USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԻՑ ՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2016-12-22 09:21:00
Տպել Տպել

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ:

                                                 ***

Նախագահի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ գործարարների ընդունելության ժամանակ

 Սիրելի՛ բարեկամներ,Սրտանց ողջունում եմ ձեզ և բարի գալուստ մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր: Տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն մենք հանդիպում ենք տարեվերջին, որպեսզի հրաժեշտ տանք անցնող տարուն, ամփոփենք եղածն ու արածը և նախանշենք ապագայի անելիքները:

Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են: Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ և նոր ծառայություններ:
Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը: Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: 
Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը: Գալիք տարվա և ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության և ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ:
Անշուշտ, վստահությունը չափելի միավորներ չունի: Այնուամենայնիվ, բոլորս մեր առօրյայից անգամ գիտենք, որ առանց վստահության որևէ նոր գործ իրականություն դառնալ չի կարող: Այն իրագործելու համար անհրաժեշտ է բազմաթիվ անհատների և կազմակերպությունների համատեղ ջանք: 
Մեր կառավարությունը հնարավորություն է ընձեռում բոլորիս արդյունավետ համագործակցության նոր հիմքեր դնել՝ հանուն մեր ապագա զարգացման: Այս առումով ես ակնկալում եմ, որ կառավարությունը մատուցելու է որակյալ ծառայություն՝ լինելով ձեր վստահելի գործընկերը:
Վերջին տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ էապես փոխվել է Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրը: Այդ աշխատանքի արդյունքում փոխվել են տնտեսական աճ ապահովող գործոնները: Սակայն, պետք է նշեմ, որ որոշ արտաքին մարտահրավերներ ի հայտ են եկել և զարգացել են շատ ավելի արագ, քան մենք հասցրել ենք դրանց հարմարվել: 
Մի բան ակնհայտ է՝ մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում տնտեսական զարգացման նոր շեշտադրումների որդեգրումը:

Ռեսուրսների արտաքին ներհոսքի նվազման պայմաններում գերակա է դարձել արտահանման միջոցով տնտեսական աճի խթանումը: Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են արտահանմանն ուղղված քաղաքականության նախաձեռնմամբ: 

2015-2016թթ-ի արդեն եղած տվյալներից կարելի է եզրակացնել, որ տնտեսությունն ունի որոշակի ներուժ՝ այդ ուղղությամբ զարգանալու համար: Արտահանման և ներմուծման հարաբերակցության 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները թույլ են տալիս պնդելու, որ արտահանումը պետք է լինի այն շարժիչ ուժը, որ կապահովի հետագա արագընթաց տնտեսական աճը:
Այս ուղղությամբ, սակայն, հարկ է աշխատել, և չապավինել միայն պետության ռեսուրսներին: Կարևորագույն խնդիր է մասնավոր հատվածի ներուժի ամբողջական բացահայտումը՝ կառավարության կողմից որդեգրված պետականի և մասնավորի գործակցության բոլոր հնարավոր ձևաչափերի օգտագործմամբ:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն դյուրացրեց ապրանքների և ծառայությունների շարժն ավելի քան 180 մլն բնակիչ ունեցող շուկայում: Սակայն, չնայած ակնհայտ առաջընթացին, մենք դեռևս շատ անելիք ունենք Հայաստանի արտահանման ներուժն ամբողջովին օգտագործելու համար: 
Մեր գործարարներն ու պետական մարմինները միասին՝ ձեռք ձեռքի տված՝ կարող են լուծումներ գտնել մեր առջև ծառացած խնդիրների համար: Այստեղ ոչ միայն մեր պաշտոնյաների նախանձախնդիր և հետևողական վարքն է անհրաժեշտ, այլ նաև գործարարի ստեղծագործական միտքը: Մենք միասին պետք է առաջ քաշենք նոր գաղափարներ, իրականացնենք նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորենք այդ նոր շուկաները: Այստեղ, երևի, ամենաընդունելին է «ագրեսիվ» բառի օգտագործումը՝ ուրիշ տեղ ագրեսիվությունն օգուտ չի տալիս:

Օրինակ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն ձևավորված դեղամիջոցների միասնական շուկան լայն հնարավորություն է ստեղծում այդ ոլորտի հայկական ձեռնարկությունների՝ հատկապես Պատշաճ արտադրական պրակտիկա ունեցողների համար: Այժմ հարկավոր է, որ մեր արտադրողները խիստ առարկայական, հստակ խնդիրներ բարձրացնեն մեր կառավարության համապատասխան օղակների առջև, որպեսզի վերջիններս էլ աջակցեն հայկական արտադրանքի առաջխաղացմանն այդ ընդհանուր շուկայում:
Ասածս կարևոր է ոչ միայն այս ապրանքատեսակի և այս շուկայի համար: Նմանատիպ հեռանկարները և հնարավորությունները բազմաթիվ են, ընդ որում, ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև այլ տարածաշրջաններում: 
Մեր առաջնահերթ խնդիրն է ամրապնդել կառավարության և գործարար համայնքի փոխվստահությունը՝ նպաստելով մեր հայրենիքի զարգացմանը: Ես շատ լավ գիտեմ, որ ձեզնից ոչ մեկը բաց ու շիտակ խոսակցությունից խուսափողը չէ: Վստահ եղեք, որ ի դեմս կառավարության դուք կգտնեք արժանի զրուցակից: 
Հարկ է միասնական ջանքերի համադրմամբ նոր հեռանկարներ բացել մեր երկրի համար: Վստահ եմ, որ գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու: Ես ինքս լավատես եմ և ակնկալում եմ, որ դուք էլ լավատեսությամբ տոգորված աշխատելու եք հանուն մեր ընդհանուր ապագայի:

Հարգելի՛ գործընկերներ,
Խոսքս ամփոփելով՝ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ: Առաջին հերթին բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն: Ձեր ընտանիքներին մաղթում եմ արևշատություն և խաղաղություն: Ձեր ձեռնարկներին մաղթում եմ հաջողություն, ձեր կազմակերպություններին՝ համերաշխություն և, որ շատ կարևոր է, կայուն շահութաբերություն:
Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը մեր ընդհանուրի հաջողությունն է:
Շնորհակալ եմ և սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա կապակցությամբ: 

Այս նյութը դիտել են - 1070 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook