USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչ էր շշնջում Ռուսաստանի դեսպանը Լիսկայի ականջին...
2016-07-25 15:23:00
Տպել Տպել
 
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հուլիսի 25-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում, ըստ տեղեկատվության, Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է մարզը, աշխարհագրական դիրքը, առանձնահատկությունները, տնտեսական պոտենցիալն ու գործակցության հնարավոր հեռանկարները:

 Ռուսաստանի դեսպան Վոլինկինին Սյունիքի մարզը հետաքրքրել է շատ հետաքրքիր ժամանակահատվածում: Երեւանում տեղի են ունենում հայտնի զարգացումները, եւ հայտնի է դրանց հանդեպ Ռուսաստանի արձագանքը: Այն մեղմ ասած տարօրինակ արձագանք է, ինչի մասին վկայում է դրա թեկուզ մի վառ դրվագ: Ռուսաստանը, որ երեւանյան դեպքերը համարեց քրեական, պաշտոնապես իր դժգոհությունը հայտնեց Հայաստանի դեպքերի վերաբերյալ իշխանությանն ուղղված Եվրամիության հորդորի կապակցությամբ:

 Եվրամիությունը հորդորել էր Հայաստանի իշխանությանը չդիմել անհամաչափ ուժի, իհարկե դատապարտելով բռնությամբ քաղաքական փոփոխության փորձը:

 Այդպիսով, Եվրամիությունը փաստորեն հորդորել էր թույլ չտալ արնահեղություն: Ու դա, փաստորեն, դուր չի եկել Ռուսաստանի ԱԳՆ-ին: Դա գործնականում չտեսնված բան է թե բովանդակության, թե նաեւ պետական հարաբերության տեսանկյունից, որովհետեւ Եվրամիությունը Ռուսաստանին չէր արել որեւէ կոչ, այլ արել էր կոչ Հայաստանին:

 Ռուսաստանն ընդհանրապես սկսել է փութաջանություն ցուցաբերել Հայաստանում իրադարձությունների զարգացման արագ հանգուցալուծման հարցում: Իսկ արագությունը դա արնահեղության տանող ամենահավանական ճանապարհն է, ներկայիս իրավիճակում:

 Ըստ երեւույթին, դա նաեւ այսպես կոչված «լավրովի պլանի» կամ «կազանյան արդիականացված պլանի» իրականացման տանող ճանապարհն է: Երեւի պատահական չէ, որ այս իրավիճակում Վոլինկինը հիշում է Սյունիքն ու Լիսկային: Ի վերջո, Սյունիքի մարզը սահմանակից է այն տարածքներին, որոնք «լավրովի պլանը» ենթադրում է «վերադարձնել» Ադրբեջանին: Լիսկան հավանաբար դրա համար է Վոլինկինին ներկայացրել մարզի աշխարհագրական դիրքը:

 

Միեւնույն ժամանակ, այս օրերին Ռուսաստանի դեսպանը, ավելորդ աչքի չընկնելու համար հավանաբար նպատակահարմար չի գտել ավելի բարձր մակարդակի հանդիպում ունենալ Հայաստանի իշխանության հետ: Իսկ գուցե նրան պարզապես մերժել են, եւ «ազատ» է եղել միայն Լիսկան: Բոլոր դեպքերում, Հայաստանում իրավիճակի «ձգձգման» կապակցությամբ ակնհայտ տագնապներ ապրող Ռուսաստանը ամենեւին էլ չի «վրիպում»՝ ընտրելով Լիսկային:

 Բանն այն է, որ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի իշխող համակարգի խորհրդանշական ֆիգուրներից է: Այդ համակարգը խոշոր հաշվով գտնվում է ծվարած վիճակում: Համենայն դեպս հայտնի չէ, թե ինչ է կատարվում այդ համակարգի ներսում, ինչ ապրումների մեջ են քրեաօլիգարխիկ բուրգի տարբեր ներկայացուցիչները, ինչ են նրանք մտածում Սերժ Սարգսյանի քայլերի մասին, վստահու՞մ են նրան, թե՞ սկսել են կասկածել, որ նա տիապետում է իրավիճակին ու կարող է հանգուցալուծել այն:

 Ահա այդ իրադրությունում, Հայաստանի դեպքերի հանդեպ իր հայտնի վերաբերմունքով հանդերձ, Ռուսաստանի Դաշնության դեսպանի հանդիպումը քրեա-օլիգարխիկ բուրգի նշանակալից ֆիգուրներից մեկին, խիստ հատկանշական է: Արդյոք Վոլինկինը կհորդորի Լիսկային եւ ընկերներին չլինել պասիվ եւ չսպասել Սերժ Սարգսյանին, այլ հնարավորինս ազդել նրա վրա՝ մղելու կտրուկ գործողությունների:

 Ի վերջո, Հայաստանում տեղի է ունենում հատկանշական մի զարգացում: Լիսկան մեկն էր այն օլիգարխներից, որոնց թիկնազորերը իրականացրել էին մարտի 1-ի օպերացիան՝ բանակի եւ ներքին զորքերի թիկունքում, ստանալով անհրաժեշտ հանդերձանքը: Անունների ցանկը հրապարակեց Հայ ազգային կոնգրեսը, որտեղ կային Գագիկ Ծառուկյանի, Լիսկայի, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սամվել Ալեքսանյանի, Ալրաղացի Լյովի անունները: Նրանցից միայն Գագիկ Ծառուկյանը հերքեց, թե իր անունն առնչություն ունի դրա հետ:

 Ներկայում, քրեա-օլիգարխիկ բուրգի սեգմենտները կարծես թե հետին պլանում են, առաջին շարքում հայտնված է ոստիկանությունը: Ինչ խոսք, Հայաստանի ոստիկանությունն այդ բուրգի պաշտպանիչ շերտն է տարիներ շարունակ, սակայն տվյալ դեպքում խոսքն իհարկե ոչ թե որակական, այլ կառուցվածքային փոփոխության մասին է: Փաստորեն տասը օր առաջին շարքում ոստիկանությունն է, իր բնույթով ըստ էության օրինականությունից ու արդիականությունից շատ հեռու, բայց այդուհանդերձ կարգավիճակով հենց այդ իրավիճակների համար նախատեսված պետական կառույցը: Զուգահեռ, աշխույժ աշխատում է ԱԱԾ-ն:

 Դժվար է ասել, թե սա ինչ ազդեցություն է թողնում իրավիճակի վրա ընդհանրապես, սակայն անկասկած մի բան է, երբ հանգուցալուծում ապահովում են քրեա-օլիգարխիայի բանդաները, եւ մեկ այլ բան, եթե դա ապահովում են իրավապահ կառույցները՝ թեկուզ անօրինականությունների հեղեղով: Այդ հանգամանքը չի կարող իր ազդեցությունը չթողնել իշխանության հետագա կառուցվածքի եւ քայլերի տրամաբանության վրա:

 Ահա այդ իրավիճակում, իսկապես ուշագրավ է փոթորկվող Երեւանի ֆոնին Վոլինկինի հանդիպումը Սյունիքի մարզպետ Լիսկայի հետ:

lragir.am

Այս նյութը դիտել են - 3538 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook