USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լոսանջելեսահայե՛ր, «հանգիստ նստեք տեղներդ», վարչապետի հետ հանդիպմանը հարց ու պատասխան չի՛ լինելու, «դուխով »մենախոսելու է միայն վարչապետը...
2019-09-05 23:17:00
Տպել Տպել

Այս ամիս սպասվող իրադարձություններից կենտրոնականը, թերևս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցն է ԱՄՆ՝ Լոս Անջելես: Ակնկալվում է, որ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Grand Park»-ում Փաշինյանը հանդիպում է ունենալու տեղի հայ համայնքի հետ:

Ամեն օր չէ, որ ՀՀ ղեկավարներն այցելում են ԱՄՆ, ուստի՝ տեղի հայկական կառույցներն և, մասնավորապես, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն այժմ անում են ամեն ինչ՝ սպասվող այցը, որն իր բնույթով աշխատանքային է լինելու, բարձր մակարդակով կազմակերպելու, իշխանությունների ակնկալիքներն արդարացնելու համար: Այդ նպատակով նույնիսկ ստեղծվել է կազմակերպչական հանձնախումբ, որն այս օրերին բավական լարված է աշխատում՝ գերհագեցած աշխատանքային գրաֆիկով:
Չնայած այս ամենին, ողջ պատրաստությանը, որ այժմ տեղի հայկական կառույցները հապճեպորեն տեսնում են, մեծ հարցական է մնում այն, թե ինչ կարող է իրականում Փաշինյանի այցը տալ ոչ միայն լոսանջելեսահայերին, այլև՝ Հայաստանին:
Բանն այն է, որ հեղափոխությունից ի վեր՝ այս ողջ ընթացքում, ինչպես ասում են, շատ ջրեր են հոսել, ու եթե հեղափոխության օրերին Փաշինյանի գլխավորած շարժումն աջակցություն էր գտել գրեթե ողջ ամերիկահայության շրջանում, մարդիկ աներկբայորեն սատարում էին հեղափոխության առաջնորդին՝ շարժման հետ կապելով իրական հույսեր, գրեթե ամենօրյա ռեժիմով հաջակցություն հեղափոխության միտինգներ անում, հավաքներ գումարում և այլն (ի դեպ՝ չնայած ողջ լոսանջելեսահայությունն էր իր աջակցությունը հայտնել հեղափոխությանը, սակայն լրատվական հոսքերում հիմնականում ու գրեթե բացառապես շեշտվում էր գլենդելահայության դերի մասին՝ ստեղծելով սխալ տպավարություն, թե հեղափոխությանն աջակցել են բացառապես ու միմիայն գլենդելահայերը), ապա այսօր իրավիճակը փոխվել է ոչ միայն Հայաստանի ներսում, ուր Փաշինյանի վարկանիշը շարունակում է ազատ անկման ռեժիմում գտնվել, այլև նույն ամերիկահայության շրջանում. շատերը սկսել են կասկածել՝ արժե՞, արդյոք, այդչափ ոգևորվել մի բանով, որի վերջնարդյունքն այդպես էլ շարունակում է անհայտ մնալ, իսկ ապագան՝ անորոշ:
Չնայած նույն հյուպատոսարանը ջանք չի խնայում սպասվելիք այցին մեծ մասշտաբ հաղորդելու, այն ներկայացնելու՝ գրեթե դարակազմիկ իրադարձություն՝ բոլոր հնարավոր միջոցներով, սակայն կասկածները, որ Փաշինյանի այցը կարող է ինքնանպատակ դառնալ, հետզհետե հիմնավոր տեսք են ստանում:
Այս իմաստով ուշագրավ է հատկապես այն, թե ինչպես է հյուպատոսարանը այժմ փորձում պատվով դուրս գալ այն բեռի տակից, որ դրել են ՀՀ իշխանություններն իր ուսերին:
Պարզվում է՝ ֆորմատը, որն արդեն իսկ ընտրվել է Փաշինյանի ու լոսանջելեսահայության միջև իբր ուղիղ կոմունիկացիա հաստատելու համար, համերգային է լինելու. սփյուռքահայերը հնարավորություն չեն ունենալու անձամբ հարցեր ուղղելու Նիկոլ Փաշինյանին: Դրա փոխարեն խոսքի իրավունքից օգտվելու գրեթե անսահմանափակ հնարավորություն է ընձեռվելու իրեն՝ վարչապետին:

Չնայած ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա հայերի թիվը բավական շատ կլինի, սակայն դա Փաշինյանի համար ոչ մի քաղաքական արժեք, ըստ էության, չի կարող ունենալ, քանի որ սփյուռքահայերից շատերը, համաձայն իրենց բնավորության, միջոցառմանը մասնակցելու են ոչ թե Փաշինյանին քաղաքականապես սատարելու, այլ պարզապես համերգային միջոցառում դիտելու, զվարճանալու համար:
Հարց է առաջանում, թե այս պարագայում ո՞րն է լինելու սփյուռքահայերի հետ այդ հանդիպման իմաստը մի դեպքում, երբ, այն մարդիկ, որոնց աջակցությամբ Փաշինյանն իշխանության է եկել, հնարավորություն չեն ունենալու սեփական հարցերն ուղղել Հայաստանի ղեկավարին, մի՞թե ընդամենը գլխաքանակի հարց է փորձ արվում լուծել ու ցույց տալ ոմանց, թե Փաշինյանն իրական հեղինակություն է, ո՞րն է այս ամենի իմաստը, մերկ շոու սարքե՞լը: Իսկ սփյուռքահայերի առաջ ստանձնած պատասխանատվությո՞ւնը…
Ինչպես Հայաստանում, այնպես էլ, սփյուռքում մեծ աղմուկ է բարձրացել երկու հարց՝ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումն ու Ամուլսարի խնդիրը: Ընդ որում՝ ակնհայտորեն երկուսն էլ ստացել են ինչ-որ իմաստով էքզիստենցիալ նշանակություն ողջ հայության համար՝ շոշափելով կենսական նշանակության հարցեր:
Չնայած Ստամբուլյան կոնվենցիայի ԱԺ մտնելն առնվազը հետաձգվել է մինչև խոր աշուն, իսկ Ամուլսարի հարցով էլ Կառավարությունը որոշել է չորրորդ անգամ ՇՄԱԳ իրականացնել, սակայն հարցերն օրակարգից դուրս չեն եկել, այլ ընդամենը հետաձգվել են, սառեցվել:
Իսկ սառեցվել են, որովհետև Փաշինյանի կառավարությունը համապատասխան խնդիրների լուծումը գտել է ոչ թե դրանք մեկ հարվածով վճռելու, այլ կրավորական կեցվածքի որդեգրման միջոցով հետաձգելու մեջ, ինչը, սակայն, բնավ չի ապահովագրում Փաշինյանին, չի երաշխավորում, մասնավորապես, նրա կողմից ԱՄՆ կատարելիք այցի արդյունավետությունը. սփյուռքն՝ ի դեմս ամերիկահայերի, Փաշինյանին կընդունի միայն այն պարագայում, միայն այն դեպքում նրա ձայնը լսելի կլինի, եթե վերջինս նույն Ամուլսարի հարցը լուծի ոչ թե ի շահ օտարների, այլ՝ ողջ հայության ու Հայաստանի՝ վերջնականապես խաչ քաշելով Ամուլսարի շահագործման ծրագրի վրա: Դրանով միայն նա կապացուցի, որ գոնե այս հարցում չի առաջնորդվում օտարածին շահերով: Հակառակ պարագայում նա կարող է ընդմիշտ մերժելի դառնալ սփյուռքահայության կողմից՝ արժանանալով նույն այն ճակատագրին, ինչ նախորդ իշխանությունները՝ արհամարհանքի ու քամահրանքի:
Փաշինյանն իսկապես բարդ իրադրության մեջ է հայտնվել. մի կողմից՝ կա դրսից ճնշում, որին Հայաստանի ինքնիշխանությունն աննախադեպ կերպով ամրապնդել խոստացած վարչապետը չի կարողանում դիմակայել՝ պայմանավորված հեղափոխության արտասահմանյան փայատերերի անդրդվելիությամբ, մյուս կողմից՝ առկա է նաև ներքին դիմակայության վտանգ, որը կարող է հիմնովին սասանել Փաշինյանի իշխանությունն ու այն հողին հավասարեցնել:
Այս իրավիճակում է, ահա, որ Փաշինյանն առաջիկայում այցելելու է ԱՄՆ, որ սպառնում է իսկական փորձության վերածվել հենց իր համար:

Ի դեպ՝ ենթադրելի է, որ Փաշինյանի անինքնավստահությամբ է պայմանավորված օրերս Երևանում կայացած դեսպանների հավաքի ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի նկատմամբ բանեցված ճնշումներն, ինչի մասին գրել էր նաև հայկական մամուլը:
Ակնհայտորեն Փաշինյանը գոհ չէ ՀՀ դեսպանի աշխատանքի որակից ու հենց նրան է մեղադրում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա ցածր մակարդակի համար: Խնդիրը համապարփակ է ու չի վերաբերվում միայն տնտեսական հարթությանը, այլև առնչվում է նույնիսկ արարողակարգային ոլորտին:
Բանն այն է, որ Փաշինյանն ուղղակի երազում է բարձր մակարդակի հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որն այդպես էլ նրա մոտ չի ստացվում: Թրամփ-Փաշինյան հիպոթետիկ հանդիպումը կարող էր գլխավոր զարդը դառնալ ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցի, որի հավանական ձախողման մեջ (Թրամփի հետ բովանդակային զրույց չունենալը էապես կիջեցնի այցի նշանակությունը), փաստորեն, Փաշինյանը մեղադրում է Ներսեսյանին՝ չցանկանալով խնդիրն այլ տեղ փնտրել:

Նիկոլ Փաշինյանի այցի նախապատրաստական աշխատանքները, որոնցում ներգրավված են գրեթե բոլոր հայկական ազդեցիկ կազմակերպությունները՝ հյուպատոսարանի գլխավորությամբ, բավական խորհրդավոր մթնոլորտում են անցկացվում՝ զանգվածային լրատվամիջոցների աչքից հեռու, և միայն հատուկենտ ԶԼՄ-ներ են այս օրերին արժանանում գործընթացները լուսաբանելու պատվին: Ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել, կարելի է միայն կռահել: Վերջիվերջո աշխատանքային այց է, և շատ ավելի լավ կլիներ, եթե լրատվամիջոցների նկատմամբ բանեցվեր շատ ավելի արդարացի քաղաքականություն՝ հավասարության սկզբունքից բխող, թե չէ ստացվում է հավասարների ու ավելի հավասարների պատմությունը, ինչը չի տեղավորվում 21-րդ դարի ստանդարտների ծիրում:
Խնդիրներն, իհարկե, վերոհիշյալներով չեն սահմանափակվում, և հարցերի պաշարն, որ կուտակվել է այս ողջ ընթացքում ամերիկահայության մոտ, ու որոնց ստիպված է լինելու պատասխանել Փաշինյանը՝ տիտանական է: Մեծ հարց է, սակայն, այն, թե դրանց քանի՞ տոկոսն են Փաշինյանի առաջիկա այցի ընթացքում ստանալու իրենց սպառիչ պատասխանները և կամ, առհասարակ, ստանալո՞ւ են, թե՞ շարունակելու են մնալ օդից կախված վիճակում՝ հայաստանյան իշխանությունների վարկանիշի համար դրանից բխող բոլոր վատ հետևանքներով:
Նկատենք, որ լոսանջելեսահայությունը ունի կուտակված հարցեր, և հուսով է, որ սեպտեմբերի 22-ի հանդիպմանը իր հարցերը կուղղի վարչապետին, սակայն, տեղի հայկական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ հանդիպման օրակարգում հարց ու պատասխան չի՛ լինելու, լինելու է ճոխ համերգ, որից հետո «դուխով» մենախոսելու է Փաշինյանն ու գնա...գուցե գիտակցելով, որ ԱՄՆ աշխատանքային այս այցը իր համար լինելու է առաջինն ու վերջինը...
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 20468 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook