USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հասկանանք դեռահասին, երբ խորհրդի կարիք ունի
2018-02-26 09:16:00
Տպել Տպել

Դեռահասից նամակ ստացա, իսկ նա խորհրդի կարիք ուներ. «Ես անկեղծ ասեմ, որ Ձեր խորհրդի կարիքն ունեմ, իմ ուսուցչուհի՛: Ոչ բոլոր ուսուցիչներն են Ձեզ նման: Շատ է պատահել, որ ցանկացել ենք կիսվել ուսուցչի հետ, իսկ նա ծաղրել է... Դուք միշտ աշակերտին, նրա ապրումներին, հույզերին զգուշությամբ ու հոգեբանորեն եք մոտենում, որ հանկարծ է՛լ ավելի չցավեցնեք: Ու ամենակարևորը՝ Ձեզ համար առաջնային է եղել աշակերտի հոգեվիճակը: Համարձակվեցի Ձեզ հետ կիսվել, բայց եթե այս դեպքի մասին հրապարակելու լինեք, պետք չէ մեր անունները գրել: Վստահեցի Ձեզ, որովհետև Դուք այն հազվադեպ մարդկանցից եք, ում հետ կարելի է կիսվել ու պատմել մեր անձնական ապրումների մասին»։
Այս անգամ ես անակնկալի չեկա, երբ բազմիցս դեռահասները բացվել են ինձ հետ՝ իրենց հոգու մաքրությամբ, անհանգիստ հույզերով, երբեմն՝ արտասվախառն ու անհանգիստ տվայտանքներով... Ուղղակի հիշեցի նախորդ օրերի գրած տողերս, որ ուղղել էի ուսուցիչներին հենց Ուսուցչի օրը. «Երբեմն վեհության պատվանդանից իջնել է պետք, որ դեռահասի բացահայտումին, թե «Դուք գեղեցիկ եք այսօր», կարողանաք ժպտալ: Գաղտնիքներ գիտե՞ք, որ աշակերտն է պատմել իր հույզերի մասին, որ թեթևանա հոգին: Երբեմն թաքուն, երբեմն անթաքույց սրբե՞լ եք աչքերը ձեր, որ արցունքով են մշուշվել նրանց հետ զրուցելիս: Աղաղակե՞լ եք երբեմն այն անարդարների դեմ, որ աշխարհ են քանդում, երկիր ավերում: Բացե՛ք ձեր սրտի դռները, երբ օրենք պահողն է օրենքը խախտում, բացե՛ք դրախտի դռներն այն դեռահասների առջև, որ չհուսահատվեն, թե աշխարհն այս շատ նեղ է...»:
Ինչու՞ անուշադրության մատնել դեռահասի անհանգիստ ապրումները, երբ նա համարձակորեն կիսվել է իր ուսուցչուհու հետ, խնդրել նրանից խորհուրդ: Ո՞վ է մեզ ասում, որ այն դասաժամի 45 րոպեից հետո մեկ ուրիշ աշխարհ չկա ուսուցչի և դպրոցականի անձնական հաղորդակցման համար: Եվ այդ իսկ մտածումներով ուշադիր կարդացի նրա նամակը, որ ուղարկել էր ինձ: Նա կարող էր ինձ պատմել իր հույզերից, բայց հարմար էր գտել թղթին հանձնել այն ապրումները, որ պաշարել են հոգին, բայց հուսով էր, որ իր ուսուցչուհու խորհուրդներն էլ սպեղանի կդառնան իր համար:
«Իմ կյանքում շատ անկումներ ու կորուստներ են եղել, բայց գիտե՞ք՝ իմ կյանքից խենթությունները երբեք չեն պակասել: Մի անսովոր դեպք տեղի ունեցավ վերջերս, ու որոշեցի հենց Ձեզ պատմել այդ մասին, ու խոհերս հանձնեցի թղթին: Կողքովս քայլող զինվորը զգուշությամբ պայուսակիս մեջ մի թուղթ գցեց ու արագ գնաց, ես անգամ չհասցրի նրա դեմքը տեսնել: Բացեցի ճմռթված թուղթը. զինվորի «արձակման գրություն» էր. կարդացի նաև անունը... Հաջորդ օրը հայտնվեց մեր փողոցում, նա կանգնած էր իմ դիմաց՝ ալ վարդերի մի հրաշագեղ փունջ ձեռքին: Ես չընդունեցի այն, արհամարհանքով հեռացա: Մի որոշ ժամանակ անց կարծես անհետացավ նա, բայց մի անսովոր զգացում համակել էր ինձ, ես սկսեցի մտածել նրա մասին: Շուտով նա նորից հայտնվեց՝ մի գիրք ձեռքին: Նա խնդրեց ինձ՝ օգնել իրեն մի շատ կարևոր հարցում. հարսանքի էր հրավիրված և ուզում էր, որ ես էլ իր հետ գնամ: Սկզբում չգիտեի ինչպես վարվել, բայց հետո մերժեցի նրան՝ նաև ետ վերադարձնելով այն գիրքը, որը մեծ ցանկությամբ կուզենայի ունենալ:
Ես անգամ չգիտեմ, թե նրա «խենթ արարքներից» որ մեկի մասին պատմեմ, բայց նաև չեմ մոռանում այս նամակը, որ ուղարկել է ինձ. «...Հաղորդակցվելով քեզ հետ՝ ես հաղորդակցվում եմ անսահմանի հետ: Հավանաբար հենց դա էլ սերն է: Այն մարդը, ով քեզ տալիս է այդ զգացումն այնպիսի ծավալով, որը դու պարզապես չես կարողանում տեղավորել քո սրտում, հենց նա քո ընտրածն է: Բայց պետք է խոսեմ անչափ օբյեկտիվորեն: Արդյո՞ք քեզանից գեղեցիկները կան... Ինչքա~ն ուզես: Ավելի խելացի՞, բարի՞, օրինավո՞ր, ճշտապա՞հ, քաղաքավա՞րի, տակտո՞վ...Ինչքա~ն ուզես: Ճի՞շտ է...Ճիշտ է: Եվ հենց այստեղ այդ ճշմարտությունը գրողի ծոցն է գնում: Ինձ համար դու ավելի խելոք, գեղեցիկ, բարի, ճշտախոս ես, դու բոլորից առավել ես ինձ համար: Քո մեջ դրանք կենդանի են, դրանք ապրում են նաև իմ մեջ, ինձ ստիպում են ձգտել ու դառնալ այդպիսին: ... Որովհետև դու կյանք ես, սեր, տիեզերք, իսկ սերը հաղթում է ժամանակին» »:
Նամակը կարդացի ու մտորումների մեջ ընկա, երբ զգացի, որ այս ծլարձակող սիրո զգացումը համակել է երկուսին. «Տիկի՛ն Պողոսյան, ինձ միշտ թվացել է, որ Դուք ամենագետ եք և ունեք յուրաքանչյուր հարցի պատասխան: Խնդրում եմ, ինձ խորհու՛րդ տվեք, ինչպե՞ս անեմ, որ չկոտրեմ այս զինվորի սիրտը: Ես անկեղծ ասեմ, որ չեմ ուզում նրան նեղացնեմ, բայց նա անընդհատ կրկնում է, որ ինքն է իմ ճակատագիրը»:
Ինչու՞ չդառնալ երբեմն այս դեռահասների անհանգիստ տվայտանքների, նրանց հույզերի թարգմանը, երբ կարիք ունեն օգնության: Ասում ենք՝ ուսուցիչը հոգեբան է նաև, իսկ գուցե հոգեբան լինելու այս ճշմարտությունը չթողնե՞նք միայն թղթի վրա, այլ ճիշտ ուղղորդենք նրանց, երբ այս ոչ հասուն տարիքում նրանք մեր կարիքն ունեն: Մի՞թե ուսուցչի համար մի նոր գնահատանք չէ, որ դեռահասն իրեն է դիմել, կիսվել նրա հետ իր հույզերով: Իմ հարցումների շղթան կարող եմ այսպես շարունակել, բայց նաև այդ մտորումներով ես նրան արձագանքեցի՝ հույսով, որ նրան ինչ-որ ձևով օգնած կլինեմ:

Կարևորը նրանից ստացած պատասխանն էր և իմ գոհությունը, որ այս դեռահասին հնարավոր եղավ ձեռք մեկնել՝ չվնասելով նրանց նոր ծնվող զգացումին ու կանխավ զգուշացնելով իր առջև ծառացած խնդիրների մասին, որ պիտի կողմնորոշվի ու իրագործի իր նպատակների իրականացման ճանապարհին: Ես ինքս էլ ուրախ եմ, որ կարողացա նրան օգնել ինչ-որ չափով ու ստանալ նրանից ջերմ պատասխան: Մի՞թե կա ավելի մեծ վարձատրություն, քան այս դեռահասի շնորհակալական խոսքն էր. «Թող որ Աստված Ձեզ ու Ձեզ նման անկեղծ, բարի, հասկացող ուսուցիչներին երկար տարիների կյանք տա: Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում, իմ աննմա՛ն ուսուցչուհի»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8915 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook