USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարցազրույց Արցախի հանրային հեռուստատեսությամբ
2017-04-04 13:08:00
Տպել Տպել

Բարեկամնե՛ր, դուք դիտում եք «Ողջույն Արցախ» նախագիծը, մեր հյուրն արդեն տաղավարում է, և ինչպես խոստացել էինք, մեր զրույցի թեման ապրիլյան պատերազմն ու սերունդների հայրենասիրական դաստիարակությունը կլինի:
Զրուցենք քաղաք Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան հ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակավոր ուսուցչուհի Նատաշա Պողոսյանի հետ:
Նախ` շնորհակալություն, որ ինձ հրավիրել եք այստեղ: Երևի արցախյան նահատակների հիշատակը դավաճանած կլինեի, եթե չընդառաջեի ձեզ և չընդունեի այս հրավերը: Նաև ոգի կա, որ ինձ կանչել, բերել է այս տաղավարը: Եվ այդ ոգին այս կարճ, սուղ ժամանակում ինձ հնարավորություն կտա, որպեսզի մի փոքր ներկայացնեմ այն, ինչ կպարունակեն ձեր հարցերը:
1 Տիկի՛ն Պողոսյան, 1996 թ.-ից աշխատում եք դպրոցում, կրթում, դաստիարակում եք մատաղ սերնդին: Այժմ ինչպիսի՞ սերունդ է 21-րդ դարում մեծանում հատկապես Մարտակերտում:
Եթե ասելու լինեմ` այս հող ու ջրին կառչած սերունդ է մեծանում, կարծես նորություն ասած չեմ լինի: Ես համոզված եմ, որ աշխարհ կփոխի այս սերունդը, նաև հավատում եմ, որ կկարողանա արցախյան հիմնահարց լուծել իր դերակատարությամբ:
Ի՞նչ սերունդ է մեծանում: Դա այն սերունդն է, ով բարձրաձայնում է իր կարծիքը, ազատ իր տեսակետն է արտահայտում: Այդ սերունդն է, որ ուզում է աջակից լինել զինվորին, երազում` բժշկուհի դառնալ: Ու պատահական չի ընտրում այդ մասնագիտությունը, քանզի ուզում է վտանգի պահին սպիտակի հետ զինվորական համազգեստ կրել, նա ուզում է իրականություն դառնա վաղեմի երազանքը, որպեսզի լինի վիրավոր զինվորի կողքին ու փրկի նրա կյանքը: Սա իրականություն է, քանի որ այդ նույն աշակերտուհին այս օրերին սովորում է Երևանի բժշկական համալսարանում, և ես համոզված եմ, որ նա ճշմարտություն է արտահայտել:
Մենք ունենք սերունդ, որ այսօր քմծիծաղով է տեղեկանում «քաղքենի» աշխարհի խնդիրներին ու ձգտումներին, երբ սահմանին այնքան մոտ է ապրում: Նա ավելին է տեսնում, քան աշխարհի շատ մարդիկ: Եվ նա չի ամաչում, երբ մի ներքին մղում նրան ստիպում է սիրել զենքը` որպես ինքնապաշտպանության միջոց: Եվ նրա համար աշխարհի ամենալավ տարածքն այն խրամատն է, որը պաշտպանում է հայ զինվորը:
2. Տիկի՛ն Նատաշա, այդ ամենը ասում էին նրանք մինչ ապրիլյա՞ն պատերազմը, թե՞ այդ դեպքերից հետո: Արդյո՞ք Դուք սպասում էիք, որ նրանք այդպիսի անձնուրաց նվիրումով կնետվեին մարտերի, նույնիսկ Ձեր երբեմնի այն աշակերտները, ովքեր այսօր զինվորական համազգեստով են:
Այս մտքերն արտահայտում էին դեռ ապրիլից առաջ: Ես սպասում էի անձնուրաց նվիրումի, որովհետև իմ առջև նստած աշակերտուհին երկու տարի է` ինչ ասում է, որ ինքը ուզում է դառնա դիպուկահարուհի, լինի զինվորի կողքին: Ապրիլյան օրերին նա աղաչել է հորը, որ իր հետ տանի դիրքեր, բայց հայրը չի համաձայնվել: Ես համոզված էի, որ մեր սերունդը պիտի ցույց տար անձնվիրություն, բայց իրենք առավելագույնը ցույց տվին, շատ ավելին, քան մենք էինք սպասում:
3. Խոսենք այդ օրերին երեխաների հոգեվիճակի մասին դեպքերից մեկ տարի անց: Ի՞նչ ազդեցություն ունեցան նրանց վրա ապրիլյան իրադարձությունները:
Այս սերունդը միանգամից հասունացավ … 6-րդ դասարանցին ասում է` երբ այն օրերին Մարտակերտում դպրոց չէի հաճախում, դադարել էի գոյություն ունենալուց: Ես աշակերտներին հարցնում եմ, այսօր էլ հացրել եմ, որ եթե Աստված չարասցե, մի նոր ապրիլ լինի, նորի՞ց կվերադառնան Մարտակերտ: Միանշանակ «այո՛» եմ լսել տարբեր դասարաններում:
Դրա ապացույցը «Վերջին զանգն» էր, որ եկան նորից:
Այո՛, նրանք «Վերջին զանգի» միջոցառմանը հավաքվեցին: Կարոտով եկան` իրենց հայրենի հողի նկատմամբ, իրենց ծննդավայրի, հարազատների, իրենց օջախի, դպրոցի, ուսուցիչների նկատմամբ ունեցած մեծ սիրով: Նաև ասեմ, որ աշակերտը զարմացնում է մեզ, ասում է` ենթադրենք Ֆրանսիայում կամ մեկ ուրիշ երկրում է ապրում, այնտեղ լավագույն կառույցներ կան, գեղեցիկ այգիներ, նրանց արվեստի գործերից` հրաշալի արձաններ, բայց ինչպե՞ս կարող է ապրել այնտեղ, երբ իր պապը այնտեղ ծառ չի տնկել, պատ չի շարել, երբ բոլորն անծանոթ են իրեն: Եվ սա իրականություն է, ունենք արձանագրված հաջողություններ: Անցած ուսումնական տարվա ընթացքում հայրենասիրական թեմայով տարբեր շարադրությունների մրցույթում մեր դպրոցականներն առաջին տեղեր ունեցան:
Մեկ աշակերտուհու շարադրություն` «Գաղափարի զինվորն անպարտելի է» վերնագրով, առաջին տեղ գրավեց ԼՂ հանրապետական մրցույթում: Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթում երկու աշակերտուհու շարադրություն առաջնային համարվեց «Հավատ, հայրենիք, բանակ» վերնագրով, և «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով Երևանում կազմակերպված համահայկական շարադրությունների մրցույթում նույնպես առաջին տեղ ունեցանք: Ֆիլմ նկարահանվեց, որտեղ մեր աշակերտուհուն էլ հրավիրեցին նկարահանման:

Այս թեմայի տակ ես ազատ արտահայտվում եմ, ասում եմ մտքեր, որ վերացական չեն, սա իրականություն է, եթե որևէ խոսք ասում եմ, ուրեմն նաև այդտեղ տեսնում եմ իմ առջև նստած դեռահասին, ով նման կարծիք է արտահայտել: Ես մտել եմ դասարան, աշակերտուհու ծննդյան օր է, նա երգելու շնորհ ունի, հայրենասիրական երգեր հնչեցրեց արցունքոտված աչքերով, երբ սահմանից եկող կրակահերթերի արձագանքները մեզ էին հասնում: Այդ պահին սպասում ես առավել վատթարին, բայց նա երգում էր, մյուսները ձայնակցում էին նրան, մենք էլ հուզվել, արտասվում էինք: Այս սերունդը, ով սահմանից եկող հրետանային կրակոցների արձագանքների տակ երգել գիտի, ընդունակ է ամեն մի զոհողության:
Օրինակներ շատ կան…Ծնողները երեխաներին տարել են գյուղ, բայց 10-րդ դասարանում սովորող մեր աշակերտը եկել է Մարտակերտ, հագել հոր զինվորական համազգեստը, գնացել զորամաս, օգնել հորը` կամավորագրված ազատամարտիկներին զենք մատակարարելու գործում: Ապրիլյան դեպքերից հետո նա համոզված ասում է, որ ինքը զինվորական կդառնա: Այսօր նա ինձ ասում է, որ օրեր է հաշվում, որպեսզի գնա զինվորական ծառայության: Աղջիկները ավելացնում են, որ առաջներում տղաներին բանակ էին տանում, հիմա իրենք են ուզում կամավոր գնալ: Այդ օրերին մեր դպրոցականները, ովքեր երգելու շնորհ ունեն, տեսահոլովակներ են ձևավորել, ներկայացել իրենց երգերով: Ապրիլյան օրերի ծնունդ էր մեր շրջանավարտի «Երդում» երգը, որն այս օրերին մեկ միլիոն երեք հարյուր հազարից ավելի դիտում ունի:
4. Տիկի՛ն Նատաշա, հիմա՞ էլ հուզվում եք, երբ խոսում եք ձեր աշակերտների ձեռքբերումների մասին: Կարող ենք ասել, որ այս սերունդը հայկական գենի անմահության վկայությունն է: Ձեր բազմամյա փորձից ենք ասում, որ սկսվում է 96-ից, երկու պատերազմ եք հասցրել տեսնել, երկու սերնդի հետ աշխատել եք, Ձեր դասավանդման տարիներին երևի ունեցել եք ծնողակորույս աշակերտներ: Նաև ապրիլը թարմացրեց մեր վերքերը… Ինչպե՞ս եք հաղթահարում այս ցավը:
Դա շատ ծանր թեմա է…Ես սովորել եմ` չամաչել արտասվելուց: Աշակերտը ինձ լացացնում է: Պատկերացրե՛ք իմ վիճակը… Այս վերջերս` փետրվարի 8-ին, սահմանում զոհված Գեղամ Մանուկյանի աղջկան, ով սովորում է իմ դասղեկական 7-րդ ա դասարանում, տանում էի զոհված հայրիկի մոտ` խրախուսելով, որ նա միայն վիրավորված է: Ես դասավանդել եմ Գեղամին, նա եղել է մեր դպրոցի շրջանավարտը... Ինչպե՞ս չհուզվել, երբ դեպքից մեկ ամիս անց` Մարտի 8-ին, նրա դստեր` ինձ նվիրած ծաղիկների մեջ Գեղամի արտացոլանքն էի տեսնում: Ես դասավանդում եմ «Խուդոյ» մականվամբ ազատամարտիկ Դավիթ Պետրոսյանի որդուն, նրա հայրը դժբախտ պատահարի զոհ է դարձել, բայց մարտական երկար նվիրական ճանապարհ է անցել: Ամեն տարի նրա ծննդյան օրը նշում եմ: Ինչպիսի՞ն կլինի իմ վիճակը, երբ ազատամարտիկի որդու համար ես մեծատառով մարդ եմ և այնքան եմ մեծարել իր հայրիկին, որ նրան թվում է` նա վերադառնալու է: Ես ինչպիսի՞ն կլինեմ, երբ նրա հայրիկի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ բեմում արտասվել եմ, ինձ հետ` մի ամբողջ դահլիճ: Մենք ապրում ենք մի այնպիսի բնակավայրում, որ ամեն օր սպասելի է վատթարագույնը: Մենք գիտենք մեր թշնամու կեղտոտ ձեռագիրը` հարձակվել կեսգիշերին, այն էլ` հանկարծակի: Դա զարմանալի չէ, մենք պիտի սովորենք, հարմարվենք մեր ապրելակերպին: Թոռնիկ ունեմ ութ տարեկան, ով Մարտակերտի հրետակոծության օրերին ինձ խրախուսում էր, որ չվախենամ, այդ մերոնք են…Այդ սերունդն է այսօր մեծանում մեր կողքին:
5. Շնորհակալություն, տիկի՛ն Նատաշա, մենք ընտրել ենք մի այնպիսի թեմա, որն անսպառ է, երկար զրուցելու ժամանակ այս պահին մենք չունենք: Ի դեպ, բարեկամնե՛ր, ձեզ հիշեցնենք, որ տիկին Պողոսյանը մի շարք հոդվածների հեղինակ է, և հատկապես ապրիլյան օրերին հանդես էր գալիս իր հոդվածներով, և աշխարհի տարբեր մարդիկ տեղեկանում էին, թե ինչ իրադարձություններ էին տեղի ունենում Մարտակերտում:
Եթե կարելի է, մի երկու նախադասությամբ լրացնեմ…Դա մանկավարժի օրագիր է, որ ես ամեն օր գրում եմ: Դրանք հիմնականում տեղադրվում են Լոս Անջելեսի ամերիկյան usarmenianews.com հայկական լրատվական կայքում: Փորձում եմ, առիիթից օգտվելով, շնորհակալություն հայտնել խմբագիր Գայանե Մանուկյանին, կայքի լավագույն աշխատող Արմեն Ալխասյանին, ովքեր առանց մի որևէ խոսքի իմ նյութերը տեղադրում են այնտեղ: Այս օրերին այդ նյութերը հանձնված են կրթության և գիտության նախարարությանը: Մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոցենտ Լուսինե Ղարախանյանի խմբագրական ուղղորդող աշխատանքի արդյունքում այդ գիրքը կհրատարակվի: Ուղղակի չգիտենք, մի քիչ պրոբլեմներ ունենք` ֆինանսի հետ կապված, տեսնենք` ինչպես է ստացվում:
Շնորհակալություն Ձեզ…Ցավոք, մեր ժամանակը շատ սուղ է, նորից հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը:
Հարցազրույցը վարողներ` Հունան Թադևոսյան, Անի Մանգասարյան

Այս նյութը դիտել են - 4358 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook