USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
2016 թվականը հղի է բազմաթիվ վտանգներով. Կարեն Կարապետյան
2016-01-20 16:48:00
Տպել Տպել
«Առաջին լրատվական»-ի հարցազրույց ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, տարին նոր է սկսվել, սակայն արդեն իսկ նկատելի են միջազգային տնտեսական դաշտի որոշակի միտումներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Ձեր կարծիքով՝ ինչպե ՞ ս կարող են ազդել այդ միտումները մեր երկրի տնտեսության վրա:

-2016 թվականը հղի է բազմաթիվ վտանգներով, որոնք, բնականաբար, բացասաբար ազդելով աշխարհի տարբեր երկրների տնտեսությունների վրա, չեն կարող շրջանցել մեր երկիրը: Միևնույն ժամանակ տեսնում եմ նաև որոշակի հնարավորություններ, որոնցից հարկավոր է ուղղակի օգտվել: Նախ՝ խոսենք վտանգների մասին, որոնք կարող են ունենալ թե ուղղակի, թե անուղղակի ազդեցություն: Դրանց շարքը բավական երկար է, սակայն ես կառանձնացնեմ չորս հիմնական կետեր: Բնական է, որ աշխարհում, հատկապես Եվրամիությունում տիրող տնտեսական գործընթացները, փախստականների գործոնը, եվրոյի մեծաքանակ էմիսիաներն իրենց բացասական հետևանքներն են թողնելու եվրոպական շուկայի կոնյուկտուրայի վրա, ինչի ազդեցությունը մենք էլ ենք զգալու: Այդ մասին դեռ առիթ կլինի խոսել: Այս անգամ առավելապես կանդրադառնամ Ռուսաստանի, ԵՏՄ-ի և մեր հարևան երկրների տնտեսական վիճակի ու դրանց ազդեցության մասին:

Հասկանալի է, որ տնտեսության շարժիչ ուժը ֆինանսական հոսքերն են: Տեսնենք, թե ինչ ունենք այս տեսակետից:

Առաջինը տրանսֆերտների նվազման հավանականությունն է: Հասկանալի է, որ նավթի գների շարունակական անկումը և ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակից բխող տնտեսական որոշակի գործընթացներ իրենց բացասական ազդեցությունն են թողնելու Ռուսաստանի տնտեսության մեջ: Այդ վտանգը կանխազգալով էլ Ռուսաստանը 10 տոկոսի շրջանակներում սեկվեստոր է իրականացնում: Կարծում եմ՝ արդեն տարվա կեսերին կնկատվեն որոշակի տագնապալից նոր նշաններ, և չի բացառվում, որ Ռուսաստանը դարձյալ ստիպված լինի դիմել սեկվեստորի: Իմ կարծիքով՝ հազիվ թե նշյալ 10 տոկոսը բավարար լինի: Ավելին, վատագույն կանխատեսումներով, որոնք իմ պատկերացմամբ բավական օբյեկտիվ են, նավթի գինը կարող է նվազել մինչև 20 դոլար, առավել ևս՝ իրանական կողմի հայտարարությունից հետո՝ այս տարվա ընթացքում զգալի քանակության նավթի պաշարներ շուկա հանելու մասին: Իհարկե, ռուսական նավթային ընկերությունները դարձյալ շահույթով կաշխատեն՝ հաշվի առնելով, որ ինքնարժեքն իրենց դեպքում 5-15 դոլարի շրջանակներում է, սակայն հասկանալի է, որ այդ շահույթները զգալիորեն կնվազեն, ինչի արդյունքում կնվազեն նաև մուտքերը պետբյուջե: Մյուս կողմից, նավթի գների նվազումը էական ազդեցություն կունենա ռուբլու վրա, որն ըստ մասնագետական վերլուծությունների, դեռևս կշարունակի անկումը՝ լավատեսական գնահատականներով փոխարժեքը 1 դոլարի դիմաց մինչև տարվա կես հասցնելով 85 ռուբլու: Իմ կարծիքով, այդ թիվը կարող է ավելի մեծ լինել, եթե, իհարկե, իրենք կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնեն (մասնավորաբար, որպես ԿԲ կողմից ներդրվող գործիք, կարող է իրականացվել ինտերվենցիա, ինչպես նաև մի շարք այլ քայլեր, որոնք ուղղված կլինեն տնտեսության մեջ ռուբլու հավասարակշռմանը): Ուստի բնական է, որ բյուջերի օպտիմալացումը և սեկվեստորը որոշակի նվազեցումներ կարձանագրեն մասնավորաբար շինարարության ոլորտում: Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցներից շատերը Ռուսաստանում ներգրավված են հիմնականում այս ոլոտում, ինչը նշանակում է, որ նրանց հնարավորությունները տրանսֆերտների մասով, մեղմ ասած, կնվազեն: Հասկանալի է, որ այդ նվազումը անհամեմատ ավելի զգալի է լինելու դոլարային արտահայտությամբ:

Մյուս կողմից, Ռուսաստանը անցած տարիների ընթացքում օպտիմալ չօգտագործեց նավթարդյունաբերության ռեսուրսներից ստացված օգուտները, ինչի արդյունքում դրանք տնտեսության դիվերսիֆիկացիայի վրա էական ազդեցություն չունեցան, այսինքն՝ չդարձան նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հավելյալ արժեքի ստեղծման միջոցով տնտեսության այլ ճյուղերի զարգացման միջոց: Բնականաբար, առկա վիճակը բացասաբար է ազդելու ոչ միայն շինարարության, այլև մյուս ոլորտների վրա, ինչը կձևավորի վճարունակ պահանջարկի նվազում, ինչն էլ իր հերթին դարձյալ բացասաբար կազդի տրանսֆերտների ծավալների վրա:

Երկրորդը վարկային ռեսուսներն են: Գաղտնիք չէ, որ վարկային պորտֆելը բավական բարձր է և գնալով զգայուն է դառնում: Այս տեսակետից կա երկու ճանապարհ. կամ բարձրացնել վարկային պորտֆելները՝ բեռը թողնելով ապագայի վրա, կամ վարկերի ներգրավման հարցում ցուցաբերել ընդգծված զգուշություն և արդյունավետություն: Բնականաբար, ես կողմնակից եմ երկրորդ տարբերակին, առավել ևս, որ կարող են կամ նվազել այդ ռեսուրսները կամ ուղղակի բարձրանան տոկոսադրույքները՝ հաշվի առնելով ռիսկայնությունը:

Երրորդ վտանգն այն է, որ կնվազեն ներդրումները: Ընդ որում, խոսքը թե արտաքին, թե ներքին ներդրողների մասին է: Բնական է, որ պոտենցիալ ներդրողներ կարող են հանդիսանալ հատկապես ռուսական ընկերությունները, իսկ վերոնշյալ գործոնները հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ այստեղ ևս խնդիրներ կլինեն: Ինչ վերաբերում է ներքին պոտենցիալին, ապա առկա ոչ այնքան բարենպաստ բիզնես մթնոլորտը, շրջանառու միջոցների սղությունը, հաճախ ոչ ճիշտ կազմակերպական աշխատանքները, վարկային բարձր տոկոսադրույքներն ու ոչ բարվոք սպասումները՝ կապված արտաքին ազդակների հետ, հանգեցնում են ներքին ներդրողների էական պասիվության:

Վերջապես չորրորդ խնդիրը վերաբերում է արտահանման ծավալների անկմանը: Նախ, պետք է հաշվի առնենք, որ մեր երկրի արտահանման մեջ զգալի բաղադրիչ է լեռնամետալուրգիան: Իսկ քանի որ նավթի գները թե ուղղակի, թե անուղղակի փոխկապակցված են ոլորտի հետ, գնանկումն իր հետ ներքև է տանելու նաև լեռնամետալուրգիան: Մյուս կողմից, ռուբլու արժեզրկումը, ինչի մասին խոսեցինք, էականորեն ազդելու է դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների ու մրցունակության վրա, հատկապես գյուղմթերքների տեսակետից: Իսկ արտահանման ծավալների նվազման հետ բնականաբար էլ ավելի են նվազելու շրջանառու միջոցները՝ բոլոր բացասական հետևանքներով:

Հասկանալի է, որ տրանսֆերտների ծավալների, ներդրումների և արտահանման ծավալների նվազումը, վարկային ռեսուրսների սղությունը կամ բարձր տոկոսադրույքները հանգեցնելու են վճարունակ պահանջարկի նվազեցման և որոշակի սոցիալական լարվածության: Տեսեք, Համաշխարհային բանկի և պետբյուջեի կանխատեսումները 2016 թվականի համար ես գնահատում եմ բավական լավատեսական: Ենթադրում եմ, որ որոշակի ինդիկատորների ազդեցությունը մինչև ամառ մենք առավել շոշափելի կզգանք, և ենթադրելի է, որ Համաշխարհային բանկը նոր կանխատեսումներ կներկայացնի, երևի թե՝ առավել հոռետեսական, ինչից պետք է եզրահանգումներ անել:

Ցավոք, տարիներ շարունակ մենք զբաղված ենք առավելապես տնտեսության մեջ հրդեհներ հանգցնելով: Իհարկե, ասել, որ աշխատանքներ չեն իրականացվում, ճիշտ չի լինի, սակայն ակնհայտ է, որ դրանք դեռևս բավարար չեն: Մենք պետք է իրականացնենք ծրագրավորված գործունեություն, այլ ոչ թե սպասենք, թե երբ է հրդեհը մտնելու մեր տուն, որ այն հանգցնենք: Հակառակ պարագայում հետևանքները կլինեն անդառնալի:

-Պարոն Կարապետյան, Ձեր գնահատականները կարծես բավական հոռետեսական են…

-Համաձայն չեմ: Իմ մոտեցումները բավական իրատեսական են ու հավասարակշռված: Մենք առաջնային պետք է կարողանանք կանխատեսել ու հասկանալ հավանական վատ հետևանքներն ու վտանգները, որպեսզի հնարավոր լինի դրանք առավելագույնս կանխել: Վատը չկանխատեսելով, չտեսնելով կամ չտեսնելու տալով՝ հնարավոր չէ դրական արդյունքներ ապահովել:

-Այդուամենայնիվ, կա ՞ ն արդյոք լուսավոր կետեր:

-Բնականաբար, չեն կարող չլինել, ձեր իսկ խոսքերով ասած, լուսավոր կետերը: Ես դրանք նկատի ունեի, երբ սկզբում խոսում էի հնարավորությունների մասին: Դրանցից առաջինը վերաբերում է մեր հարևան Իրանին: Այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրների (մասնակիորեն նաև ԱՄՆ-ի) կողմից վերացվեցին տնտեսական պատժամիջոցները Իրանի հանդեպ, լուրջ հնարավորություններ ընձեռեց այդ երկրին՝ առաջին հերթին ակտիվացնել սառեցված գումարները, որոնք, առանձին կառույցների գնահատմամբ, տարբեր են (մոտ 50 և ավելի միլիարդ): Այդ գումարները կմտնեն տնտեսության մեջ, ինչպես նաև Իրանը հանդես կգա որպես կարևորագույն խաղացող էներգակիրների բնագավառում, որտեղ ևս մեծ հնարավորություններ կան: Նման հնարավորություններից պետք է կարողանանք օգտվել նաև մենք: Շատ վերլուծաբաններ զգալի ոգևորվել են նշյալ գործոններով, սակայն պետք է հիշենք, որ երկնքից մանանա չի ընկնում: Դրա համար պետք է հասկանանք՝ ինչպես համակարգենք մեր աշխատանքները, ինչպես կառուցենք մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Իրանի հետ՝ ելնելով նոր իրավիճակից, որպեսզի կարողանանք կետային ուղղություններով բանակցություններ վարել և գտնել փոխադարձ շահերը:

Հնարավորությունները այս առումով զգալի են, սակայն անդրադառնանք դրանցից մի քանիսին: Նախ, համագործակցության լուրջ պոտենցիալ եմ տեսնում էներգետիկ համակարգում: Իհարկե, որոշ գերտերությունների շահերից գուցե չբխեն առանձին ծրագրեր, սակայն պետք է կարողանանք պահպանելով հավասարակշռությունը՝ գտնել մեր սեփական շահը: Զգալի ներուժ եմ տեսնում նաև գյուղմթերքների տարանցիկ փոխադրման ոլորտում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը կոալիցիա է կազմել Սաուդյան Արաբիայի հետ: Ուստի շատ բեռներ, որ Ադրբեջանով էին տեղափոխվում դեպի Ռուսաստան և ԵՏՄ անդամ երկրներ, կարող են տեղափոխվել մեր երկրով: Ի դեպ, այդ առումով ինքս արդեն որոշակի աշխուժություն նկատել եմ, մասնավորաբար մեր ձեռնարկությունների գործունեության դաշտում: Հաջորդն իմ կարծիքով տեխնոլոգիական ոլորտն է: Տարիներ շարունակ լինելով փակ և մեկուսացված երկիր՝ Իրանը, կարծում եմ, կցանկանա ապասառեցված միլիարդները օգտագործել հավելյալ արժեք ձևավորող արտադրությունների մեջ՝ դիվերսիֆիկացնելով տնտեսությունը, այլ ոչ թե այն պահելով մի թելի վրա (նավթ և գազ): Եվ բնական է, որ դրա համար այդ երկիրը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները, որոնք կան աշխարհում և որոնք հասանելի կլինեն իրեն, այդ թվում՝ մտավոր պոտենցիալը: Իսկ այդ առումով մենք զգալի տեղաշարժ ունենք, և ես տեսնում եմ լուրջ համագործակցության հնարավորություններ:

Ընդհանրապես, լուրջ ճգնաժամերի ժամանակ զարգացման լուրջ հնարավորություններ են ձևավորվում: Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած ճգնաժամ ոչ միայն բացասական հետևանքներ է թողնում, այլև կարող է դառնալ զարգացման էական հիմք, ստեղծել հնարավորություններ, որոնցից հարկավոր է օգտվել:

-Ինչպե ՞ ս…

-Առաջին հերթին՝ համախմբվածությամբ: Պետք է վերջ տալ անդրկուլիսային մանր-մունր բազարային շահերով առաջնորդվելուն և, այսպես ասած, մուտիլովկաներին: Անհրաժեշտ է կենտրոնացնել բոլորիս հնարավորությունները թիմային աշխատանքում՝ համադրելով յուրաքանչյուրի ներուժը՝ իշխանություն, թե ընդդիմություն: Որքան էլ այս միտքը հերթապահ է հնչում, բայց ես խորապես համոզված եմ՝ գերխնդիրը պիտի լինի ոչ թե կուսակցական կամ անձնական նեղ շահը, այլ երկրի շահը, բոլորիս առջև ծառացած վտանգներից խուսափելու շահը: Վերջապես պետք է հասկանանք, որ քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում միմյանց հայհոյել: Ամոթ է: Մենք լուրջ վտանգների առջև ենք կանգնած, ու դրանց հաղթահարման համար իրական համախմբվածություն է անհրաժեշտ: Ովքեր չեն բավարարում այս պահանջներին, ուղղակի պետք է ազնվություն ունենան ու մի կողմ քաշվեն: Հարկավոր է վերջ տալ պնակալեզությանն ու ստորաքարշությանը, որոնց շնորհիվ ոմանք պահում են իրենց դիրքերը: Պետք է գործի մեկ կարևոր սկզբունք. ներգրավվեն միայն նրանք, ովքեր ոչ միայն պրոֆեսիոնալներ են, այլև առաջին հերթին առաջնորդվում են պետական շահերով: Պիտի կարողանանք վերջ տալ այն հոգեբանությանը, երբ որոշ չինովնիկներ առավոտյան տանից դուրս են գալիս միայն մեկ հոգսով՝ ինչպես մարդկանց ոտք գցեն, որպեսզի ընկնելուց հետո գրպանից մի քանի դրամ գողանան: Նման մթնոլորտի փոփոխությունը միայն կարող է հանգեցնել վստահության բարձրացմանը: Հակառակ պարագայում, որքան էլ կոորդիանցնենք աշխարհասփյուռ հայության ներուժը, էական արդյունքի հասնել չենք կարող: Ոչ մի նույնիսկ լավագույն ծրագիր չի կարող արդյունավետ լինել, եթե չկա վստահություն: Նույնը կարելի է ասել նաև՝ հույսի տեսակետից: Մեր ժողովրդին դժվարություններով չես զարմացնի: Մեր հայրենակիցները կարող են հաղթահարել դժվարությունները, սակայն եթե վաղվա օրվա հանդեպ հույսը չի մարել: Մենք պետք է կարողանանք ձևավորել հույս ու վստահություն: Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է հատկապես իշխանության մեջ գնալ տեսակի ու հոգեբանության փոփոխության: Անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու, եթե գլոբալ առումով փոխված չեն տեսակն ու հոգեբանությունը…

-Պարոն Կարապետյան, տարիներ շարունակ խոսվում է Ձեր՝ այս կամ այն պաշտոնի նշանակվելու մեծ հավանականության մասին: Վերջերս նորից ակտիվացան այդ թեմաները: Ի վերջո հատկապես նոր իրավիճակում, առաջիկա նոր ընտրություններից հետո որևէ պաշտոնի նշանակվելո ՞ ւ եք:

-Ես լուրջ խնդիրներից եմ խոսում, իսկ դուք, կներեք, հիմա բավական անլուրջ հարց եք տալիս (այս խոսքերից հետո Կարեն Կարապետյանը նկատելի տարակուսանքով ժպտաց)…

-Լավ, գլոբալ խնդիրներից մի փոքր տեղափոխվենք դեպի լոկալ տարածք: Այս տարի Վանաձորում կկայանան քաղաքապետի ընտրություններ: Նախորդ տարիներին Դուք Ձեր զգալի դերակատարումն եք ունեցել, այս անգամ էլ խոսակցություններ կան, որ Ձեր թեկնածուին եք առաջադրելու: Որքանո ՞ վ են հավաստի այդ խոսակցությունները:

-Դեռ բավական ժամանակ կա մինչ այդ ընտրությունները, և կարծում եմ՝ շտապելու անհրաժեշտություն չկա: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Ավելին, չեմ բացառում նաև ընտրական մոդելի փոփոխությունը: Ինքս կարևորում եմ ընտրական օրենսդրության համապատասխան փոփոխությունը, որպեսզի հատկապես խոշոր համայնքներում ոչ թե լինի անձի կառավարում և ձևական ավագանի, ոչ թե լինի անձերի պատերազմ, այլ ընտրություններն իրականացվեն քաղաքական դաշտի միջոցով: Խնդիրը թիմով ներկայանալու և թիմով պատասխանատվություն ստանձնելու մասին է: Այնպես որ առայժմ ժամանակավրեպ են ինչպես դերակատարությունների, այնպես էլ կոնկրետ թեկնածուների մասին շրջանառվող խոսակցությունները: Բոլոր նրանց, ում անուններն այս օրերին շրջանառվում են, անձամբ ճանաչում եմ և ունեմ բարեկամական հարաբերություններ: Եվ կարծում եմ, որ անիմաստ են հատկապես ինքնագովազդումները, քանի որ դրանք հաճախ վերափոխվում են հակագովազդի: Նրանք, ովքեր փորձում են այդ ճանապարհով հաջողության հասնել կամ իրենց մասին լսել տալ, կարծում եմ՝ թերի մտածելակերպ ունեն: Բոլորին խորհուրդ կտամ՝ չշտապել: Ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի: Առավել ևս, որ ինձ համար առաջնայինը ոչ թե անձերն են, այլ թիմային աշխատանքը և այդ աշխատանքի արդյունքները: Ուստի հարց է ծագում՝ այդ մարդիկ, ովքեր իրենք իրենց տեսնում են այդ պաշտոնում, հասկանո ՞ ւմ են, թե ինչ պատասխանատվություն են ցանկանում ստանձնել, պատկերացնո ՞ ւմ են արդյոք առկա վիճակը: Եվ եթե իրոք կա այնպիսի մեկը, ով պատրաստ է ոչ թե հանուն իր ու իր հարազատների շահի ու գրպանի, այլ հանուն քաղաքի ու նրա բնակիչների բարօրության աշխատել, և իր մեջ այդպիսի ուժ է գտնում, ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել: Ինքս հիանալի ծանոթ եմ Վանաձորին ու վանաձորցիներին, և հավատացնում եմ, որ մարդկանց վիճակը, մեղմ ասած, սոսկալի է: Աշխատանք չկա, ապրուստի միջոց չունեն մարդիկ: Նաև դրա հետևանքն էին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները Վանաձորում: Հետևանքն էին տեղական բազմաթիվ չինովնիկների սխալ աշխատանքի, անսիրտ վերաբերմունքի, ոչ թե քաղաքի ու նրա բնակիչների, այլ միայն իրենց անձնական բարօրության ու ապահովության մասին մտածելու: Բնականաբար, ժողովրդին մեղադրելու իրավունք ոչ ոք չունի: Մարդիկ ոչ այնքան Այո ու Ոչ էին քվեարկում, որքան ընդդիմանում էին նրանց, ովքեր տարիներ շարունակ, մեղմ ասած, թերացել են իրենց պարտականություններում: Բոլորիս մեղքի բաժինը պետք է տեսնենք, այդ թվում՝ նաև իմ: Տեսնենք ու նաև համապատասխան եզրահանգումներ կատարենք:

-Վերջում մի հարցի մասին, որի շուրջ վերջերս խոսակցություններ եղան: Քաղաքաշինության նախարարը հայտարարեց, թե կրկեսը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Կարծիք կա, որ տարին պատահական չի ընտրված և իր մեջ քաղաքական ենթատեքստ ունի…

-Անկեղծ ասած՝ նման դիտարկումն ուղղակի զավեշտալի է: Մեր երկրում անընդհատ լինում են համապետական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ: Ի ՞ նչ եք առաջարկում՝ գուցե բոլոր բարեգործական ծրագրերը սառեցնենք, որպեսզի քաղաքական աստառ չտրվի ՞: Նման տրամաբանությամբ չպետք է շահագործման հանձնվեն Վանաձորի ծննդատունը, կառուցվող հինգ մանկապարտեզները, Մայր Աթոռի վեհարանն ու Հանդիսությունների սրահը, ուսանողները մեր կողմից պարգևատրումներ չպիտի ստանան, ու մի խոսքով՝ ոչ մի ծրագիր չպիտի իրականացնենք: Եթե նման մտածելակերպ ունեցողներ կան, իրենց խնդիրն է: Մենք այդպես չենք մտածում, մենք շարունակելու ենք մեր համեստ հնարավորություններով, ուժերի ներածին չափով օգտակար լինել մեր երկրին ու ժողովրդին, իսկ թե ով որտեղ ինչ աստառ է տեսնում, թողնենք առանց մեկնաբանության:

Այս նյութը դիտել են - 1722 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook