USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թրամփի Ամերիկան. Կանայք ընդդեմ Թրամփի ու Պուտինի հույսերը Hayeli
2017-01-22 22:18:00
Տպել Տպել

Մենք կհզորացնենք հին դաշինքները և կկազմենք նոր դաշինքներ

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնելով պաշտոնը, որից հետո նա հանդես եկավ ելույթով, որում նա նշեց, որ` մարտահրավերների առջև կկանգնեն, դժվարություններ կհաղթահարեն. «Այսօր մենք ոչ միայն մի վարչակարգից մյուսը, կամ մի կուսակցությունից մյուսն ենք փոխանցում իշխանությունը, այլ նաև իշխանությունը տեղափոխում ենք Վաշինգթոնի և վերադարձնում ենք այն ձեզ՝ ամերիկյան ժողովրդին: Շատ երկար ժամանակ մեր պետության մայրաքաղաքում մարդկանց փոքրաթիվ մի խումբ քաղել է կառավարության պարգևներ, մինչ ժողովուրդը հոգացել է ծախսերի մասին: Վաշինգտոնը ծաղկել է, բայց մարդիկ չեն օգտվել այդ հարստությունից: Քաղաքական գործիչները բարգավաճել են, բայց աշխատատեղերը թափուր են մնացել, գործարարներն էլ փակվել են: Էսթաբլիշմենթը պաշտպանել է իրեն, բայց ոչ մեր երկրի քաղաքացիներին: Նրանց հաղթանակները ձեր հաղթանակները չեն եղել, նրանց նվաճումները ձեր նվաճումները չեն եղել, և մինչ նրանք տոնում էին մեր երկրի մայրաքաղաքում, ողջ երկրով մեկ գոյատևման համար պայքարող ընտանիքները տոնելու քիչ բան ունեին: Այդ ամենը կփոխվի՝ հենց այստեղ և հենց հիմա, որովհետև այս պահը ձեր պահն է, այն ձեզ է պատկանում: Այն պատկանում է այստեղ հավաքվածներին և բոլոր այն մարդկանց, որ դիտում են սա ողջ Ամերիկայով մեկ: Սա ձեր օրն է, սա ձեր տոնն է: Եվ սա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ձեր երկիրն է»:

Այնուհետև Թրամփը հավելեց. «Մենք տրիլիոններ ենք վատնել արտասահմանում, երբ Ամերիկայի ենթակառուցվածքները շարքից դուրս էին գալիս և ժանգոտում: Մենք այլ երկրները դարձրել ենք հարուստ, երբ հարստությունը, հզորությունը, վստահությունը մեր երկրի հանդեպ հորիզոնից անհետացել է: Մեկը մյուսի հետևից փակվել են գործարաններ, տնտեսությունը տեղափոխվել է այլ երկրներ, և չեն մտածել լուսանցք մղված միլիոնավոր ամերիկացի բանվորների մասին: Միջին դասի հարստությունը թալանվել է, դուրս է հանվել և բաժանվել ամբողջ աշխարհով մեկ: Բայց սա այլևս անցյալ է, հիմա մենք դեպի ապագա ենք նայում:

Այս պահից սկսյալ այս երկիրը ղեկավարվելու է նոր տեսլականով: Այս պահից սկսյալ կլինի «Նախ Ամերիկան»: Ցանկացած որոշում, որն առնչվելու է առևտրի, հարկերի, ներգաղթի, արտաքին հարաբերությունների հարցերին, ընդունվելու է հանուն ամերիկացի բանվորների և ամերիկացիների ընտանիքների: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր սահմանները ավերիչ ազդեցությունից, որը գործում են մեր ապրանքն իրենց մոտ արտադրող օտար երկրները, քանի որ այդ արտադրանքի ներմուծումը ավերում է մեր տնտեսությունը, գողանում է մեր աշխատատեղերը: Այդ պաշտպանությունը կհանգեցնի հզորացման և բարգավաճման: Ես իմ ամբողջ կարողությամբ պայքարելու եմ ձեր համար, ես ձեզ երբեք փորձանքի մեջ չեմ թողնի, չեմ լքի: Ամերիկան կսկսի նորից հաղթել, տանել այնպիսի հաղթանակներ, որոնք երբևէ չեն եղել: Մենք կվերադարձնենք մեր աշխատատեղերը, մենք հետ կբերենք մեր սահմանները, մենք հետ կբերենք մեր հարստությունը: Մենք կկառուցենք նոր ճանապարհներ, նոր կամուրջներ, նոր օդակայաններ, թունելներ, երկաթուղի այս հրաշալի ազգի համար: Մենք մեր մարդկանց կազատենք սոցիալական նպաստների ճիրաններից և կվերադարձնենք աշխատանքի՝ վերակառուցելու մեր երկիրը ամերիկացիների ձեռքերով և ամերիկացիների աշխատանքով: Մենք հետևելու ենք երկու պարզ օրենքի՝ գնիր ամերիկյանը և աշխատանք տուր ամերիկացուն: Մենք բարեկամության կձգտենք աշխարհի ազգերի հետ, բայց դա կանենք, գիտակցելով, որ ցանկացած ազգ ունի նախևառաջ իր շահը հետապնդելու իրավունք: Մենք չենք ուզում մեր ապրելակերպը պարտադրել ուրիշներին, փոխարենը մենք ուզում ենք, որ այն փայլի և դառնա ուրիշների համար օրինակ: Մենք կհզորացնենք հին դաշինքները և կկազմենք նոր դաշինքներ և կմիավորենք քաղաքակիրթ աշխարհն ընդդեմ արմատական իսլամական ահաբեկչության: Մենք ահաբեկչությունն ամբողջությամբ կջնջենք երկրի երեսից»:

«Կանանց երթեր» ընդդեմ Թրամփի` ամբողջ աշխարհում

Հունվարի 21-ին Վաշինգտոնում և աշխարհի տարբեր քաղաքներում հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել «Կանանց երթի»՝ իրենց բողոքը հայտնելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփի դեմ։

Վաշինգտոնում բողոքի ակցիայի մասնակիցները կրում էին բաց վարդագույն գլխարկներ։ «Կանանց երթի» մասնակիցներից մեկը հայտարարել է, որ փողոց է դուրս եկել մինչը 500,000 ցուցարար, թեև ցուցարարների իրական թվի մասին անկախ աղբյուրներից տվյալներ առայժմ չկան։

Երթը ընթացել է ոստիկանության և անվտանգության ծառայությունների ուղեկցությամբ և ընդհուպ մոտեցել Սպիտակ տանը հարող տարածքին, սակայն ոստիկանները մետաղե արգելապատնեշների միջոցով կասեցրել են հետագա առաջխաղացումը մինչև նախագահական նստավայր։

Ի՞նչ սպասել նախագահ Թրամփից

Ռուս-ամերիկյան հարաբերություններում հնարավոր փոփոխություններին են անդրադարձել նաև ռուսաստանյան փորձագետները: «Կարնեգի»-ի մոսկովյան կենտրոնի ղեկավար Դմիտրի Տրենինի կարծիքով, ԱՄՆ-ի նոր վարչակազմը միջազգային հարաբերություններում առաջնորդվելու է ազգային շահերով, այլ ոչ թե գաղափարախոսությամբ: «Սա ԱՄՆ-ի կառավարության որակապես այլ կազմ է, համեմատած վերջին երկու տասնամյակներում եղածների հետ: Այս մարդիկ, իմ կարծիքով, ելնում են շահերի բավականին պարզ սկզբունքներից, այլ ոչ թե գաղափարախոսական, հայեցակարգային մոտեցումներից»:

Միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովն էլ նշել է՝ «Այնտեղ, որտեղ մենք կարող ենք տարանջատել մեր շահերը՝ հակասությունների մեջ չմտնելով, մեզ համար ավելի հեշտ կլինի: Իսկ այնտեղ, որտեղ հակասություններ կառաջանան, նրանք զիջումների չեն գնա, այլ շատ կոշտ կերպով կպաշտպանեն իրենց դիրքորոշումները, ընդ որում՝ ուժի դիրքերից»:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարերին են անդրադարձել նաև եվրոպացի գործիչները: Մասնավորապես, Գերմանիայի կառավարությունում ռուս-գերմանական միջհամայնքային համագործակցության համակարգող, խորհրդարանի պատգամավոր Գերնոտ Էրլերը գերմանական մամուլում հրապարակված մի հարցազրույցում ասել է, թե Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն մուտք գործելով հնարավորություն է ստեղծվում՝ լիցքաթափել հարաբերությունները Մոսկվայի և Վաշինգտոնի միջև:

Նա նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցության ընդհանուր եզրեր գտնել ահաբեկչության՝ մասնավորապես, Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Միաժամանակ, Էրլերն ընդգծել է՝ Թրամփի հայտարարությունը միջուկային զինանոցի կրճատման դեպքում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման մասին, խնդրահարույց է: «Դա կլինի բիզնեսի և քաղաքականության շատ վիճելի խառնուրդ»,- ասել է գերմանացի խորհրդարանականը, հավելելով՝ դրանով Թրամփը հարցականի տակ կդնի կոնսենսուսն այն պնդման շուրջ, որ պատժամիջոցները Ուկրաինայում Ռուսաստանի կատարած գործողությունների պատասխանն են:

Թրամփն ու ռուսական մաֆիան

Anonymous ցանցահենների միջազգային խմբավորումն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին սպառնացել է, որ նա «կզղջա առաջիկա 4 տարիների համար»։ Anonymous-ը հայտարարել է, որ Թրամփը կապված է եղել կազմակերպված հանցավոր ռուսական խմբավորումների ներկայացուցիչների հետ և սպառնացել է տվյալներ հրապարակել։

«Դոնալդ Թրա՛մփ , դու անձամբ և ֆինանսապես կապված ես ռուսական մաֆիայի, երեխաների թրաֆիքինգի և անձանց հետ, որոնք փողեր են լվանում»,-ասվում է ցանցահենների հայտարարության մեջ, որը մեջբերում է Huffington Post-ը։ Խմբավորումը նաև ակնարկել է, որ իրեն քիչ է հուզում Դեմոկրատական կուսակցության հայտարարությունները Թրամփի մասին, քանի որ միլիարդատերը «ներգրավված է շատ ավելի լուրջ գործերի մեջ»։ Anonymous-ը չի հստակեցնում՝ ինչի մասին է խոսքը։ Թերթի փոխանցմամբ՝ ցանցահենները հրապարակել են նաև Թրամփի անձնական հեռախոսահամարը և սոցիալական ապահովագրության քարտի համար։

Մոսկվան անհամբերությամբ սպասում է Թրամփի հետ հանդիպմանը

Թրամփի պաշտոնի ստանձնումից հետո թիվ մեկ ինտրիգը շարունակում են մնալ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները: Մոսկվան չի թաքցնում որոշակի դրական հույսեր` Թրամփի ընտրությունից: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը. «ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսություն հաստատելու համար Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը»: Որպես ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդհանուր դաշտ, նա նշել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը. «Այս տարի միջազգային շատ հարցեր կախված կլինեն այն բանից, թե ինչ ընթացք կստանան մեր երկրների հարաբերությունները Արևմուտքի առանցքային երկրների և իհարկե ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ: Հույս ունենք, որ մեր գործընկերները կհրաժարվեն միջազգային օրակարգի առանցքային հարցերի նկատմամբ միակողմանի մոտեցումներից»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, արդեն իսկ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական BBC-ի հետ հարցազրույցում` հավելելով. «ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման կազմակերպումը կտևի ամիսներ, այլ ոչ թե շաբաթներ՝ հավելել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ ռուսական կողմում նման հանդիպման պատրաստակամություն կա։ Նա նաև հավելել է, որ ներկա պահին հստակություն չկա հնարավոր հանդիպման անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն, չի բացառել, որ այդ թեման կարող է բարձրացվել երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցի ժամանակ։

Իսկ մինչ կկայանա սպասված հանդիպումը` Ռուսաստանում Թրամփի պատվին արծաթե մետաղադրամներ են ի հայտ եկել, որոնց վրա սխալ է հայտնաբերվել։ Երեսամասում սխալ չկա, սակայն հակառակ կողմում սխալ է գտնվել ԱՄՆ-ի անվանման մեջ Հատված մետաղադրամի վրա սխալը նկատել են համացանցի օգտատերերը։ AMERICA –ն գրված է ոչ թե С, այլ K տառով։ Սահմանափակ շարքը նվիրված է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Արծաթե 25 նմուշներից յուրաքանչյուրն ունի եզակի համար։ «01» համարի մետաղադրամը ծրագրվում է փոխանցել Դոնալդ Թրամփին։ Մետաղադրամներն ունեն 12 սմ տրամագիծ, 1 կգ քաշ, պատրաստված են 925 հարգի արծաթից։ Դրանց երեսամասում նոր նախագահի խորաքանդակն է, մյուս կողմում՝ Ազատության արձանը՝ ԱՄՆ պետական դրոշի ֆոնին։ Շարքում առկա է նաև արծաթի և ոսկու համադրությամբ 15 և ոսկե 5 մետաղադրամ։

Մետաքսյա Շալունց

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1472 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook