USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես հասունացա միանգամից, երբ դարձա պատերազմի ականատես
2017-03-14 11:15:00
Տպել Տպել

7-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հովհաննիսյանի շարադրանքի առաջին տողերն ընթերցում եմ, մի պահ կանգ առնում… Կարծես հայտնություն է, որ այսքան պատկերավոր բարձրաձայնում է այս փոքրիկ արցախուհին: «Երբ տարիներ առաջ մայրս պատմում էր արցախյան շարժման մասին, ինձ մոտ այն կարծիքն էր, որ լռությունը փշրված կամրջի պես ճեղք է բաց արել հորիզոնի մեջ` ետ շպրտելով մոխրահամ անցյալը, իսկ հորիզոնում դեռ կախված է մնում հայրենիքիս ապագան: Եվ սրտիս խորքում վախի մի կծիկ էր առաջացել, որը, իմ մեծանալուն ու գաղափարապես հասունանալուն զուգընթաց, ավելի ու ավելի էր մեծանում, քանի որ գիտակցում էի, որ իմ երկրի խաղաղության հարցը լուծված չէ: Եվ կարծես գուշակում էի, որ վաղ թե ուշ կպայթի այն, ու պայթեց ապրիլյան պատերազմը, և ես դարձա այդ պատերազմի ականատեսը»:
Այն ոչ հեռավոր անցյալում եմ, երբ արցախցին անկախություն էր ուզում մարդկությունից, բայց չհայտարարված պատերազմի սարսափներ ապրեց նա` արկերի պայթյուն, զենքերի ճարճատյուն, վախից կծկված սրտեր, հերոսացած անուններ, գաղթի ճամփաների դժվարություններ, օտար ափերի սառնություն ու նորից վերադարձ հայրենիք: Այն օրերին հայ մանուկը, մոռացած խաղ ու խաղալիք, հույս ու հանգստություն էր փնտրում մեծերի հայացքում, իսկ այժմ նա հասունացել է, ցավալիորեն դարձել մի նոր պատերազմի ականատես:
«Իմ ապրած զգացողությունը չէի ցանկանա ունենա ոչ մի մանուկ: Հիմա էլ ապրում եմ սահմանին մոտ, բայց չեմ վախենում իմ այստեղ ապրելով: Ես ուժ եմ տալիս զինվորներին, նրանք չեն թողնի, որ մեզ հետ ինչ-որ բան պատահի: Այստեղ մյուսների նման ես էլ ունեմ երազանքներ: Ամբողջ աշխարհի համար խաղաղություն եմ ուզում, նաև` ցանկանում եմ դառնալ ուսուցչուհի և կրթել հաջորդ սերունդներին:
Մինչ պատերազմի ականատես դառնալս` երբ ուսուցիչներս և ծնողներս խոսում էին մեր հայրենիքի, նրա պաշտպանի և հարևան նենգ թշնամու մասին, ես այնքան էլ գիտակցորեն չէի ընկալում այդ երկու անփոխարինելի արժեքները, քանի որ թե՛ հայրենիք և թե՛ հայրենիքի պաշտպան ասելով` ես չէի հասկանում, թե ինչ արժեքների մասին է խոսքը:
Վերջապես ես հասկացա…Հասկացա, որ հայրենիքը միայն հողն ու քարը չեն, հայրենիքը իմ գլխավերևում փռված երկինքն է, ջերմ արևը, ընտանիքս, հայրական տունս, դպրոցը, այն փողոցը, որով քայլում եմ, այն օդը, որով շնչում եմ, և վերջապես` այն ծանոթ և անծանոթ դեմքերը, որոնց հանդիպում եմ: Հպարտորեն պիտի ասեմ, որ հայրենիքս Արցախն է` ինձ համար աշխարհի հրաշալիքների մեջ ամենաարժեքավորը: Իսկ հայրենիքիս անդորրը հսկելու և իմ առավոտների խաղաղ բացվելու ու մայրամուտներն ուրախ դիմավորելու համար` պայքարող յուրաքանչյուր անհատ ինձ համար մեծագույն հիացմունքի պաշտպան է:
Այսօր բոլորիս անդորրը հսկում են մեր հայրերը, եղբայրները, ովքեր մեր լեռների պես անառիկ են և իրենց ուսերին դրված խնդիրը պատվով են կատարում: Ես հավատում եմ մեր սահմանում կանգնած զինվորին: Մեր հայրենիքի պաշտպանն ամուր է, նա հայոց լեռների արծվի նման անպարտ է, ով տենչում է ազատության, ում աչքերի մեջ բոցկլտում է հայրենասիրության կրակը: Իսկ ես խոստանում եմ` դպրոցում լավ սովորել և հայապահպանության գործում ինչ-որ օգտակար բան անել, չէ՞ որ ես էլ հայրենյաց փոքրիկ պաշտպան եմ, բայց հասունացել եմ միանգամից, երբ դարձել եմ պատերազմի ականատես»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 10655 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook