USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԶՈՎԱՍՈՒՆ ԹԱՎ ԱՆՏԱՌԻ ՄԻ ՀԵՌԱՎՈՐ ՎԵՐՀՈՒՇ ...
2016-04-17 15:29:00
Տպել Տպել

«Անձրևից հետո» ժողովածուի մեջ ընդգրկված պատմվածքները մի նոր շուք են տալիս տաղանդավոր արձակագիր Լևոն Ադյանի ստեղծագործություններին: Այնպես նուրբ են հյուսված այս պատմվածքները, կարծես երազներ են, սա այն է, ինչ որ ճշմարտացիորեն Իսահակյանն է ասել Բակունցի ստեղծագործությունների մասին, որ այստեղ «կախարդորեն հալվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա և իրական ներկան դառնում է երազ»: Կարծես Բակունցի մթնաձորյան բնաշխարհի իրական կյանքին զուգահեռվում է գյուղական մի նոր աշխարհ, որտեղ Ադյան գրողի գրիչը նրբորեն պատկերում է իր հայրենի բնաշխարհի կուսական բնության գեղեցկությունը, մարդկային հոգու անաղարտ մաքրության կողքին ստեղծում է կերպարներ, որ երբեմն իրենց ներկայությամբ դառնություն են բերում անբիծ հոգիներին: 

«Զովասուն թավ անտառ էր, հուլիս», մի գեղեցիկ վերհուշ, մարդկային հոգու անփոխարինելի զգացողության և երջանկության գրավական մի նոր սեր, որը, հանգամանքներից ելնելով, փլուզվում է: Այստեղ Արտաշեսը տարիներ առաջ էր իր ծնողների հետ ընտանիքով գյուղից տեղափոխվել քաղաք, կարոտը հայրենի պապենական տան հանդեպ ծնվել էր տարիներ հետո, բայց գյուղական կյանքից կտրված երիտասարդը մոռացել էր իր խոստումները սիրած աղջկան: «Ու երբ Արփինեն հանկարծակի լսեց, որ Արտաշեսը գյուղ է եկել, սիրտն ասես միանգամից կանգ առավ, շնչելը դարձավ դժվար, թվաց ինչ-որ բան կտրվեց ներսում, երեսը սկսեց վառվել»: Արտաշեսի կերպարը տիպական դարձնելու, նրա էությունը մինչև վերջ բացահայտելու համար հեղինակը գործածել է շատ բնորոշ բառեր ու արտահայտություններ. «Թեթև փոշի բարձրացնելով` եկավ ու անցավ Արտաշեսի մեքենան…Արտաշեսը նստել էր հպարտ ու ինքնահավան, գլուխը բարձր, աջ ձեռքը ղեկի վրա էր, ձախը պահել էր քամու դեմ…»: Մեքենայի թողած փոշու ամպն իր բերած մշուշով գալիս է լրացնելու Արփինեի հոգուն համակած վիշտը. «Փոշու ամպն այդ հանդարտորեն հալվեց, մեղմ ու հուշիկ նստեց ճամփեզրի կանաչներին ու ճամփին, և այլևս ոչինչ չմնաց քիչ առաջվա փոշուց, որ նման էր հեռավոր մշուշի…»:

Խոր զգացմունքով է վերարտադրվում Արփինեի հոգու տխրությունը, նա հոգեբանական ծանր դրամա է ապրում, սիրո, երազի, կարոտի, դառնության, բաժանման հակադիր զգացումների արտահայտություն կա այստեղ. «Կար սերը` զորեղ ու քնքուշ, քաղցր ու կարոտամաշ, բայց այն կամաց-կամաց անցավ…Հետո սերը կար ու չկար, հետո այլևս չկար: Ինչու՞ անցավ, ինչու՞ ոչինչ չմնաց…» Անեզր վիշտ է ծնվում նրա հոգում, վարանոտ հայացք, խոր զգացմունքների հակադրություն: Եվ այդ զգացմունքների տարերային արթնացումն զգացնել է տալիս նրան, որ իսկական սերը երբեք չի մոռացվում, այն վերստին հառնում է` հիշեցնելու մի նոր տառապանք. «Ուրեմն կար սերը, մոխրի մեջ անթեղված կրակի պես մնացել էր ու հիմա նորից մխում էր …Ափսոս, հազար ափսոս, որ հնարավոր չէ կանգնեցնել ու ետ տալ ժամանակը, որպեսզի ուղղես սխալդ»:
Արփինեի մոտ հոգեբանական ճգնաժամն սկսվում է պատմվածքի սկզբում, երբ իմանում է, որ Արտաշեսը գյուղ է եկել, այն շարունակվում է ճաշի ժամանակ, առավել ուժեղանում է այդ ճգնաժամը անկողնում` ամուսնու կողքին, այն բարձրակետին է հասնում պատմվածքի վերջում, երբ Արտաշեսի կողմից անտարբերության է մատնվում: Իսկ այդ հոգու երկատվածությունը գրողի գրչով հրաշալիորեն պատկերվում է անգամ անցումային տարբեր իրավիճակներում. «…կաթի շիթերը, հանց արևի շողեր, կաքավում, ոստոստում էին դույլի մեջ, կաթը բարձրանում, փրփրում էր, փրփուրները պայթում էին»: Տասը տարուց ավելի Արտաշեսը գյուղ չէր եկել, պարզվում է` նա ուզում է պապենական տունը վերանորոգել, որ ամեն տարի ամռանը ընտանիքով գյուղում հանգստանան: «Դույլի մեջ թշշում էր կաթը»-ամեն ինչ ասված է այստեղ, Արփինեի հոգու փոթորիկը արտահայտվում է մի երկու բառով: Պատկերը շարունակվում է, հոգում տեղի ունեցած ալեկոծությունը ափերից դուրս է գալիս «Ասես հանցանքի մեջ` մեկը բռնեց Արփիկի ձեռքը, գդալը դողաց օդում, աննկատ նետեց ափսեի մեջ»: Անցյալի հուշը նրան հանգիստ չէր տալիս. «Ինչու՞ ես եկել, -մտովի ասում էր նրան,-ինչու՞ փախար այն ժամանակ…» Մուքելի` Արփինեի ամուսնու խոսքերում մի անցած կենսագրություն է բացահայտվում. «Նա Արտաշ էր, ես` Միքայել, հիմա նա Արտաշես է, ես` Մուքել:… 

Դպրոցում ինձ հետ նույն նստարանին էր նստում, գրավորներն ինձնից էր արտագրում, գնաց մարդ դառավ, որովհետև հետևին տեր ուներ, իսկ ես մնացի տավարած ու սիլոսի փոս լցնող»: Բայց ո՞ վ կարող էր հասկանալ Արփինեի հոգու ցավը, երբ նա այդքան տարիներ ապրել էր չսիրած տղամարդու կողքին: «Ամուսնու բաժակը թեյ լցնելիս Արփինեն նկատեց, որ կանաչ սիլոսի հոտ էր փչում նրանից: Այդ հոտն ուղղակի խեղդում էր, երբ նրանք մարել էին լույսը, մտել անկողին»: Գյուղական կյանքով ապրող այս մարդկանց միջև ծնվում է հակադրությունը, Արփինեի հոգեկան աշխարհում հակակրանքի զգացողությունն իր կյանքի անհրապույր կողմերն է բացահայտում, նա արդեն նկատում է, որ «Մուքելն անթրաշ էր, մազերը` կոշտ, անդուր, ծակծկում էին Արփինեի դեմքը, իսկ սիլոսի սուր հոտն անտանելի էր, ծանր»: Մի՞թե միայն Արտաշեսի մասին լսելուց հետո է առաջին անգամ նա զգում վանող տհաճությունն ամուսնու հանդեպ: Մի՞թե Արփինեի հոգեկան աշխարհում այդ զգացողությունն սկսվում է սիրո պակասից… 

Գյուղական կյանքի դժվարություններով ապրող այդ մարդկանց մոտ առկա է ողբերգությունը, բայց տարբեր են նրանց գիտակցման աստիճանները. «Արփինեն գոցել էր աչքերը, և Մուքելը չէր հասկանում, թե ինչու կնոջ ամբողջ մարմինը կարծես թե ոտից գլուխ դողում էր»: Սա հոգեբանական աղետ է ամուսնական կյանքում, և այդպես էլ Մուքելը ամեն անգամ անկողնում կնստի տեղաշորի մեջ, շփոթված կնայի Արփինեին ու ոչինչ չի հասկանա, թե ինչու ամեն անգամ, երբ փորձում է մոտենալ կնոջը, նա ավելի ուժեղ է գրկում բարձը և խուլ հեկեկում: Մի՞թե սա չէ ստեղծագործության հաջողվածությունը, երբ այսպես էլ Ադյան գրողի հերոսները` սքողած իրենց հոգու գեղեցկությունն ու ապրումները, տառապելով լուռ ու աննկատ, կշարունակեն ապրել իրենց կյանքով` կարողունակ ազդելու ընթերցողի տրամադրության և հուզաշխարհի վրա: Նորից անցյալի հուշերում երևում է Արտաշեսը…Նա կողքի թաղամասից էր, մինչև ութերորդ դասարան գյուղում էր սովորել, բայց հետագայում տեղափոխվել են քաղաք ու հազվադեպ էին գյուղ գալիս: Գիտեր նաև, որ նա համալսարանում էր սովորում:

Հայրենի գյուղ եկած տղան հաճախակի էր գնում հանդ, որտեղ աղջիկներն էին աշխատում: Բայց Արտաշեսի նկատմամբ սերն իր հոգում` նա ամենևին չէր մտածում հոգնելու մասին: Խոտն այդ դաշտում արդեն հավաքել էին, ուրիշ տեղամաս պիտի գնային, երբ նա եկավ. «Վաղը երևի գնամ,-ասաց Արտաշեսը:
-Դիպլոմայինս չեմ գրել դեռ, պիտի հասցնեմ»: Արփինեն ծնկներում թուլություն զգաց, սիրտը թպրտաց կրծքի տակ: Ինչպե՞ ս: Այդքան շու՞ տ: «Բա ե՞ս»,-անլսելի մրմնջաց նա: Հիմա ինքն ի՞նչ պիտի անի առանց Արտաշեսի: Ինչ-որ տեղ, հեռվում, կլկլացրեց լորը, և Արփինեի սիրտը ճմլվեց, նվաղեց: Նրան թվում էր` Արտաշեսն ամեն օր պիտի գար, ու ինքը գողունի պիտի նայեր նրան ու գիշերները լաց լիներ երջանկությունից»:
Դեպքերի զարգացման և գլխավոր կերպարի` Արփինեի հոգեվիճակի իրարամերժ փոփոխությունների պատկերման ընթացքում իրար են հաջորդում անցյալի ուրախ և պայծառ վերհուշն ու ներկայի տխուր պատկերները: Չնայած աղբյուրի տեղը տղան շատ լավ գիտեր, բայց Արփինեն տանում էր նրան աղբյուրը ցույց տալու: Գրողի գրիչը սիրո թրթիռներով լեցուն աղջկա գյուղական աշխարհի բանաստեղծական էությունն է մարմնավորում. «Եղնիկի պես թեթև ու գեղանի` Արփինեն հեզանազ գնում էր առջևից: Մտան անտառ, ուր ծառերը վերձիգ ելնում էին մինչև երկինք, երկնքի կապույտին քսվելով օրորվում: Ձայն ձայնի` գեղ-գեղ դայլայլում էին սոխակներն ու դեղձանիկները: Ինչ-որ տեղ` անտառի խորքում, ընդհատումներով կանչում էր կկուն: Անտառը խշշում էր տամուկ բույրերով, երկնահաս հաճարկենիներն ու զմրուխտյա մամռապատ հսկայական քարերը շրջանցելով, նրանք մի քիչ ևս առաջ անցան, ներքևում երևում էր արդեն Առաքելանց աղբյուրը»: Տարիներ անց Արփինեն նորից պիտի հիշեր, որ այդ օրը լցված էր բուրմունքով, տեսանելի էր սլացիկ ծառերի հանդարտ օրորը, լսվում էր հավքերի ուրախ ճռվողյունը, զգում էր Արտաշեսի այրող բառերն իր հրաբորբ շուրթերին. «Արփինեն, մեջքով սեղմված հաճարկենու բնին ու անկարող ընդդիմանալու զգացմունքների խելացնոր հորձանքին , դանդաղորեն սահեց ցած: 

Հետո ինչ էր կատարվում` Արփինեն չէր ըմբռնում, նա մեջքով զգում էր գետինը, փափուկ պաղ խաշամը, Արտաշեսն իր գրկում սեղմում էր նրան, իսկ նա, բերանն ազատելով նրա անհագուրդ շուրթերից , երբեմն առ երբեմն շշնջում էր տենդավառ. –Իսկ եթե չառնե՞ ս, Արտաշե՛ս: Իսկ եթե հանկարծ ինձ չառնե՞ ս…» Հեռավոր տապ ամռան օրերում մնաց մի հրաշալի օր, երազներով լեցուն մի վախվորած անհուսություն, որ այդ օրվանից փաթաթվեց նրան, և աղջկա տագնապալից օրերին ավելացավ մի լուռ հառաչանք, որ մնաց բոլորից անտես` թավուտներում թողնելով մի գեղեցիկ սիրո հուշ: Իսկ որտե՞ղ մնացին Արտաշեսի այն սիրաառատ խոսքերը. «Ես քեզ սիրում եմ, ես խենթորեն սիրում եմ քեզ, Արփինե՛: Ես քեզ կտանեմ քաղաք, կսովորես, ես քեզ այստեղ չեմ թողնի»: Տաս տարուց ավելի է` Արտաշեսը չէր եկել գյուղ, բայց ահա եկել էր` տակնուվրա անելու նրա սիրտը: Արփինեի խաղաղ հոգին վրդովվել էր, ինչու՞ տարիներ առաջ ազատություն տվեց իր զգացումներին աղբյուրը գնալու ճանապարհին: 

Գյուղական կյանքից հեռանալով` ինչու՞ Արտաշեսը մոռացավ իր խոստումները սիրած աղջկան, բայց արդյոք դա սե՞ր էր, երբ նա այդքան շուտ մոռացավ: «Արփինեի սիրտն արագ խփում էր, իսկ շուրթերը չորացել ու դողում էին», երբ տեսավ իրենց մոտեցող Արտաշեսին: Նա կարծես թե առաջվանն էր` «բարակիրան, սլացիկ, միայն քունքերն էին ճերմակել, և ալեխառն մազերն առաջվա պես անփութորեն թափված էին ճակատին»: Այո՛, ընթերցողն էլ սպասում է, որ նա կմոտենար Արփինեին, կսեղմեր նրա ձեռքը, և նա սևեռուն կնայեր Արտաշեսի աչքերին ու կհիշեր անցյալի մի գեղեցիկ հուշ: Աղջկա հոգում ծնված հարցումը տարիներ շարունակ նրան տանջել էր, նա ասես սպասել էր այսպիսի մի հանդիպման, գուցե կհարցներ նրան, թե ինչու՞ խաբեց իրեն ու հետ չվերադարձավ: Նա նկատեց Արփինեի վախվորած աղջկան, որին կոնֆետ տվեց: «Արտաշեսն իր վաղեմի լուսաշող ժպիտով ժպտաց Արփինեին: Այնպես, ինչպես ժպտաց այրի Հերսիկին, ինչպես ժպտաց Նանարին: «Մոռացե՞լ ես,-արտասուքները հազիվ զսպելով, ինքն իրեն դառնությամբ ասաց Արփինեն:
-Ամեն ինչ մոռացե՞լ ես »: Դեպքերի հետագա ընթացքը նոր խմորումներ պիտի ծնեին նրա հոգեկան աշխարհում: Նա լսում, տեսնում էր իր առաջին սիրո, տղամարդու մերձավորությունը կողքին, իսկ Արտաշեսի կողմից այդ օտարությունը պիտի փլուզեր նրա հոգին: «Արփինեն մնացել էր կանգնած պոմիդորի արխի մեջ` ցեխոտ փայտը ձեռքին: Արցունքներն արդեն անարգել սահում էին այտերն ի վար, իսկ կանայք չէին տեսնում, որովհետև նրանք հմայված նայում էին Արտաշեսին, կաթի նման սպիտակ «Վոլգային» ու երանի տալիս Արտաշեսի կնոջը...»: Կործանվում է երազների մի հիանալի աշխարհ, փլուզվում մաքուր սիրո բույլ պատրանքներ, սիրո հիշողության ու ներկայի մեջ կործանվում է Արփինեի հավատը: Անցած կյանքի սիրո տարերքը, ինչպես արթնացել, այնպես էլ մարում է նրա հոգում: Գուցե տարբե՞ր էր նրանց մոտ սիրո ըմբռնումը, հակադիր, ովքեր ժամանակին զգայական թրթիռներ են ունեցել միմյանց հանդեպ, բայց այն մոռացվել էր քաղաքում ապրող երիտասարդի մոտ: Հոգեկան խռովքը նրան հասցնում է զգայական ապրումների գագաթնակետին. «..Կանայք վազելով մոտեցան խմբվեցին. «Ի՞ նչ պատահեց, ախչի՛», …իսկ Արփինեն նստել էր արխերի մեջ` սածիլներն ու ցեխոտ փայտը ձեռքին, թուլացած, ուժասպառ, և լալիս էր»: Հայրենի տունը նորոգելու և ամռան տաք օրերին ընտանիքով գյուղում հանգստանալու մտադրությունը, հասկանալի է, որ Արտաշեսին հաճախակի կբերի գյուղ, ուրեմն խաթարվում է մի կյանք, որ այդ տարիներին հարմարվել էր իր ճակատագրին ու ապրում էր` հոգում անթեղած սիրո մի փոքրիկ հուշ: Մարդասեր գրողի լավատեսությամբ գրված ոչ ծավալուն, բայց ասելիքով հարուստ այս գողտրիկ պատմվածքը` գլխավոր հերոսուհու հոգեկան ծանր ապրումներով, նորից հիշեցնում է ընթերցողին, որ չնայած հոգեբանական ծանր դրամա է ապրում Արփինեն, բայց նրա հոգու ներքին տառապանքն ատելություն չի ծնում երիտասարդի հանդեպ:

Ադյան արձակագրի վարպետությունը նաև մի կերպարի շուրջը նոր կերպարներ ձևավորելու մեջ է, վերհուշը պատմվածքում ձեռք է բերում նաև կառուցվածքային տարրի արժեք, և այն դառնում է տրամադրությունների փոխանցման, ռիթմերի փոփոխության միջոց: Եվ զարմանալի չէ, որ Ադյանի` կարոտի, սպասման, հույսի ու հիասթափության նրբերանգներով հարուստ այս ոճի պատմվածքները սիրված են ընթերցողների կողմից:
ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախի վաստակավոր մանկավարժ, 

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1884 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook