USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցելության խորհրդավոր փաթեթը
2016-08-24 19:50:00
Տպել Տպել
 
Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտչյանը Ամերիկայի ձայնին հայտնել է, որ հոկտեմբերին Նյու Յորքում պատրաստվում է Հայաստանի համար ներդրողների մեծ ֆորում, որում ներկա կլինեն միջազգային խոշոր ընկերությունների ներդրողներ, տնտեսագետներ, Հայաստանի պաշտոնյաներ, Համաշխարհային բանկի, միջազգային տնտեսական կառույցների ներկայացուցիչներ: Ֆորումը, ըստ Մկրտչյանի, կազմակերպում է Հայաստանի իշխանությունն ու Ասիական զարգացման բանկը:

 Մկրտչյանն ասել է, որ ֆորումին կմասնակցի ու ելույթ կունենա Սերժ Սարգսյանը: Չի բացառվում, որ ֆորումի անցկացումը փորձ է արվել համադրել ամեն տարի աշնանը Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովների անցկացման հետ, որի առիթով էլ Սերժ Սարգսյանը հավանաբար կայցելի ԱՄՆ:

 Հայաստանը կտրել է որեւէ ներդրումային հույսը Ռուսաստանից: Պուտինն էլ օգոստոսի 10-ին հստակ հասկացրեց, որ Ռուսաստանից ոչինչ սպասել պետք չէ: Ռուսաստանն ունի թե փողի կարիք, թե եղած փողի լիովին այլ առաջնահերթություններ, քան «գրպանում» հայտնված Հայաստանը:

 Բայց, եթե Հայաստանը Ռուսաստանի «գրպանում» է, արդյոք կարող է ունենալ ներդրումային որեւէ այլընտրանքի ակնկալիք, մասնավորապես Արեւմուտքից: Աներկբա է, որ Հայաստանի հարցում արեւմտյան ներդրումներ հնարավոր են միայն քաղաքական որոշման պարագայում, քանի որ զուտ տնտեսական առումով Հայաստանի գրավչությունը բարձր չէ: Ըստ այդմ, Հայաստանը արտերկրի ներդրողներին պետք է ներկայացնի ոչ թե իր տնտեսական ծրագրերը, իրականացվող կամ մտահղացված նախագծերը, այսպես ասած ներդրումային հեռանկարները, այլ իր քաղաքական բովանդակության փոփոխության ազդակներ:

 Հայաստանի պարագայում ներդրողներին առաջին հերթին հետաքրքրելու է երկրի ինքնիշխանությունը: Այլապես, պարզ չէ, թե ումն է Հայաստանում կատարված ներդրումը՝ Հայաստանի՞նը, թե՞ Ռուսաստանինը, իսկ գուցե ռուս-թուրքական դաշինքինը: Արեւմտյան ներդրումների թիվ մեկ երաշխիքը կարող է լինել Հայաստանի ինքնիշխանությունը: Մյուս երաշխիքները կարող են միայն լրացնել դա եւ իրավիճակը դարձնել առավել գրավիչ: Բայց, ելակետայինը Հայաստանի դեպքում ինքնիշխանությունն է, երբ ներդրողը համոզված եւ վստահ կլինի, որ Հայաստանում կատարված ներդրումը դա Հայաստանում կատարված ներդրում է, եւ այն, ինչ խոսել եւ քննարկել են Հայաստանի իշխանության հետ, գտնվում է հենց Հայաստանի իշխանության պատասխանատվության տակ:

 Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը հոկտեմբերին ԱՄՆ-ում ներկայացնել այդպիսի երաշխիքներ: Կարո՞ղ է, երբ օրինակ այդ նույն ժամանակ Հայաստանում տեղի է ունենալու ՀԱՊԿ Վեհաժողով, որի շրջանակում հավանական է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի կնքում, որով կընդլայնվի այդ զորախմբի կազմը եւ գործառույթները: Թե ի՞նչ են դրանք ենթադրում, պարզ չէ, չի մանրամասնվում, բայց հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության մինչ այժմ եղած փորձը, պետք է եզրակացնել, որ հատկապես փակ պահվող այդպիսի հանգամանքներում խոսքը կարող է գնալ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ Ռուսաստանի եւս մեկ լծակի կամ իրավասության ձեւավորման մասին:

 Դրանից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Նյու Յորք, որպեսզի ներդրողներին ի՞նչ ասի՝ եկեք, ներդրում կատարեք ավելի ու ավելի Ռուսաստանի ծայրագավառի վերածվող Հայաստանու՞մ, որն անցել է արդեն պաշտպանական գործառույթները ՌԴ իրավասության տակ դնելու գործընթացին:

 Արեւմուտքը Հայաստանում տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ ներդնի եւ պահի Ռուսաստանի «ծայրագավա՞ռը»: Եթե Հայաստանի այդօրինակ առաջարկներից ու ազդակներից արեւմտյան ներդրողները միայն ծիծաղեն, դա կլինի թերեւս չարյաց փոքրագույնը, որովհետեւ նրանք կարող են նաեւ պարզապես վիրավորվել:

 Իսկ կարո՞ղ է Սերժ Սարգսյանը մինչեւ հոկտեմբեր «պատրաստել» ինքնիշխանության թեկուզ փոքր մի փաթեթ, ներդրողների համար համոզիչ լինելու համար:

 Բանն այն է, որ ռեսուրսային առումով Հայաստանի հնարավորությունը, որքան էլ տարօրինակ թվա, ահռելի է: Հայաստանն ունի հսկայական մարդկային կապիտալ, նորարար միտք, մարդիկ, որոնք լի են տարբեր բնագավառների գաղափարներով: Հայաստանն ունի քաղաքական եւ քաղաքակրթական ահռելի ռեսուրս, եւ Արցախի հարցը, որ տարիներ շարունակ իբրեւ ներդրումային խոչընդոտ է մատուցվել հենց հայկական «էլիտաների» շուրթերից, իրականում կարող է դառնալ հենց Հայաստանի ինքնիշխանության ելակետային փաթեթի տարր, երկու տասնամյակ շարունակ աններելիորեն չօգտագործված, լոկ իբրեւ անարդյունավետ կառավարման արդարացում ծառայելու նպատակով նենգափոխված տարր:

 Այդ ամենը պահանջում է ընդամենը համարժեք քաղաքական կամքի դրսեւորում: Բայց, Հայաստանի իշխանության պարագայում հենց դա է, որ չի պարունակում գործնական նախադրյալներ, խնդիրը հենց կամային ռեսուրսների բացակայությունն է, որն արտահայտվում է թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ:

 Այդ իմաստով, Նյու Յորքից առաջ մյուս հարցն այն է, թե արտերկրի ներդրողներին Սերժ Սարգսյանն ինչպիսի ներքին առաջարկներ կանի՝ տնտեսական բերեփոխումների իմաստով, կոռուպցիայի եւ հովանավորչության, մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ պայքարի, հարկային արդյունավետ եւ արդարացի վարչարարության իմաստով: Դրանք խնդիրներ են, որ արեւմտյան պետություններն ու կառույցները տարիներ շարունակ, առ այօր ներկայացնում են Հայաստանի իշխանությանը որպես ներդրումային գրավչության պայմաններ:

 Այդ խնդիրները տարիներ շարունակ ճառերից բացի չեն ստանում լուծման գործնական մոտեցումներ: Նյու Յորքից առաջ իրավիճակը կփոխվի՞, թե ոչ: Ակնհայտ է, որ Սարգսյանը չի կարող համոզել որեւէ ներդրողի, եւ եթե նա խորհրդարանի ընտրությունից առաջ իսկապես ներդրումային տնտեսա-քաղաքական գործնական պայմանավորվածության ակնկալիքով է մեկնելու Նյու Յորք, ապա կպահանջվի ներքին ուժեղ եւ ազդեցիկ մի քայլ, որը նաեւ ինչ որ առումով ի զորու կլինի այսպես ասած փոխարինել արտաքին քաղաքականության առումով ինքնիշխանության համոզիչ ազդակների բացակայությանը:

 Այդ քայլը կարող է լինել կառավարության փոփոխությունը: Կգնա՞ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի ներդրումային ֆորումից առաջ այդ քայլին, թե՞ այդ քայլը կպահի հենց ֆորումի ընթացքում ներդրողների հետ բանակցության առարկա՝ կնքելով «կառավարության փոփոխություն ներդրումների դիմաց» գործարք:

lragir.am
Այս նյութը դիտել են - 7058 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook