել

Ընթացիկ տարվա հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել, ապա ստորագրությամբ ազատ էին արձակվել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը:

Վերջիններս, ինչպես հայտնի է, մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ այդկերպ պետբյուջեից 2 միլիարդ դրամ հափշտակելու մեջ: Նրանց բոլորի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Այս աղմկահարույց գործով առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ այն հասնում է ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանին: Ու պատմության մեջ նվազ կարեւոր չէ այն, որ մինչ գործի բացահայտումը, 2014 թվականին առողջապահության նախարարությունից որոշ աշխատակիցներ են հեռացվել:

Քաղաքական որոշումը

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կանխատեսելի քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է. քրեական գործը շուտով կկարճվի: Իսկ որն է նման որոշման գինը: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել է, որ դեպքից հետո իրավապահները չեն բացառել այն վարկածը, որ այս պատմության գլխին նախկին նախարար Դերենիկ Դումանյանն է կանգնած եղել: Եվ ըստ երեւույթին` հարազատ իշխող կուսակցությունը որոշել է մեծահոգություն դրսեւորել Դումանյանի նկատմամբ` գործը կարճելու հրահանգ իջեցնելով:

Ի դեպ, վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ի հնաբնակները անորոշության մեջ են եւ վախեցած, քանի որ երաշխիք չունեն, որ նոյեմբերյան համագումարից հետո ՀՀԿ գերագույն մարմնում տեղ կունենան: Չի բացառվում, որ իշխող կուսակցությունը որոշում կայացնի Դերենիկ Դումանյանին «պատժել» այս ձեւով:

«Մենք ո՞ւր ենք գնալու, Դերո՛»

Նախ հիշեցնենք, որ անդրադառնալով կատարվածին` նախկին նախարարն ասել էր, թե Սարո Ծատուրյանը բավականին բարեխիղճ եւ պատասխանատու պաշտոնյա է եղել, եւ վստահեցրել է, որ ինքը գործում չի ներգրավվի: Դրանից հետո զարգացումներն այլ ուղղությամբ ընթացան. Սարո Ծատուրյանը խոստացավ անուններ հնչեցնել, ավաղ… այսօր հանգամանքներն այլ են: Թե ով պետք է պատասխան տա պետբյուջեին այսքան վնաս տալու համար, այլեւս օդից կախված է, քանի որ հիշատակված պաշտոնյաները ստորագրությամբ ազատ արձակվեցին, հիմա էլ գործն են կարճում:

Ավելին, սույն անձինք շարունակում են իրենց աշխատանքը: Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ կառավարությունում անցկացված հատուկ խորհրդակցությունը, որի ընթացքում դիմելով ՀՀ առողջապահության նախկին նախարարին՝ Դերենիկ Դումանյանին՝ ասաց. «Ինչպե՞ս կարելի Է դեղերի շուկան այդպես թողնել, Դերո՛… արդեն դու ահագին աշխատում ես, առաջինը քո՛ խնդիրն է, առաջինը… քո տեսչությունների միջոցով դու կարող էիր վաղուց արդեն, այդտեղ, ինչպես արդեն պայմանավորվել էինք, բեկում մտցնել: Երբ հարցնում եմ՝ տեսչություն ենք միավորում, մարմիններ ենք միավորում, դե, տենց տեմպերով մենք ո՞ւր ենք գնալու, հասնենք»:

Հայտնի փաստերը

Առողջապահական Պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանի գլխին ամպերը վաղուց էին կուտակվել։ Քրեական գործը հարուցված է եղել դեռեւս երկու տարի առաջ՝ պաշտոնեական կեղծիքի հոդվածով։ Անձինք էին հարցաքննվել, փորձաքննություններ էին արվել, ապացույցներ էին ձեռք բերվել, իսկ պաշտոնյաների ձերբակալությունը ընդամենն այսբերգի տեսանելի գագաթն էր։

«Ժողովուրդ»-ը դեռեւս դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունից խնդրել էր ներկայացնել նախկին եւ ներկայիս ուղեգրերի տեսքը, որպեսզի հասկանալի լիներ, թե ինչպես կարող էին կեղծվել դրանք նախկինում:

Պարզվել էր, որ նախկին ուղեգիրը ընդամենը սովորական թուղթ է՝ առանց համապատասխան կոդավորման եւ պաշտպանիչ շերտի, որի վրա կարելի է փոխել ամեն ինչ՝ առողջարանային կենտրոնի անունից սկսած, մինչեւ այլ տվյալներ: Այստեղ հարկ ենք համարում տեղեկացնել, որ պետպատվերն իջեցնում է պետությունը, իսկ ուղեգրերի համար վճարումներն ապահովում է առողջապահության գործակալությունը։ Իսկ առողջարանական ծառայությունները տարեկան մոտ 350 հազար ուղեգրեր են հատկացնում քաղաքացիներին, եւ այդ գումարները դուրս են բերվում գործակալության բյուջեից։

Այս դեպքում քաղաքացիներին կեղծ ուղեգրեր են տրվել, եւ պետությունը վճարել է դրանց դիմաց։

Այսինքն` մարդիկ չեն գնացել հանգստանալու, սակայն փողերը դուրս են գրվել։ Դեպքից հետո ուղեգրերի համակարգը կանոնակարգելու փորձեր արվեցին, փոփոխություններ կատարվեցին։ Նախկինում ուղեգրերը չէին համարակալվում, ինչը բարդացնում էր վերահսկողությունը։ Հայտնի չէր, թե ովքեր են գնացել հանգստանալու, ո՞ր ուղեգրով, հանգստյան ո՞ր գոտին։

2014 թվականի երկրորդ կեսից, հնարավոր ռիսկերը վերացնելու համար, սկսեցին ուղեգրերը համարակալել, եւ այժմ ցանկության դեպքում կարելի է հետեւել, թե որ ուղեգրով որտեղ եւ երբ են կազդուրվելու մեկնել մարդիկ։ Եւ ահա, երկու տարի վարույթ իրականացնելուց հետո քննչական մարմինն ապացույցներ էր ձեռք բերել, որոնք բավարար էին պաշտոնյաներին ձերբակալելու համար։

Առողջապահական շրջանակներում, սակայն, չէին հավատում, որ Սարո Ծատուրյանը կարող է մեծ դերակատարում ունենալ հանցագործության մեջ։ Նա Պետական առողջապահական գործակալության պետ է նշանակվել ՀՀ նախկին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի օրոք։ Ծատուրյանը նրա համակուրսեցին է եղել եւ մտերիմը։

Խախտումները, որոնք քննչական վարույթի առարկա են դարձել, Դումանյանի պաշտոնավարման ընթացքում են եղել՝ 2012-2014 թվականներին։ Սարո Ծատուրյանը նաեւ առողջապահության մեկ այլ նախարարի հետ կապեր ունի՝ Հայկ Նիկողոսյանի աներորդին է եւ ժամանակին եղել է նրա կողմից հիմնադրված «Ախտորոշման կենտրոն»-ի ղեկավարը։

Ահա, այդպիսի տեմպերով հասանք այնտեղ, որ նախկին նախարարի օրոք թույլ տրված ահռելի չափով չարաշահումները «ջրի երես» են դուրս եկել, իսկ վերջնարդյունքն առավել քան մտահոգիչ է:

Այսպիսով, հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ կոռուպցիայի դեմ պայքարելու կտրուկ հայտարարություն անող ՀՀ կառավարությունը շարունակում է կեղծ խոստումներով չարաշահել հանրության համբերությունը:

Տաթեւ Հարությունյան 
armlur.am

Այս նյութը դիտել են - 3821 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook