USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գորիսում հավերժացվեց հայ ժողովրդի մեծանուն զավակ Շահան Նաթալիի հիշատակը
2016-09-02 01:33:00
Տպել Տպել

Սեպտեմբերի 1-ին Գորիսի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում, ուսանողների, հյուրերի, Գորիս քաղաքի բնակիչների մասնակցությամբ ու հանդիսավոր արարողությամբ, բացվեց Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյանի հուշարձանը):

Մեծ հայի հիշատակը հավերժացնելու նախաձեռնողը եւ աշխատանքների հովանավորն ու կազմակերպիչը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էր:

Մոտ չորս տարի առաջ հղացած այս գաղափարը իրականացնողը մեր հայրենակից, երիտասարդ քանդակագործ Նարեկ Օրդյանն է, ով հանրությանը հայտնի է Սուրբ Գրիգոր Տաթեւացու հուշակոթողի պատրաստմամբ (2010թ. հոկտեմբերի 16, տեղադրված է Գորիս քաղաքի կենտրոնական հրապարակում): Նարեկ Օրդյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի բրոնզաձույլ արձանի քանդակագործն է նաեւ. արձանը 2015թ. ապրիլի 2-ին տեղադրվել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Արցախյան ազատամարտում նահատակված կապանցիների պանթեոնում:

Շահան Նաթալիի արձանը նույնպես բրոնզաձույլ է, այն, հիրավի, չքնաղ մի ստեղծագործություն է՝ դրված 1,8 մ բարձրության բազալտե պատվանդանի վրա:

Հուշակոթողի բացման պատիվը տրվեց քանդակագործին եւ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանին:

Շահան Նաթալիի կյանքի եւ գործունեության մասին ելույթներ ունեցան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը, Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը, «Ակսել Բակունց» հիմնադրամի նախագահ Սամվել Հարությունյանը:

Համալսարանի ուսանողուհի Սոնա Ալավերդյանն ընթերցեց հատված Շահան Նաթալիի «Նոր երգ երգոց» բանաստեղծությունից, որի մեջ արտացոլված էին հեղինակի էությունը, նպատակները, իր իսկ դավանած գաղափարների հիմնական ուղղությունները եւ պատգամը սերունդներին:

… Արեւմտյան Հայաստանի Խարբերդի շրջանի Հուսենիկ գյուղում 1884թ. ծնված Հակոբ Տեր-Հակոբյանն ականատեսն էր Արեւմտյան Հայաստանում 1895-97թթ. համիդյան ջարդերի, որի ընթացքում զոհված մոտ 300 հազար հայերի մեջ էին նրա հայրը, մորեղբայրը եւ բազմաթիվ ազգականներ: Հոր դիակի վրա ողբացող մոր պատկերը՝ այդ օրերի սահմռկեցուցիչ մյուս տեսարանների հետ, ամբողջ կյանքում ուղեկցեցին նրան:

Երեխա հասակում որբացած եւ վրեժխնդիր լինելու վճիռ ընդունած Շահան Նաթալին իր անելիքների մեջ առավել հաստատուն դարձավ Մեծ եղեռնի սարսափների մասին ԱՄՆ-ում լսելուց հետո: Իսկ վճիռն այսպիսին էր՝ անպատիժ չթողնել ցեղասպաններին, եթե աշխարհը չցանկանա պատժել նրանց:

Եվ այդպես՝ Մեծ եղեռնի գլխավոր պատասխանատուներին պատուհասելու հարցը դարձավ նրա կյանքի ամբողջ նպատակն ու իմաստը:

Հենց նրա նախաձեռնությամբ կազմվեց մոտ 200 թուրք ճիվաղի սեւ ցուցակը, ովքեր էլ պատասխան տվեցին ու գետնվեցին հայոց վրիժառուների ձեռքով՝ սկսած գլխավոր հայակեր Թալեաթ, Ջեմալ, Էնվեր փաշաներից մինչեւ Հայոց ցեղասպանության գաղափարախոս Բեհաէդդին Շեքիր բեյ…

Երբ 1961-ին Նաթալին եկավ Հայաստան, Ծաղկաձորում հանդիպեց ճամբար դրած մի խումբ դպրոցականների: Նրանց մեջ էլ, բնականաբար, տեսավ հայության վաղվա օրը, նոր արեւածագը: Երեւի այդ իրողությունն էին հաշվի առել դրվատելի այս նախաձեռնության հեղինակները՝ Շահան Նաթալիի ոգեղեն վերադարձի ու ոգեկոչման վայր ընտրելով Գորիսի պետական համալսարանի բակը: Այդտեղով հարյուրավոր ուսանողներ կանցնեն ամեն օր եւ կամա թե ակամա կհաղորդվեն մեծ ու արժանապատիվ հայորդու, հայոց ազգային հերոսի վեհ կերպարին:

Եվ, այդուհանդերձ, հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես հղացավ Շահան Նաթալիի հիշատակը հավերժացնելու՝ տասնամյակներով ուշացած եւ սպասված գաղափարը: Այդ առիթով ահա թե ինչ ասաց Սուրեն Խաչատրյանը. «Շահան Նաթալին մահացավ 99 տարեկանում՝ 1983թ. ապրիլի 18-ին, Բոստոնում: Այնտեղ էլ հերոսի հոգնատանջ մարմինը հողին հանձնվեց: Բայց նրա կյանքն ու գործը գրեթե անհայտ մնացին հայ ժողովրդի լայն շրջանակներին, նրա հիշատակը չհարգվեց ու չհավերժացվեց ըստ պատշաճի: Մինչդեռ նա կատարեց այն, ինչ հրամայում էին 1,5 մլն նահատակ հայերի հոգիները, ինչը պարտավոր էին կատարել ողջերը: Շահան Նաթալին, առանց չափազանցության, հայոց Նեմեսիսն էր՝ հունական դիցաբանության մեջ հայտնի արդար բարկության աստվածը: Մենք պարտավոր էինք գոնե ուշացումով հավերժացնել նրա անմեռ հիշատակը եւ հավերժացրինք»:

Ասվածին հավելենք՝ Շահան Նաթալին թողել է նաեւ գրական հարուստ ժառանգություն, քանզի գրական շնորհներ, վերլուծական, քաղաքագիտական բացառիկ կարողություններ ուներ: Եկել է ժամանակը, որ այդ ամենն ամբողջացվի ու հրատարակվի, դրվի ընթերցողի սեղանին, ինչը կլինի նրա հիշատակի հավերժացման եւս մեկ ակնառու քայլ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

syuniacyerkir.am

Այս նյութը դիտել են - 3562 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook