USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սեյրան Օհանյանի հրաժարականի ժամը
2016-04-15 14:25:00
Տպել Տպել

Այն իրավիճակը, որը հաստատվել է ՀՀ իշխանական շրջանակներում ապրիլի 2-4-ին Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ տեղի ունեցած ռազմական բախումներից հետո, բնութագրելի է կամ «անմեղսունակություն», կամ «ոչ ադեկվատություն» բառերով:

Նախագահները չե՞ն ցավում

Նախագահ Սերժ Սարգսյանը Նոբելյան մրցանակակիրներ ու ԱՊՀ կոչվող մեռելածին կառույցից չինովնիկներ է ընդունում` փոխարեն ղարաբաղաադրբեջանական սահմանագծում զոհված հայաստանցի զինծառայողների հարազատներին ընդունի եւ ՀՀ պաշտպանության նախարարին պարտավորեցնի ուսումնասիրել եւ զոհվածների հարազատներին, Հայաստանի ողջ ժողովրդին հայտնել, թե զինվորականներից ով ինչ հանգամանքներում է զոհվել, եւ արդյո՞ք չկար նախազգուշական, պաշտպանական որեւէ միջոց նրանց կյանքերը փրկելու:

Նախագահ Սարգսյանը հյուրեր է ընդունում, փոխարեն մտահոգվի նրանով, որ ՀՀ ՊՆ-ի ինքնագործունեությամբ տարված մամլո քարտուղարը բախումների օրերին կարողացածի չափ ֆեյսբուքյան ստատուսներ գրելուց հետո (դեռ մի կողմ` թե որքանով ճիշտ կամ ստահոդ) ՊՆ պարտքը կատարած է համարում օրեր հետո զոհվածների լուսանկարներ Facebook-ում հրապարակելով, անգամ նեղություն չկրելով զոհված ՀՀ քաղաքացիների անունները ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրելու եւ գոնե կարճ կենսագրականներ ու մահախոսականներ կցելու՝ որպես հարգանքի տուրք զոհվածների հիշատակին:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ այնքան է քաղաքական բարձրությունից նայում կատարվածին, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մի ամբողջ ինքնազրույց էր հրապարակել, դրանում գոնե մի տողով չհիշելով զոհվածներին եւ ցավակցություն չհայտնելով, երբ զոհերի աճյունները դեռ հողին են հանձնվում: Գրողը տանի, միթե կարելի է այդքան տմարդի լինել: Տեր-Պետրոսյանը մոռացե՞լ է ցավակցել, թե՞ չի ցավում:

Նախագահներից հետո հաջորդ պաշտոնյան, որի գործողություններն ուշադրություն են գրավում, «կյանքն առանց խելքի» կարգախոսով ապրող մխչյանցի գեղջուկն է` Հովիկ Աբրահամյան անուն-ազգանվամբ, որը Մոսկվա էր մեկնել՝ ԵՏՄ վարչապետական «սխոդկայի» մասնակցելու: Թեեւ եթե չմեկներ էլ, «կյանքն առանց խելքի» կարգախոսը վաղուց ավելորդ է դարձրել որեւէ մտածված կամ արժանավայել վարքի ակնկալությունը խնդրո առարկա պաշտոնյայից:

Վերջապես, տասնյակ զոհերի պատճառ դարձած ռազմական բախումներից հետո կենտրոնական անձը` ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը: Անհնար է հասկանալ, թե ինչով էր զբաղված պրն Օհանյանն ամբողջ տասն օր` Իրանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից մինչեւ ԱՄՆ դեսպանին ընդունելը, եթե ռազմական կցորդներին, դեսպաններին, մյուս միջազգային կառույցների ներկայացուցիչներին անվերջ փոխնախարար Դավիթ Տոնոյանն էր ընդունում, պարզաբանումներ տալիս, հայտարարություններ անում, անգամ ԱԺ հատուկ նիստին Տոնոյանն էր գնացել: Պրն Օհանյանը երկրում չէ՞ր: Թեեւ, եթե երկրում էլ լիներ, կատարվածից հետո, երբ ՀՀ տասնյակ քաղաքացիներ են զոհվել ադրբեջանաղարաբաղյան շփման գծում, ՀՀ պաշտպանության նախարարն առանձնապես անելիք չունի, բացի հրաժարականի դիմում գրելը: Ինչո՞ւ:
Մի քանի պատճառներով, բայց ամենից էականը՝ որպեսզի ՀՀ զինվորի արյունն աշխարհին ջուր չթվա: Այն, որ ապրիլի 2-4-ի բախումներում ԼՂՀ պաշտպանության բանակն էլ ադրբեջանական կողմին է տասնյակ կամ հարյուրավոր զոհեր պատճառել, ոչինչ չի նշանակում, քանի որ յուրաքանչյուր կառավարություն եւ, առավել եւս՝ պաշտպանության նախարար իր երկրի զոհերի համար է պատասխանատվություն կրում: Ժամանակակից աշխարհի չափանիշներն են այդպիսին:

Բարբարոս չդառնալու համար

Աֆղանստանում, արդեն 15 տարի, աշխարհի ամենադաժան պատերազմներից մեկն է ընթանում: Հանրահայտ է, որ ՆԱՏՕ-ի զորքերում մարտնչող զինվորականներն էլ հենց պատերազմական գործողությունների մասնակցելու առաքելությամբ են Աֆղանստան մեկնում: Այդուհանդերձ, երբ տարիներ առաջ Աֆղանստանում, մի մարտում ֆրանսիական զորաջոկատից տասը զոհ եղավ, ողջ Ֆրանսիան էր շանթահարվել, երկրի նախագահը` Նիկոլա Սարկոզին, անձամբ մեկնեց Քաբուլ` իր քաղաքացիների աճյուններն ընդունելու եւ պատվո արարողությամբ դագաղները Ֆրանսիա ուղեկցելու: 10 զոհը ցնցել էր Ֆրանսիան…

Փայլուն հիշում եմ, որ անընդհատ կրկնվում էր, թե 1983-ին, Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում մեկ մարտում կրած մեծաթիվ զոհերից հետո, Աֆղանստանի ողբերգությունը Ֆրանսիայի զինված ուժերի միաժամանակյա ամենամեծ կորուստն էր: Եվ երկիրը դրան արժանապատվությամբ արձագանքեց: Նույն կերպ շատերը կհիշեն, որ Աֆղանստանում, մի ահաբեկչության արդյունքում 5-7 բրիտանացի զինվորականների զոհվելուց հետո վարչապետ Քամերոնը Քաբուլ գնաց՝ մահվան հանգամանքները պարզելու եւ աճյունները հայրենիք ուղեկցելու: Երբ գերմանական զորաջոկատից անզգուշությամբ սխալ թիրախ էին խոցել ու շուրջ երկու տասնյակ աֆղանցի քաղաքացիական զոհերի պատճառ դարձել, Գերմանիայի պաշտպանության նախարարի հրաժարականի հարցը դրվեց: Սա է աշխարհում ընդունված բարոյականության եւ պարկեշտության չափանիշը:

Հայաստանում, որը Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Միացյալ Թագավորության նման 60-70 միլիոն բնակչություն չունի, այլ ընդամենը երեք միլիոն, ոչ թե տասը, այլ մի քանի տասնյակ զոհ է եղել (հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվն ինը տասնյակ է): Դրանից հետո ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հրաժարականի դիմում չներկայացնելը հավասար է Հայաստանի համար տասնյակ զոհերի ոչինչ լինելուն, այլ կերպ ասած` բարբարոսության: Եվ նման բարբարոսությունն առանձնապես չի զիջի Ադրբեջանի վայրագություններին:
Այլ հարց է` ՊՆ նախարարի հրաժարականի դիմումը կընդունվի՞, թե՞ ոչ, բայց մարդկային եւ զինվորական նվազագույն բարոյականությունը պահանջում է, որ նախարար Սեյրան Օհանյանը հրաժարականի դիմում գրի: Օհանյանի` հրաժարական չներկայացնելը չի կարող աշխարհում ընկալվել այլ կերպ, քան ուղերձ առ այն, որ ՀՀ զինվորների արյունը կարող է հոսել որքան ասես:

Եթե ՀՀ Պնախարարը չլիներ Սեյրան Օհանյանը, կարելի էր եւս մեկ տասնյակ պատճառ գրել, թե ինչու պետք է Պնախարարը հրաժարականի դիմում գրի: Թեկուզ նրա համար, որ կամավոր ԼՂՀ սահման մեկնած ՀՀ քաղաքացիները կենցաղային վատագույն պայմաններում են ապրում, մինչդեռ որքան ասես ֆունկցիոներներ, ՀՀ ՊՆ նորակառույց շենքի միջանցքներում ճեմելով, հարյուրավոր դոլարներ են ստանում: Նրա համար, որ սահմանին կանգնած ՀՀ քաղաքացիներն ապրիլի 2-ի հարձակման ժամանակ համարյա «թնդանոթի միս» են դարձել: Նրա համար, որ պայմանագրայինների ու աշխարհազորայինների փոխարեն 18-20-ամյա ՀՀ ժամկետային զինծառայողներն են ղարաբաղաադրբեջանական սահմանագծում հայտնվել: Նրա համար, որ պարտադիր զինվորական ծառայությունը, անհատական ունակությունների եւ կարողությունների վրա հենվելու փոխարեն, վիճակախաղի է վերածվել… Այլեւս չանդրադառնալով բանակի կոռումպացվածության խնդիրներին, Օհանյանի նկատելի միջազգային մեկուսացմանը եւ այլն, եւ այլն (որքան ինքս եմ նկատել, գոնե 2014-ի աշնանից հետո, փոխնախարար Տոնոյանն է անվերջ այսուայն մայրաքաղաքում հանդիպումների մեկնում, արեւմտյան պաշտպանական գերատեսչություններում բանակցություններ վարում):

Սակայն պրն Օհանյանի պարագայում շատ բան ուղղակի չարժե գրել՝ իր մարդկային արժեքից ու կենսագրությունից ելնելով: Անձամբ ես, եթե ՀՀ կառավարության կազմում երբեւէ եղել է կամ կա գոնե հինգ անձ, որոնց հանդեպ հարգանքի եւ գնահատանքի զգացում ունեմ, նրանցից մեկը Սեյրան Օհանյանն է: Սակայն, որքան էլ հարգես կամ գնահատես, եղել է այն, ինչ եղել է, եւ տասնյակ աճյունների հանդեպ հարգանքի հրամայականը նախարար Սեյրան Օհանյանին այլ ընտրություն չի թողնում, քան հրաժարականի դիմում գրելը: Հրաժարականը կընդունվի, թե ոչ՝ արդեն երկրորդական հարց է:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

hraparak.am

Այս նյութը դիտել են - 1988 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook