USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը կադրային սխալ քաղաքականությամբ կոտրեց Հ1-ի ողնաշարը.mediaadvocate
2020-04-23 23:56:00
Տպել Տպել

«Մեդիա պաշտպան»-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանի հետ

Հանրային հեռուստաընկերությունում վարչապետի ուղերձի կադրերի արտահոսքից հետո հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ եղան։ Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանի հեռանալու լուրը դուք և նախկինում հանրայինում աշխատած շատ աշխատակիցներ արդարացի համարեցին՝ բարձրաձայնելով հեռուստաընկերությունում տիրող իրական բարքերի ու ժամանակին իրենց հետ տեղի ունեցած անարդարությունների մասին։ Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում «բումերանգի էֆեկտն» էիք հիշեցրել, նշել, որ Ձեզ քաղաքական հետապնդման են ենթարկել, ստիպել են բանակին վերաբերող ռեպորտաժից հեռացնել կարևոր կադրեր։ Լրատվական ոլորտում Ձեզ քիչ թե շատ ճանաչողները Ձեր մասին ասում են՝ լավ կադր է։
Ինչո՞ւ այդ դեպքում Ձեզ աշխատանքից հեռացրին, որո՞նք էին իրական պատճառները։
-Նախ ասեմ, որ վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերի արտահոսքը սարսափելի և ճակատագրական վրիպում չեմ համարում, մանավանդ, որ այդ տեսանյութում որևէ արտառոց բան չկար: Վարչապետի աշխատակազմը չպետք է թույլ տար, որ բաց կապուղի ապահովվեր, հետո էլ փորձեին քավության նոխազ գտնել: Իշխանության համար սա, պարզապես, հարմար առիթ էր, որ ազատվեին Մարգարիտա Գրիգորյանից: Ըստ երևույթին, իր առջև դրված բոլոր պահանջները պարտաճանաչ կերպով կատարել էր, և նրանից այլևս օգուտ չունեին: Ինչ վերաբերում է իմ ազատմանը, ապա ասեմ, որ քաղաքական հրահանգ կար: Ազատմանս հարցը ներկայումս վիճարկում եմ դատարանում: Դրա հիմքում դրված են հորինված, կցկտուր պատճառաբանություններ, որոնց մասին ես ինքս կարգին տեղյակ չեմ: Այդ մասին առաջիկայում կխոսեմ: Նշեմ, որ ազատմանս հիմքում մասնագիտական և աշխատանքային թերացման նույնիսկ կես պատճառաբանություն չկա: Ես պաշտպանել եմ մասնագիտությունս ու դեմ գնացել լրագրության սկզբունքներն անարգող գործելաոճին: Հետապնդվել եմ տարատեսակ բանսարկություններով, ներսում փոխանցել են ինձ, որ իմ բարեկամական կապերը նույնպես նշանակություն են ունեցել այդ հարցում, և որ իմ ազատման որոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական: Նշեմ, որ խմբագրությունում մասնագիտական մի շարք խնդիրների մասին եմ բազմիցս բարձրաձայնել ու թվարկել կետեր, որոնք շրիշակից ներքև են իջեցնում Հանրայինի եթերը, դարձնում ոչ պրոֆեսիոնալ ու ժուռնալիստիկայի սկզբունքներին հակասող, իսկ դա, բնականաբար, դուր չէր եկել ղեկավարությանը: Ինձ բազմիցս զգուշացրել են, որ ուզում են ազատել ինձ, որին էլ հաջորդել է հետապնդումների շարքը, որն անգամ ոչ միայն իրավական չէր, այլև չէր տեղավորվում բարոյական նորմերի մեջ: Ինձ ազատեցին, քանի որ ես չէի ասում` փառք Նիկոլ Փաշինյանին և թույլ չէի տալիս, որ ինձ գործիք դարձնեին որևէ մեկի դեմ ոչ օբյեկտիվ լրատվություն մատուցելու հարցում: Ես հաստիքով սոցիալական և մշակութային լրագրող էի Հանրայինում, բայց հանձնարարել են ինձ անդրադառնալ նաև քաղաքական թեմաների: Դուք չեք գտնի մեկ տեսանյութ, որտեղ եղած լինի գործող իշխանությունից որևէ մեկը, ու ես թերի ինֆորմացիայով և վատ ռեպորտաժ պատրաստած լինեմ: Աշխատանքս կատարում էի հավուր պատշաճի` հարգելով ինձ ու իմ մասնագիտությունը` առանց իշխանության գովքն անելու: Բազմիցս ստացել եմ իշխանություններին ձեռնտու ձևով իրադարձությունները մեկնաբանելու հրահանգներ, որոնք չեմ կատարել, քանի որ դա վեր է լրագրողի մասնագիտական պարտականություններից, ինչի պատճառով թիրախավորվել եմ: Հանրայինի լրատվականը վերածվել է քաղաքական իշխանության շահերը սպասարկող լրատվամիջոցի և բավականին հեռու է օբյեկտիվ լրատվությունից: Հ1-ի լրատվական ծառայությունում քաղաքական վերահսկողության տակ են հայտնվում բոլոր նրանք, ովքեր չեն կիսում գործող իշխանության տեսակետները: Այլակարծություն չի հանդուրժվում:
Հանրայինում աշխատած կադրերին՝ հատկապես լրատվական բաժնի, համարում են կոփված շատ հարցերում, ասում են՝ «Հ1-ի շկոլան ուրիշ է», հետո ցանկացած այլ հեռուստաընկերությունում աշխատանքը, այսպես ասած, խաղ ու պար է թվում։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Այո, այդպես է: Նախկինում որքան էլ դու լրագրողի դիպլոմը գրպանումդ գայիր Հանրային, դա դեռ ոչինչ էր այն բանի դիմաց, ինչ դու կսովորեիր ու կհմտանայիր պրոֆեսիոնալ թիմում աշխատելիս: Նիկոլ Փաշինյանն իր սխալ կադրային քաղաքականությամբ ողնաշարից կոտրեց տարիների ընթացքում քարը քարի վրա դրած, գրագետ ու բանիմաց մասնագետների թիմը` հերթով ազատվելով նրանցից: Այս ամենի պատճառներից մեկն այն է, որ ըստ էության, գործող իշխանությունը Հանրային հեռուստաընկերության մասով քաղաքական որոշում ունի, և սա քաղաքական որոշման հետևանքն է:

Բոլորս գիտենք, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է հանրային միջոցներից և պարտավոր է բազմակողմանի տեղեկատվություն ապահովել , մինչդեռ տեսնում ենք, որ Հանրայինի լրատվական բաժինը չի փոխվում, և ամեն նոր իշխանության հետ վերադիրքավորվում ու սկսում է խաղալ նոր իշխանության սահմանած խաղի կանոններով։ Ըստ Ձեզ, հանրայինի լրատվականի լրագրողը որքանո՞վ կարող է ազատ լինել։
-Լրագրող բառն արդեն հուշում է, թե ինչպիսին պիտի լինի լրագրողն առհասարակ` լուր գրող, հաղորդող, փոխանցող: Լրագրողը պիտի լինի ազատ և չենթարկվի որևէ ճնշման ու դեմ գնա իր մասնագիտության չգրված օրենքներին: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանն այդքան շատ Հ1-ի եթերում չի եղել, որքան Նիկոլ Փաշինյանը, 3-րդ նախագահի մասին այդքան շատ ռեպորտաժներ չեն պատրաստվել, որքան վարչապետ Փաշինյանի: Ազատ լինելու կամ չլինելու սահմանները կարծում եմ`միայն օրվա իշխանության քաղաքական կամքով չի պայամանավորված, լրագրողները նույնպես պիտի ըմբոստանան ու պայքարեն, ինչպես իմ դեպքում եղավ:
Հանրայինը մշտապես համարվել է ստաբիլ կառույց, հատկապես, կադրային առումով։ Բայց երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, հանրայինի լրատվականը հարափոխի մեջ է։ Երկար տարիներ լրատվականում աշխատած մեկնաբաններից, լրագրողներից ազատվեցին, մի մասը դեռ դատական քաշքշուկների մեջ է։ Նոր կադրերի մի մասը մի քանի ամիս էլ չի հասցնում աշխատել։ Վահագն Թևոսյանն աշխատեց 6 ամիս, այնուհետ ԱԺ պատգամավոր դարձավ, եկավ Պետրոս Ղազարյանն իր թիմով, որը շարունակեց ազատումների գործընթացը։
-Հենց ձեր նկարագրած ամբողջ գործընթացը վկայում է այն մասին, ինչը հիմնավորում է իմ պնդումները: Հ1-ը դարձել է քաղաքական իշխանության փիար գործիքը: Հանրային հեռուստաընկերությունն իր պատմության մեջ երբեք այսքան քաղաքականացված չի եղել:
Ասում են նաեւ՝ հանրայինում առանց ծանոթի աշխատանքի անցնես, ուրեմն՝ իսկապես հաջողակ ես։
-Ձեր խոսքից դուրս է գալիս, որ ես հաջողակ եմ: Ես ընդունվել եմ իմ ուժերով շատերի նման, սիրում եմ գործս, իսկ հիմա, ըստ երևույթին, քաղաքական ճաշակով են առաջնորդվում մարդկանց գործի ընդունելիս:

Այս նյութը դիտել են - 3893 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook