USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարեն Կարապետյանը զգաց, թե որտեղից է գալիս հարվածը
2016-09-14 19:33:00
Տպել Տպել
Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց արագ փոփոխության հույս ունենալ պետք չէ, քանի որ չկա կախարդական փայտիկ, ԱԺ-ում պատգամավորների հարցին պատասխանելով ասել է Կարեն Կարապետյանը, նշելով, որ հարկավոր է համակարգային փոփոխություն:

 Կարեն Կարապետյանի խոսքն առաջին հերթին հավանաբար ուղղված էր այն հանրապետականներին, ովքեր հայտարարում էին, կամ սկսել էին հայտարարել, թե նա Հայաստանը կդարձնի Սինգապուր:

 Կարապետյանն ըստ երեւույթին զգաց, թե որտեղից է գալիս հարվածը, որոշելով անմիջապես հակազդել դրան:

 Կարապետյանի նշանակումը ՀՀԿ համար ունեցավ երկակի նշանակություն, առաջ բերելով տրամադրությունների հարաբերական փոփոխություն: Մի կողմից Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե նրա հետ քննարկել են ոչ միայն կառավարությանը, այլ նաեւ ՀՀԿ-ին առնչվող հարցեր, կուսակցությանը նոր ոգի տալու հարցը: Դա փաստացի ակնարկ էր, որ դրված է ՀՀԿ տրանսֆորմացիայի խնդիր:

 Այդ ազդակն իհարկե տագնապալի է Հանրապետականի համար, որովհետեւ պարզ չէ, թե ով է մնալու, կամ ինչ է մնալու ՀՀԿ-ից, եթե հաղորդվի նոր ոգին:

 Մյուս կողմից, Կարեն Կարապետյանի նշանակումը Հանրապետականի համար պատեհություն էր իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու տեսանկյունից: Մի մասը մնաց Հովիկ Աբրահամյանի վրա, թեեւ նա իր հրաժեշտի ելույթում փորձեց ամեն կերպ ակնարկել, որ իր ձախողումը բոլորինն էր, մյուս մասն էլ մնում է Կարեն Կարապետյանի վրա, եւ եթե ինչ որ բան չստացվի, ապա ՀՀԿ թե «նոր ոգուց» կազատվի, թե եղած ծանր վիճակի համար պատասխանատվությունից:

 Դրա համար հարկավոր է զգալիորեն մեծացնել հանրային սպասումները Կարեն Կարապետյանից: Որպես այդպիսին, հանրությունն իհարկե միամիտ չէ առանձնակի սպասումներ ունենալու համար, այդուհանդերձ հանրությունը լսում է փոփոխության մասին իշխանության ելույթները եւ հոգու խորքում ցանկացած մարդ, որ կապված է պետությանը, երկրին, այդուհանդերձ հույս ունի, որ անկումը եւ պետության խժռումը ինչ որ պահի կարող է վերջ ունենալ:

 Բայց, եթե անգամ չկա սպասում, միեւնույն է, որքան առատ եւ գերտարփողվի, թե շուտով ինչեր է անելու Կարեն Կարապետյանը, այդքան արագ տեղի կունենա նրա տապալումը, քանի որ բոլորի համար է պարզ՝ Կարեն Կարապետյանը մեծ հաշվով ոչինչ էլ չի անելու, առնվազն ոչ մի այնպիսի բան, որը էապես կփոխի Հայաստանի տնտեսական պատկերն ու բնակչության սոցալական վիճակը:

 Այդ իմաստով, որքան էլ տարօրինակ հնչի, ավելին կարող էր անել Հովիկ Աբրահամյանը, քան Կարեն Կարապետյանը: Ու բանն այն չէ, որ Աբրահամյանն ավելի կոմպետենտ է տնտեսական քաղաքականության հարցերում, ավելի լավ մենեջեր, քան Կարապետյանը: Բանն այն է, որ Աբրահամյանը հեղինակություն էր այն համակարգի համար, որի պայմաններում պետք է անել ինչ որ բան: Նրա խոսքը կշիռ ուներ այդ համակարգի համար: Կարեն Կարապետյանն այդ կշիռը չունի, նրան խանդավառ ընդունում են որպես պոտենցիալ քավության նոխազ, ոչ թե բարեփոխիչ:

 Կարապետյանն անկասկած գիտակցում է քաղաքական իրավիճակի նրբերանգները, նաեւ այն, որ ինքը դրա վրա չունի ազդելու հնարավորություն: Ինքն ընդամենը պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ, որ պետք է ազդի Սարգսյանը:

 Կարեն Կարապետյանն ինքնապահովագրվում է, հայտարարելով կախարդական փայտիկի բացակայության մասին: Բայց, միաժամանակ դա դառը իրականությունն է, ու խնդիրն այն չէ, որ դա Հայաստանի իշխանության եւ այդ թվում վարչապետների համար ավանդական ինքնարդարացում է, այն էլ ավանսով, ուրեմն ինչ տարբերություն:

 Խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետներից, որքան էլ դժվար է համակերպվել դրան, չի կարող լինել արագ փոփոխության սպասելիք: Հայաստանի որեւէ նոր վարչապետից նոր սպասելիքը կարող է լինել միայն իրավիճակի փոփոխության ուղղությունների համոզիչ, գործնական դրսեւորման սպասելիք:

 Այստեղ է խնդիրը, ու առանց այդ խնդիրը լուծելու Հայաստանում չի կարող հաջողել որեւէ նոր պաշտոնյա կամ անգամ իշխանության եկած ընդդիմություն: Հայաստանը 25 տարի շարունակ աղճատվել է այնքան, որ իրավիճակի որեւէ շոշափելի փոփոխություն անհնար է առանց հանրային լայն վստահության ու աջակցության: Բայց լոկ քաղաքական ճամբարը, կենսագրությունը, իշխանություն կամ արմատական ընդդիմություն լինելը բավարար չէ այդ գործոնն ապահովելու համար: Այդ գործոնն ապահովել հնարավոր է միայն համոզիչ ուղենիշներով, երբ ոչ միայն ասվում է, թե ուր պետք է գնա պետությունը, տնտեսությունը, այլ գործնականում դրսեւորվում են օրինակներ: Ընդ որում՝ օրինակներ, որոնք ինքնին այդպիսին լինելուց բացի, նաեւ նոր քայլերի հնարավորություն են հասարակության համար:

 Խոշոր հաշվով, Հայաստանը քառորդ դարի անկումային քաղաքական կյանքից հետո կանգնել է մի իրավիճակում, երբ հանրությունն իշխանությունից պետք է ակնկալի, իշխանության գործունեության արդյունավետությունը պետք է գնահատի ոչ թե ըստ այն բանի, թե ինչքան է տվել իշխանությունը՝ սնունդ, փող կամ ուտելիք, այլ ինչքան է տվել հնարավորություն՝ այդ ամենն ինքնուրույն ստեղծելու, աշխատելու, կազմակերպելու:

 Եվ այստեղ է նորի ու հնի տարբերությունը: Այսինքն, խոսքը Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի, կամ որեւէ այլ անուն ազգանունների տարբերությունը չէ, այլ հնի ու նորի: Նորը կլինի նա, ով կստեղծի հանրության համար նոր հնարավորություններ, բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ են հանրության ստեղծագործական պոտենցիալի իրացման նոր համակարգեր, որտեղ մարդիկ կիրացնեն իրենց, համակարգեր, որոնք այդպիսով կնպաստեն հանրային էներգիայի վերալիցքավորմանը:

 Ընդ որում, այստեղ բանը միայն իշխանությունը չէ: Այդ խնդիրը դրված է նաեւ ընդդիմության, կամ այդպիսի իրական դերակատարման հավակնող ուժերի առաջ: Հանրությանն առաջարկել վերալիցքավորման համակարգային մոդելներ, անկախ ոլորտից եւ տեսակից, միայն պրոգրեսիվ բնույթով՝ երբ այդ համակարգում մարդու ներգրավումը ծրագրվում է ինչ որ բան ստեղծելու ռեժիմով՝ լինի դա մտավոր, նյութական, թե որեւէ այլ արժեք:

 Այդ իսկ պատճառով, Հայաստանում որեւէ արդիական, աշխատանքային որակապես այլ հարաբերությամբ, այլ մաշկույթով տնտեսական ձեռնարկություն, թեկուզ փոքր ընկերության ծավալով, խոշոր հաշվով շատ ավելի է ընդդիմադիր իշխող համակարգին, քան ամենաարմատական մի ընդդիմություն, որն առավոտից երեկո կարող է ստեղծագործական նվաճումներ արձանագրել իշխանությանը, եւ ընդհանրապես իր հետ համամիտ չլինող բոլոր սուբյեկտներին հայհոյելու հարցում:

 Այստեղ է Հայաստանի խնդիրների անկյունաքարը, որը եթե մինչ այժմ իր վրա զգում էր ընդդիմությունը, իսկ իշխանությունը վայելում հանրությանը կատարյալ ապակառուցողականության եւ ապատիայի հասցնելու հաճույքը, այժմ արդեն զգում է նաեւ իշխանությունը, ընդ որում առավել սպառնալից հեռանկարով, քան ընդդիմության պարագայում:

lragir.am

Այս նյութը դիտել են - 3479 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook